Ամենից դժվար, անտանելիորեն դժվար էր պատժի առաջին օրը: Նրանք՝ ճերմակ խալաթներով ու ախտազերծիչ դիմակներով դահիճները, որոնց կարծես թե բժիշկ էին անվանում, մարմնիս խորքերում մի դժոխային սարք էին թաքցրել: Վստահաբար, սատանայից ոգեշնչված մտքի այդ գյուտն ինչ-որ կերպ արձանագրում էր հանդիպած մարդկանց մարմնի անտեսանելի, բայց հիմա ինձանից ավելի իրական ֆիզիկական դաշտերը՝ էլեկրական աննշմար լիցքեր, ջերմային տարտամ պատկերներ, շնչառության ու քայլելու առաջացրած անորսալի թրթիռներ: Օ, սարքի հեղինակը՝ այդ անանուն մարդատյացը, դժոխքի ինը պարունակները կարողացել էր տեղավորել մետաղական ոչ մեծ կոճակի չափեր ունեցող մի չիփի մեջ: Դատարանի դահլիճից դուրս գալիս՝ ամեն հանդիպած մարդն ասես դաշույնների խուրձ էր խրում մարմնիս մեջ: Ամեն հանդիպած մարդն իմ դահիճն էր ու ճանապարհի ամեն մետրը՝ իմ կառափնարանը: Ինձ քառատում էին, անվահարում, գլխատում, այրում ու ցցի վրա նստեցնում միաժամանակ: Անտանելի ցավերից գալարվելով ու բառաչելով՝ փորձում էի սողեսող հեռանալ ինձ համառորեն բաց չթողնող քաղաքից: Մարդիկ ինձ այլևս չէին նկատում, փողոցով սողացող մարմինս դատարանի դահլիճում կորցրել էր մարդ լինելու իրավունքն, ու հանդիպած երեխաներն անտարբերությամբ ցատկում էին նրա վրայով, մեծահասակները շրջանցում էին նրան՝ անհաղորդ՝ ասես դահիճներ, լուրջ՝ ասես դատավորներ:
Քաղաքի արվարձաններին հասնելիս ես արդեն մերկ էի՝ արևի տակ փայլփլող մաշկով, ինչպես դեղին, զազրելի, լպրծուն վիշապօձ, ու եղունգներիս տակից ցայտող արյան մուգ կաթիլներով նշագրում էի ճանապարհս: Սողալով անցած ամեն մետրը, տառապանքի անսահմանությունն իր մեջ պարփակող ամեն մետրը անհամար քարերով, աղբամաններով, սիզամարգերով, նստարանների ոտքերով ու մինչ մայթերը կախ ջրհորդանների սուր եզրերով խլել էր իր հուշանվերը՝ հագուստիս կամ մաշկիս ծվենը:
Քաղաքի սահմանին հասնելիս ես մերկ էի ու արյունլվա: Երկնքի մռայլվող վարագույրի վրա կապտին տվող բլուրներից տարածվող ոռնոցից մարմնովս դող էր անցնում՝ զզվելի, կանացի սարսուռ: Տեսնում էի վառվող աչքերով շնագայլեր, սուր մռութներից կախ փշոտ լեզուներ ու լսում դիվային խրախճանքի ծմրկտոցն ու կլանչոցները՝ ոտքերը չռած դիակի վրա:
Գլխավերևում պտտվող ագռավները՝ լքվածության ու կապտավուն բլուրների գագաթներով քայլող մահվան մունետիկներն էին: Սև, կեռ, ամուր կտուցներ, թևաբախության հուսաբեկող ձայն, ամայի դաշտերով տարածվող ու կապտավուն բլուրներին հասնելիս երկարաձիգ արձագանք դարձող կռավոց:
Քաղաքային աղբանոցը դրախտավայր էի համարել: Պատսպարվել էի մի փափուկ ու անվտանգ աղբահորում: Այնտեղ տաքություն ու սննդի համեղ մնացորդներ էի գտել: Գիշերվա ընթացքում ցավի տիեզերքը վերածվել էր գարշահոտության տիեզերքի: Ռունգերիս մեջ գետնից հավաքած բամբակի կտորներ էի խցկել ու, աղբահորում կուչ եկած, դիմավորել լուսաբացը: Մերկ, պլոկահան, արյան հետքերով մարմինս փաթաթել էի մի պատառոտած լաթի կտորով ու քայլել դեպի փայլող մշուշների ու կապույտ բլուրների հորիզոնը: Իմ տխուր ճամփորդության կատարյալ նպատակը՝ միշտ տեսանելի ու հավերժորեն անհաս:
Հանդիպած երեխաներից սարսափել էի, մեծահասակները սարսափը հասցրել էին ոռնալ ստիպող զարհուրանքի: Փախել էի՝ ասես ամենուրեք ծեծի ու ծաղրանքի ենթարկվող դիվահար, ասես մարդկային մեղքերիից սոսկահար, ուստիև հայելիներից ու իր նմանակներից գարշանք զգացոող ճգնակյաց:
Զղջացել էի ժամանակին մարդ ծնվելու համար, բայց մարդ լինելու տարիներին արածս փառավոր որսը հիշելիս ափսոսանք չէի զգացել: Մարդկանց անլսելի ձայներով ու աստղերով լեցուն գիշերներին նորից տեսել էի սարսափից լայնացած աչքերը, երբ նրանք նկատում էին կաշվե պատյանից դուրս եկած սուր, անչափ սուր դանակիս շեղբը: Նորից զգացել էի աչքերում տրոփող պաղատանքը, որը շուտով անէանում էր ասես սառույցի բարակ շերտով պատվող ջրափոսում արտացոլված երկինք, ասես ամառային արընթաց լուսաբացներին մարգագետնին նստած ցող, անէանում էր դանակիս շեղբի վրա հեռացող կյանքի հետ:
Հիմա սկսել եմ նախանձել զոհերիս: Անվերջանալի միայնությունը, մարդկանցից գլխապատառ փախչելու պարտադրանքը, ուղեղիս գալարներից մեկում կամ որովայնիս մի խոռոչում դրված սարքը հալեցնում են մտքերս: Երջանիկ կլինեի, եթե մարդկության ամենից օրհնյալ գյուտով՝ գրով պատված մի թղթի կտոր գտնեի՝ դիետիկ սալաթի բաղադրատոմս կամ Աստվածաշնչի պատռված էջ, էական չէ: Սակայն սարքը սկսել է ինձ մոտ չթողնել նաև աղբանոցներին ու լքված շինություններին, սարքը սկսել է ինձ մոտ չթողնել մարդու ներկայության հետքերին:
Բացել եմ երակներս: Թափվող ու կյանքն իր հետ աննկատ տանող արյունն անօգուտ չի կորչելու, իսկ քարանձավի պատը կփոխարինի թղթին: Սկսեցի մրսել, քիչ հետո լինելու եմ մի վայրում, որտեղ հնարավոր է հանդիպեմ զոհերիս: Վստահ եմ, եթե իրար կարողանանք ճանաչել , ընկերություն ենք անելու….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել