Tert.am-ը գրում է.

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված հետաքննության շրջանակում ձերբակալված ժանդարմների թիվը հասել է 10-ի:

Ինչպես հայտնում է թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, օգոստոսի 12-ին հարցաքննության են կանչվել մեկ սպա, երկու ենթասպա, ապա այդ երեք ժանդարմներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուս երկուսը ազատ են արձակվել դատարանի հսկողության տակ մնալու պայմանով:

Կայքի տեղեկություններով՝ Դինքի գործով օգոստոսի 3-ին ձերբակալվել են Ստամբուլի ժանդարմերիայի աշխատակիցներ Աբդուլլահ Դինչը և Յավուզ Բոզջան, օգոստոսի 7-ին` Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակից Էրգին Յորուլմազը, օգոստոսի 9-ին` նախկին ենթասպա Էմրե Ջինգյոզը, օգոստոսի 10-ին` Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի աշխատակիցներ Վոլքան Շահինը, Շերեֆ Աթեշը, Օքան Շիմշեքը, Հուսեին Յըլմազը եւ Գազի Գյունայը: Վերջին ձերբակալության հետ միասին Դինքի գործով կալանքի տակ վերցված ժանդարմների թիվը հասել է 10-ի:

Demokrat Haber-ը մեջբերել է ուշագրավ մի դիտարկում ևս` նշելով, որ Դինքի սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից ոստիկան Օզքան Մումջուն հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ Դինքի սպանության նախապատրաստության մասին միայն ինքը` Հրանտ Դինքը տեղյակ չէր:

«Դինքի սպանությունը նախապատրաստվելու ժամանակ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MIT) և ժանդարմերիայի հետախուզական բաժինները դրա դեմ ոչինչ չեն արել»,-ասել էր նա:

CNNTurk լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակում ձեռք բերած հեռախոսային ձայնագրություններից պարզ էր դարձել, որ սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթին հետևել են թուրքական ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակիցներ:

Սպանության վայրում տեսախցիկների վերստուգումից բացահայտվել է ժանդարմերիայի մեկ կապիտանի և 5 ենթասպայի ինքնությունը, որոնցից մի քանիսը շարունակում են ծառայությունը, իսկ մի քանիսն էլ արդեն անցել են թոշակի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել