Վերջին շրջանում մամուլում բավականին բուռն քննարկումներ ծավալվեցին սոցփաթեթի հանգստի բաղադրիչը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ՝ հիմնականում քննադատական շետշտադրումներով:

Եթե խնդրին նայենք ոչ շահադիտական, այլ ուղղակի չեզոք դիրքերից, ապա ստացվում է, որ քաղաքացիներին հանգստի համար հատկացվում է որոշակի գումար, գումարի չափը բնավ էական չէ, իսկ մարդիկ տվյալ գումարն օգտագործում են այլ նպատակով, որն իր հերթին բերում է որոշակի ռիսկերի, չասեմ կոռուպցիոն գործրարքի (չնայած որոշ դեպքերում տեղի է ունեցել մոտավորապես հետևյալը. հանգիստը կազմակերպող ընկերությունը կամ կատարող միջնորդը, հատկացված գումարը վերադարձրել են շահառույին` որոշակի մասնաբաժինն իրենց պահելով):

Այս առիթով ՎՊ-ն ուսումնասիրություններ է իրականացրել սոցփաթեթի շահառուների հանգստի կազմակերպման մասով կատարված ծախսերի վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ հանդիսացող Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզնիի և մի քանի այլ հյուրանոցներում հայտնաբերել են շուրջ մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող տարբեր տիպի խախտումներ:

ՎՊ-ն ուսումնասիրություն է անցկացրել յոթ հյուրանոցում և հայտնաբերել, որ որոշ օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, պետբյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են այդ պարտքերը. սա խոսում է վերևում նշված ռիսկերի և կոռուպցիոն գործընթացների մասին:

Պետք է նշեմ նաև, որ հաճախ սոցփաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ տուրօպերատորների հաշվառումը կրում է ձևական բնույթ, իսկ վերահսկողական համակարգը բավական թույլ է եղել, որն էլ հանգեցրել է նման կազուսի:

Ներկա փուլում նախատեսվում է էլ ավելի կատարելագործել սոցփաթեթի արդյունավետությունը: Որպեսզի քաղաքացիների մոտ էլ տպավորություն չստեղծվի, թե առհասարակ այս բաղադրիչը հանվում է, տվյալ փուլում 2017-19 թվականների միջնաժամկետ մասով որոշում չկա, քննարկումը հետաձգվել է՝ անհրաժեշտ մեխանիզմներ ներդնելու համար: Համապատասխան արդյունքներն ունենալուց հետո՝ 2017 թվականի պետբյուջեի նախագծում սոցփաթեթի այդ բաղադրիչը նորից կընդգրկվի:

Հարկ է ընդգծել, որ նշված գործընթացն ընդհանրապես կապ չունի 2016-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել