Եթե ուզում ես ազգիդ վիճակի ռեալ գնահատականը տեսնես, մտիր 10 րոպեով զինկոմիսարիատ զին-հետազոտության ժամանակ:
Գնացել էի Գյումրի:
Զինկոմիսարիատում մի փոքր գործ ունեի, պետք է արագ մտնեի ու դուրս գայի, էդպես էլ եղավ, բայց այդ 10-15 րոպեները ինձ մի ամբողջ մղձավանջ թվացին:
Այդ օրը, ոնց հասկացա, եկել էին 1996-97 թվականի ծնվածները, առաջին հետազոտությունն էր նրանց: Կրակոտ դեմքեր, հումոր, Գյումրվա կոլորիտ, բացառապես սրանք էին դրական էմոցիաներս: 
Ներսում ահավոր ցուրտ էր, բժիշկները վերարկուներով մրսում էին և տաքանում էին ծխախոտ ծխելով, որտեղ, ըստ իմ տրամաբանության, չէր կարելի ծխել, իսկ երեխաները կիսամերկ էին: Գրեթե բոլորը հագնված էին մաքուր, բայց մաշված, կարերի տեղերում ցանց առաջացած ներքնազգեստով, ու բոլորն էին այդպես, տարբերվողներ չկային, մրսում էին, բայց իրենց ավելի տղամարդ էին պահում, քան բժիշկները, ցույց չէին տալիս իրենց մրսելը, չնայած հնոտիների տակից երևում էր, որ մաշկը ահավոր մրսած է: Դուք չեք պատկերացնի՝ ինչ է նշանակում հագնել ամենալավ շապիկը, երբ գիտես, որ այդ օրը բոլորը դա տեսնելու են, իսկ քո ամենալավ շապիկը մաշվել է հնությունից, ցավալի էր, սրտիցս արյուն էր կաթում:
Միակ դրական բանը, որ տեսա, անձնակազմի հոգատարությունն էր, ոչ մի ավելորդ ստատուսապաշտություն, բյուրոկրատիա, բոլոր երեխաներին փորձում էին օգնել, ընտանեկան մթնոլորտ էր, աղքատ ընտանեկան, երկրաշարժ մարսած ընտանիք էր: Աղքատ, բայց հպարտ. երբ տանիքդ կաթում է, բայց դու վեհ ես, երբ շապիկդ մաշված է, բայց դու անհանգստանում ես ընկերոջդ առողջությամբ, երբ սովը տանջում է, բայց սպասում ես, որ ընկերդ վերջացնի, որ իրար հետ գնաք, երբ պատուհաններից ցուրտը մտնում է ոսկորներիդ մեջ, բայց դու ՀՈՒՄՈՐ ԿԵՆԵՍ:
Ես չտեսա 7% տնտեսական աճ...
էհ, օրմ բդի եղնի, օր ես վերևից նայեմ ու հասկնամ, թե էս աշխարը ընչի է ըսքան ծուռ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել