Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Սերժը այս անգամ էլ առանց ընտրակեղծարարության եւ իշխանական ռեսուրսի ապօրինի գործադրման չի կարող պահել իր ոչուփուչ իշխանությունը: Ուրեմն գործի է դրվելու ողջ ստոր զինանոցը: Ի՞նչ ունի դրան հակադրելու քաղաքացիական հասարակությունը կամ վարկանիշով ամենաիրական նրա մրցակիցը` Րաֆֆին: Ինչպիսի՞ հետընտրական զարգացումներ են հնարավոր: Ո՞նց անենք, որ այս անգամ բանտերում հայտնվեն ոչ թե իրենց ձայնին տեր կանգնել փորձող հարյուրավոր անմեղ մարդիկ, այլ ընտրակեղծարարները: Ինչպե՞ս խուսափենք նոր արյունահեղությունից ու չվտանգենք երկիրը: Այս հարցերը շատերիս են հուզում:
Օրենսդրության առումով չկան այնպիսի էական փոփոխություններ, որոնք հույս կտային, որ ինչ-որ չափով կարգելափակեն ընտրախախտումների հայտնի ձեւերը: Չհաջողվեց հասնել ո՛չ ընտրության մասնակիցների ցուցակները ընտրությունից հետո հրապարակելու, ո՛չ մատը թանաքոտելու, ո՛չ արտասահմանում քվեարկելու պահանջների կատարմանը: 
Հանձնաժողովներում ներկայության առումով, թեեւ 2008-ի հետ համեմատած «Ժառանգությունը» սեփական տեղերից բացի կարող է մասամբ հույս դնել ՀԱԿ-ի եւ Դաշնակցության ներկայացուցիչների վրա, չեմ կարծում, որ դա էականորեն կփոխի իրադրությունը, մանավանդ, գիտենք, որ հիմնական կեղծարարությունն ու ուղղորդումը դրսում է լինելու:
Ի՞նչ կա հակադրելու դրսում: Ցավոք, ոչ մի նոր բան: Էլի լրագրողները կարձանագրեն ընտրողներին տեղամասեր քշող երթուղայինների համարները, էլի կնկարեն ցուցակները ձեռքներին մարդկանց հետ քչփչացող ու փող բաժանող չեբուռաշկեքին: Բանի տեղ դնողն ո՞վ է:
Այս քանի օրը հա ինչ-որ ոչ տրիվիալ լուծումներ եմ փնտրում: Եկա եզրակացության, որ թե՛ հասարակության, թե՛ դիտորդների համար պետք է ՄԻՆՉԵՎ ընտրությունները ինչ-որ առավելագույն վստահություն ներշնչող ձեւով արձանագրել սպասվող քվեարկությունների իրական արդյունքը: Նորմալ, ադիբեկյանազերծ հասարակություններում դա կատարվում է անկախ սոց. հարցումների միջոցով, եւ վերջնական արդյունքը միայն շատ արտառոց ու բացատրելի դեպքերում կարող է էապես շեղված լինել: Լավ, բա մենք ի՞նչ անենք:
Մի բան մտածեցի ու գրեցի օրերս ՖԲ-ում, եւ չնայած ընկերներս ինձ իդեալիստ անվանեցին հիմա, զուտ որպես մտածելու նյութ, ամբողջությամբ մեջբերում եմ այստեղ:
 «Իդեալական ընտրությունների եւ օրինախախտումները ոչ իր հրահանգով ու իրեն ոչ անհրաժեշտ լինելու մասին ճամարտակող թեկնածու Սերժ Սարգսյանին կոնկրետ առաջարկ եմ անում:

Ի ապացույց իր ասածների, համաձայնեցնելով մյուս թեկնածուների հետ, Երեւանում ընտրում ենք մեկ կամ ավելի` «ինդիկատորային» ընտրական տեղամասեր, որտեղ, ընդհանուր համաձայնությամբ.
ա/ ս.թ. փետրվարի 12-ից սկսած փակվում եւ վերացվում են բոլոր թեկնածուների բոլոր նախընտրական շտաբներն ու ենթաշտաբները (բոլորս գիտենք, որ դրանք հենց ընտրակաշառքի բաժանման ստրուկտուրաներ են ձեզ համար);
բ/ արգելվում է ընտրության օրը ընտրողներին կազմակերպված խմբերով, ոտքով կամ մեքենաներով ընտրատեղամաս բերելը (փողն այդպես են բաժանում ու այդպես եք ուղղորդում քվեարկությունը);
գ/ ընտրության եւ դրան հաջորդող օրը կազմակերպվում է ամբողջ ընտրական պրոցեսի տեսաձայնագրում եւ առցանց հեռարձակում, ինչպես նաեւ ընտրատեղամասի մուտքի եւ շրջակայքի տեսաձայնագրում;
դ/ ընտրություններին չմասնակցող եւ թեկնածուներից ոչ մեկին չսատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից (օրինակ՝ Արամ Մանուկյան, Արմեն Ռուստամյան, Նաիրա Զոհրաբյան եւ Տիգրան Խզմալյան կազմով) ստեղծվում է տեղամասի տարածքում ընտրությունների օրինականությունը ապահովող ժամանակավոր խումբ, որի մեջ Սերժ Սարգսյանը իր ընտրությամբ կոոպտացնում է մեկական բարձրաստիճան ներկայացուցիչ ԱԱԾ-ից եւ Ոստիկանությունից: 
Խմբի առջեւ խնդիր է դրվում.
ա/ բնակչության, թեկնածուների շտաբների, ինչպես նաեւ տարածքային ԱԱԾ եւ ոստիկանության տվյալների հիման վրա կազմել պոտենցիալ ընտրակաշառատուների ցուցակ եւ պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանք տանել նրանց հետ;
բ/ բացառել ընտրության օրը ընտրողներին կազմակերպված խմբերով, ոտքով կամ մեքենաներով ընտրատեղամաս բերելը, ինչի նպատակով ընտրության օրը խմբի տրամադրության տակ կդրվի 1-2 ճանապարհային ոստիկանների պարեկախումբ եւ 1-2 այլ ոստիկանների օպերատիվ խումբ;
բ/ բացառել ընտրության օրը տեղամասի մոտ եւ շրջակայքում ընտրողներին ուղղորդելու փորձերը, բացահայտել եւ ոստիկանության ուժերով ձերբակալել ընտրատեղամասի տարածքում կամ այլուր ընտրակաշառք բաժանողներին:
Թեկնածուները համատեղ դիմում են դիտորդական առաքելությունների ղեկավարներին, մամուլին` տվյալ տեղամասի ընտրությունների ընթացքը առանձնակի ուշադրության կենտրոնում պահելու եւ բոլոր խախտումների մասին արագ ահազանգելու խնդրանքով:
Եվ վերջինը ու ամենակարեւորը: Եթե քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո պարզվի, որ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրություններում, բայց պարտվել է ինդիկատորային տեղամաս(եր)ում ու, ասենք, 15 տոկոսից ավելի շեղում կա` համեմատած Երեւանի այլ տեղամասերի միջինացված թվերի հետ, ապա նա պարտավորվում է հրաժարական տալ եւ չմասնակցել նոր ընտրություններին: Հակառակ դեպքում, մյուս թեկնածուները պարտավորվում են անվերապահորեն ընդունել Սարգսյանի հաղթանակը եւ շնորհավորել նրան»:
Բայց սա մինչեւ ընտրությունները ռեյտինգներն արժանահավատորեն արձանագրելու մասին չէ` մեկ այլ եւ, հաշվի առնելով իրավիճակը, ոչ իրագործելի տարբերակ է:
Հիմա մեկ այլ տարբերակ, որը կպահանջի քաղաքացիական մեկ կամ մի քանի խմբերի արագ ներգրավում, եւ որն իրագործելու համար պետք չէ թեկնածուներից ոչ մեկի համաձայնությունը:
Առավելագույն չեզոք, բայց ազնիվ ու անկաշառ լինելու համարում ունեցող քաղաքական ակտիվիստներից, ու այլ հայտնի մարդկանցից (մտավորական չգրեցի, որ չծիծաղեք), ստեղծվում է հասարակական ընտրական հանձնաժողով(ներ), որը մոտակա շաբաթ օրը Երեւանի, իսկ եթե ստացվի, նաեւ այլ քաղաքների մեկ կամ մի քանի բակերում կազմակերպում է նախնական փակ, գաղտնի քվեարկություն` Ընտրական օրենսգրքի առավելագույն հնարավոր դրույթների կիրառմամբ: Նախագահի թեկնածուներին կառաջարկվի եւ իրավունք կտրվի դիտորդներ գործուղել այդ հանձնաժողովներ: Լրագրողներին կխնդրենք լուսաբանել միջոցառումը ծայրից ծայր: Իսկ արտասահմանցի դիտորդներին ուղղակի խեղդելով պետք է ներգրավել միջոցառմանը:
Ի՞նչ կունենանք արդյունքում: Գործը հաջող կազմակերպելու դեպքում կունենանք հասարակությանը եւ դիտորդներին եւ նրանց գործուղած կազմակերպություններին ու երկրներին հավատ ներշնչող նախնական արդյունքներ, որոնցից էական շեղումները միանգամից կահազանգեն կեղծիքների մասին եւ ի վերջո, էապես կզսպեն 80, 90, 100 խփել ցանկացողի ախորժակը:
Ժամանակը քիչ է: Սպասում եմ քաղաքական ակտիվիստների շահագրգիռ քննարկմանը եւ գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել