Մեկը կարո՞ղ է հասկանալ, թե ինչ անհասկանալի ու ամենակարևորը անիմաստ իրարանցում է ընթանում ընդդիմությունների շարքում: Ընտրական ինտրիգը, որը Գ. Ծառուկյանի և Լ. Տեր- Պետրոսյանի լռությամբ ավարտված էր, հանկարծ փորձում են արհեստականորեն վերածնել ընդդիմադիր թեկնածուները: Ոմանք քաղաքական «թատերաբեմ» բառը բառացի են հասկացել ու թատրոն սարքել: Մեկն անիմաստ գնացել, սոված նստել է: Հարգելի թեկնածու, հացադուլ անել առանց նախագահ առաջադրվելու էլ էր հնարավոր, իսկ նախագահ առաջադրվել ու հացադուլ անել ամբողջ քարոզարշավի ժամանակ, սա ուղղակի անիմաստ տեղը 8 մլն վատնել ու անհետաքրքիր շոու սարքել է կոչվում, որը անգամ անհրաժեշտ 5 տոկոսը չի բերի, գոնե փողերը հետ գան:
Հարգելով Հայրիկյանի ավանդը անկախության գործում՝ այնուամենայնիվ գլխումս տեղ չի անում վերջին մի քանի օրվա «մանկապարտեզը»: Ի՞նչ է նշանակում մեկ ասել, որ չի դիմելու ՍԴ, որ պետականության դեմ արված հանցանքը չհասնի նպատակին, մեկ հակառակն ասել, մեկ նորից վերադառնալ առաջինին, հետո ինչ-որ հարցման արդյունքներով նորից ասել՝ դիմելու է, որ իբր միավորվեն երեք թեկնածուներով: Նախ չեն միավորվի և երկրորդ եթե՞ միավորվեն: Հա մի փոքր հետաքրքիր կլինի տեսնել դա, բայց ոչ ավելին, իսկ արդյունքները կլինեն նույնը, և դժվար երկրորդ փուլի հասնեն: Տպավորություն է, թե խաղում ենք թերթերում տպվող հոդվածների վրա: Ում քանի հոգի այցելեց, օրվա մեջ քանի որոշում փոխվեց և այլն: Սա առնվազն անլուրջ քաղաքական վարքագիծ է:
Շատերը կարող են ասածներիս մեջ ցինիզմ գտնել, բայց սա իրականությունն է, ցավոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել