Լոս Անջելեսում գործող սփյուռքի խոշորագույն հայկական հեռուստաալիքը` PanArmenian TV-ն և սփյուռքում տեղի ունեցող հայկական միջոցառումներ կազմակերպող խոշորագույն ընկերությունը՝ Global Arts International-ը միավորվում են՝ մեկնարկը տալու նախադեպը չունեցող մշակութային հրավառության ողջ ԱՄՆ տարածքով։ Ջազ, ռոք, փոփ և այլ սիրված ժանրեր, թատերական բացառիկ ներկայացումներ, մեկը մյուսին գերազանցող խոշորմասշտաբ համերգներ ու մշակության նորույթներ՝ նախատեսված հատուկ ԱՄՆ-ի հայ հանդիսատեսի համար։ Այս համագործակցության առաջին պտուղը Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունն է, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին հանրահռչակ Microsoft Theater-ում։ Տարվա գլխավոր մշակութային միջոցառման ընթացքում մրցանակներ կհանձնվեն Հայաստանում ու սփյուռքում ապրող հայ արտիստներին` երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, նորաձևության և այլ ոլորտներում: Միջոցառումն ընգրկելու է ոչ միայն Հաստանում, այլև ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Եվրոպայում և Կանադայում ապրող ազգությամբ հայ մշակութային գործիչների ու շոուբիզնեսյան ներկայացուցիչների տարվա լավագույն աշխատանքները: Microsoft Theater-ի հեղինակավոր դահլիճում սպասվում է չտեսնված շոու ծրագիր՝ ձայնային ու լուսային նորագույն էֆեկտներով: Այս դահլիճում անցկացվում են այնպիսի հեղինակավոր միջոցառումներ ու մրցանակաբաշխություններ, ինչպիսիք են American Music Awards-ը, Bet Awards-ը, Emmy Awards-ը, People’s Choice Awards-ը, 2010 & 2011 MTB Video Music Awards, 2014 & 2015 MTV Video Music Awards, MTV Movie Awards մրցանակաբաշխությունները, ինչպես նաև The American Idol Final Shows նախագիծը և այլն: Իր մասշտաբներով նախադեպը չունեցող այս մրցանակաբաշխությանը դահլիճից հետևելու է 7100 հանդիսատես և 10 միլիոն հեռուստադիտող ողջ աշխարհում։ Մրցանակաբաշխության արձանիկներն այժմ պատրաստման փուլում են: Դրանց հեղինակն աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամն է, ում գործերն արդեն տարիներ շարունակ շոյում են արվեստասեր հանրության ճաշակը: PanArmenian TV-ի տնօրեն Դավիթ Ավետիսյանի խոսքերով Pan Armenian Entertainment Awards-ը յուրատեսակ հարթակ է, որը Հայաստանն ու սփյուռքը կամրջելու ուրույն առաքելություն ունի։ Այն նման ձևաչափի այլ միջոցառումներից տարբերվելու է իր մասշտաբներով, կատարված նախապատրաստական հսկայական աշխատանքով և աշխարհահռչակ բազում կատարողների ներկայությամբ։ Դավիթ Ավետիսյանը վստահ է, որ Global Arts International-ի հետ համագործակցության շրջանակներում առաջիկայում էլ լինելու են բարձր որակի համերգներ, ներկայացումներ ու շոու ծրագրեր, որոնք տարեցտարի ընդլայնելու են իրենց աշխարհագրությունը։ Global Arts International-ի հիմնադիր-նախագահ Գարբիս Թիթիզյանն էլ նշում է, որ շատ կարևոր է ԱՄՆ-ում ցույց տալ հայ ազգի տաղանդների տարվա լավագույն աշխատանքները, ինչպես նաև հայաստանյան լսարանին ծանոթացնել հայրենիքից դուրս ապրող ու աշխատող հայ հանրային դեմքերի, արտիստների աշխատանքները, որոնք գուցե շատերի համար անհայտ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել