Ընդդիմադիր քաղաքական ուժերի չգրված օրենքներից է անկախ սեփական կառույցի հնարավորություններից՝ քաղաքական դաշտում մեծ ազդեցություն ունենալու մասին խոսելը, զգալի էլեկտորատ ունենալու մասին բարձրաձայնումը, ինչպես նաև պատեհ-անպատեհ առիթներով իշխանության կողմից ճնշումների ենթարկվելու մասին ահազանգեր հնչեցնելը:

Նման բան եղավ նաև Ժառանգություն կուսակցության կողմից, որի ավագանու անդամները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ Սարի թաղի դեպքերից հետո իրենց կուսակիցների ձերբակալությունը ուղիղ կապ ունի հաջորդ տարի սպասվելիք խորհրդարանական ընտրությունների հետ և քանի որ իշխանությունները իրենց համարում են լուրջ մրցակից, այդ իսկ պատճառով փորձ է արվում թուլացնել և ջլատել Ժառանգությանը: Կարծում եմ ցանկացած հայտարարություն իր մեջ պետք է պարունակի թեկուզ մի նշույլ բանականություն, ինչը «Բարև Երևան» խմբակցության մոտ իսպառ բացակայում է:
Ժառանգության անդամներից ձերբակալվել էին Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը: Առանց որևէ մեկին նսեմացնելու կամ վիրավորելու, պետք է արձանագրել, որ վերջինիս մասին հանրությունը գրեթե տեղյակ չէ: Ինչ վերաբերում է Սանասարյանին և Մարտիրոսյանին, ապա պետք է նշել, որ նրանք այն քաղաքական կշիռը չունեն, որ կարելի լինի ներկայացնել որպես իշխանությունների համար վտանգավոր հալածյալներ:

Դ. Սանասարյանը եթե նույնիսկ հեղինակություն վայելող ակտիվիստ է, միևնույն է, որպես քաղաքական գործիչ ազդեցիկ չէ: Սանասարյանն ու Ա. Մարտիրոսյանը միասին, որպես անհատներ իրենց ցույցերին հազիվ թե մեկ հարյուրից ավել մարդ կարողանան հավաքել:

Քաղաքական դաշտում մենք ունենք հազար անգամ ավելի հայտնի և կարկառուն ընդդիմադիրներ, ովքեր ի զորու են տասնապատիկ անգամ ավել մարդ հավաքել իրենց կողքին, քան Սանասարյանն ու Մարտիրոսյանը: Հետևաբար, իշխանությունը դժվար թե ցանկանար քաղաքական շատ փոքր կշիռ ունեցող անձանց ձերբակալելով ավելորդ խոսակցությունների և քնադատությունների տեղիք տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել