Արդեն երկու շաբաթ է, ինչ «Սասնա ծռեր» խմբավորման զինյալները գրաված են պահում ոստիկանության ՊՊԾ գունդը: «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչներն իրենց աջակցություն ցույց տվող քաղաքացիների գործունեությունը համակարգելու համար ստեղծեցին Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը: Նման խորհուրդ ստեղծելու նպատակահարմարությունը կայանում էր նաև նրանով, որ մինչ նրանց այդ նախաձեռնությունը հավաքները ուղղորդելու նախաձեռնությունն իր վրա էր վերցրել Նիկոլ Փաշինյանը, ով չբավարարեց զինյալների ակնկալիքները և արժանացավ մեղադրանքների, թե փորձում է սեփականացնել զինյալների սկսած պայքարը և այն օգտագործել սեփական շահերին համապատասխան:

Հավաքների համակարգման գործառույթն իր ձեռքը վերցնելով համակարգող խորհուրդի ներկայացուցիչները փորձում էին իրենց համար վերահսկելի դարձնել հավաքները, սակայն խորհրդի անդամները հաճախ վճռական պահերին չէին կարողանում թույլ չտալ կրքերի բորբոքում: Նրանք նաև չկարողացան ժողովրդական մասսաներին հետ պահել ոստիկանության հետ բախումներից: Արդյունքը եղավ այն, որ խորհրդի անդամների մեծամասնությունը բերման ենթարկվեց կամ ձերբակալվեց խժդժություններ հրահրելու համար:

Նախօրեին տեղի ունեցած հավաքի ժամանակ համակարգող խորհրդի անդամներից Ալբերտ Բաղադասարյանն էր առաջին ջութակի դերը կատարում` իր ելույթներով և կոչերով ուղղություն տալիս հավաքին, սակայն շատ հաճախ ցուցարարներից շատերը հակադրվում էին նրա հետ: Այս փաստը ակնառու էր հատկապես երեկ, երբ երեկոյան Բաղրամյան փողոցում Բաղդասարյանը կոչ էր անում հավաքվածներին հեռանալ Բաղրամյան պողոտայից և հաջորդ օրը կրկին հավաքի դուրս գալ: Բաղդասարյանի այս հայտարարությունը դժգոհության տեղիք տվեց:

Բաղդասարյանը, տեսնելով, որ միայնակ ի զորու չէ համակարգել ակցիաները, արդեն այսօր հայտարարեց, որ Խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը: «Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Մի բան հաստատ է` Համակարգող խորհրդի գործունեության դարարեցումն էլ ավելի անկառավարելի և անկանխատեսելի կդարձնի ամենօրյա բողոքի հավաքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել