Այս լուսանկարն արդեն երկրորդ օրն է՝ համացանցի ամենասիրելին է: Հուզիչ գրկախառնության այս տեսարանն ունի նախապատմություն: Ասումն են՝ լուսանկարի աղջիկը՝ Արինեն երեկվա ցույցի ժամանակ մոտեցել է ոստիկանին ու հարցրել.

-Եթե հրաման ստանաս ինձ վրա կրակել՝ կկրակե՞ս։

-Չեմ կրակի,-եղել է պատասխանը։

Ահա այս խոսքերին էլ հաջորդել է գրկախառնությունը, որը ֆիքսեցին տեղում գտնվող լրագրողական ֆոտոխցիկներն ու այն դարձավ վերջին օրերի համացանցային ամենասիրված ու ամենաշատը վերահրապարակված ֆոտոն:

Համացանցային որոշ օգտատերեր քննարկում են լուսանկարն ու աղջկան հորդորում են չհավատալ ու չվստահել ոստիկանին՝ այսպիսով մեկ անգամ ևս ընդգծված ագրեսիա սերմանելով հասարակության մեջ՝ նրա անվտանգությունն ապահովող հայ ոստիկանի նկատմամբ:

Որոշներն էլ իրենց իրավունք են վերապահում հայ ոստիկանին բնութագրել անպատեհ արտահայտություններով՝ մոռանալով, որ անկախ հանգամանքներից, ստեղծված իրավիճակից ու տրամադրություններից, չի կարելի նսեմացնել ու անպատվել քո քաղաքի, քո երկրի հասարակական կարգը հսկող պետական ծառայողին, ով նաև հայրենիքի համար վտանգի պահին սահման է պաշտպանում:

Օգտատերերի երրորդ խումբն էլ լուսանկարի աղջկան որակել է որպես ՛՛խաղաղության աղավնի՛՛, ով իր անմիջականությամբ կարողացել է ՛՛զինաթափել՛՛ ոստիկանին:

Այնինչ՝ իրականում այս ոստիկանը աղջկա վրա կրակելու ոչ մի հրաման չէր կարող ստանալ, որովհետև ոստիկանն այդ ցույցի ժամանակ շարք էր կանգնել ոչ թե աղջկան կրակելու, այլ աղջկա անվտանգությունը ապահովելու համար, որովհետև ոստիկանը իրականում այն ապականված ու վարկաբեկված կերպարը չէ, որին արդեն քանի օր է փորձում է ներկայացնել հայկական համացանցի մի հատվածը:

Ոստիկանը չի կարող կրակել անմեղ, խաղաղ ու հասարակական ոչ մի վտանգավորություն չներկայացնող աղջկա վրա գոնե այն բանի համար, որ ոստիկանն էլ մարդ է: Այո՛, մարդ է, ու հավատացեք շատ ավելի մարդկային ու բարոյական, քան շատերը, ովքեր իրենց մարդ կոչելով՝ իրենց իրավունք են վերապահում հայ ոստիկանի արժանապատվությունը նսեմացնող մեկնաբանություններ հեղեղել ողջ համացանցում, կամ էլ ՛՛ հրճվող սմայլիկ՛՛ թողնել ոստիկանության զոհված գնդապետի հուղարկավորության նյութի տակ:

Ոստիկանն էլ մարդ է՝ արյուն ու մսից, զգացմունքներով ու ապրումներով, սիրող ու սիրված, ու նաև հազար անգամ ավելի կիրթ ու դաստիարակված, քան նրան անպատիժ ու լկտիաբար վիրավորող շատերը (խոսքը կոնկրետ լուսանկարի կոնկրետ ոստիկանի մասին է):

Այս լուսանկարի ոստիկանը օրինակելի իրավապահ լինելուց բացի նաև բարոյական ու կիրթ մի երիտասարդ է, ով տաղանդավոր նկարիչ է ու մանկավարժի կրթություն ունի, ով այս կյանքում ունի նպատակներ ու պլաններ, ով սիրելի ընկեր է ու ծնողի հպարտություն և բնավ այս աշխարհում նրա առաքելությունը ցույցերում անպաշտպան ու անշառ աղջիկների վրա կրակելը չէ... որովհետև հայ ոստիկանը ոչ թե մեր թշնամին է, այլ մեր անվտանգության պահապանը, որին  սակայն,  անարդարաբար ով ինչ ասես՝ ասում է, ով ինչպես ցանկանում՝ վիրավորում է, ով ոնց կարողանում՝ դրդում, հրահրում ու սադրում է և անգամ առանց նրա ցանկությունը հարցնելու՝ ում մտքով անցնում՝ գրկում է...

Նյութը՝ Արմինե Հայրապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել