Այսօր լրանում է 12-րդ օրը, ինչ «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, բռնությամբ պահել այնտեղ գտնվող անձանց։ Բանակցությունների արդյունքում, սակայն, մամուլի կետ ստեղծելու պայմանով «Սասնա ծռերը» բաց էին թողել բոլոր պատանդներին։

Երեկ հաղորդվեց այն մասին, որ խումբը պատանդ է պահում կանչված «Շտապ օգնության» բրիգադի բժիշկներին, բուժակին ու բուժքրոջ, որոնցից մեկին ավելի ուշ ազատ արձակեցին:

ՊՊԾ գունդը գրաված խմբի հիմանական պահանջը մնում է նույնը՝ իշխանությունների հրաժարական, ինչպես նաև՝ հնչեցված առաջին պահանջը` Ժիրայր Սեֆիլյանի և մնացած բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Երեկ գումարվեց ևս մեկ պահանջ, որը հնչեցրեց հենց երեկ օրվա երկրորդ կեսին ձերբակալված Ալեք Ենիգոմշյանը: Այն է՝ որպեսզի ոստիկանության ՊՊԾ գունդ այցելեն ԱԺ պատգամավորները:

Երեկ գիշերը ՊՊԾ գնդի տարածքում, Խորենացի փողոցում և Ազատության հրապարակում լարված իրավիճակ էր։ Ժամանած քաղաքական գործիչներին, այդ թվում` ԱԻն առաջնորդ Պարույր Հայրիկյանին հավաքվածները դիմավորեցին «Հայրիկյան, հեռացի՛ր» վանկարկումներով:

Հընթացս Ազատության հրապարակում եղածները սկսեցին քննարկել հարցը, թե ով պետք է ղեկավարի շարժումը: Առաջարկն էր, որ դա իրենց վրա վերցնեն Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը: Պայմանավորվեցին, որ այսօր ևս կհավաքվեն Ազատության հրապարակում:

Ողջ օրվա ու գիշերվա ընթացքում ոստիկանները բերման էին ենթարկվում քաղաքացիների. հայտնի դարձավ, որ ցերեկը բերման ենթարկվածների թվում հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն է:

Օրվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց ձայնագրություններ, որոնք վկայում են այն մասին, որ «Սասնա ծռերի» անդամներից շատերը տեղյակ չեն եղել, թե ինչի համար և ուր են մտնում:

Նշենք, որ նախորդ գիշերը ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:  Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամներից այս պահին Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործողությունների արդյունքում հուլիսի 17-ի առավոտյան զոհվեց նշված ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, իսկ երեք ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը վիրավորվեցին: Իսկ «Սասնա ծռերից» վիրավորվեց ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանը:

Նշենք, որ իրավիճակը, հատկապես, լարված էր հուլիսի 20-ին, երբ ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցան կոշտ բախումներ, կիրառվեցին լուսաձայնային նռնակներ, այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք քարեր ու «պուգաչներ» նետեցին ոստիկանների ուղղությամբ:

Այս գործողությունների հետևանքով հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում» և «սալջարդ» ախտորոշումներով տեղափոխվեց 51 անձ՝ ոստիկաններ ու քաղաքացիներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, ինչպես հաղորդվեց, վտանգ չի սպառնում:

Անազատության մեջ պահվող ոստիկաններին ազատ արձակելուց 1 օր առաջ, հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Դատախազության և Քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո հայտարարեց, որ Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու և կոչ արեց զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:

«Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն: Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը»,-կոչ արեց Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իսկ իրավապահ մարմինների ղեկավարներին էլ հանձնարարվեց գործունեությունը շարունակել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում, ինչպես նաև՝ ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հույս է հայտնեց, որ «Հիմնադիր խորհրդարանի»՝ ավելի վաղ կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանը սառը կդատի ու ողջամիտ որոշումներ կկայացնի խնդրի վերաբերյալ։

Մովսես Խորենացի փողոցում կատարվող իրադարձությունները ունեցան նաև ակտիվ միջազգային արձագանք. եղան ՀՀ ԵՄ պատվիրակության, ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքները, որոնցում դատապարտվում էր զենքի միջոցով ոստիկանական շենքի գրավումը: 

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում ոստիկանության շենքի զինված գրավումը: Անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների համար»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Իսկ ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոներն էլ հայտարարեց. «Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում և այլուր, և խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն»:

Ավելին` ՌԴ-ն հավել հանդես եկավ, այն է՝ ԵՄ պատվիրակության հայտարարության մեկնաբանությամբ` նշելով, որ Եվրամիության դիվանագետները սիրաշահում են Հայաստանում «իրադրությունը սրող» ուժերին՝ «մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները» և/կամ իշխանություններին կոչ անելով՝ հարգել «համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև՝ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների ժամանակ»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի և իշխանությունների միջև որպես բանակցող հանդես էր գալիս ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, սակայն խմբի կողմից հայտարարվեց, որ Բալասանյանն այլևս միջնորդական առաքելություն չի իրականացնելու, և առ այսօր ոչ ոք չի ստանձնել միջնորդական առաքելություն կատարելու պարտավորությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել