Այսօր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 17-րդ օրն է։

Վերջերս Անդրիաս Ղուկասյանը արյան հետազոտություն է անցել, որի արդյունքները ցույց են տալիս, որ հացադուլի ընթացքում հացադուլավորների վիճակը բնութագրող պաթոֆիզիոլոգիական շեղումները միանշանակ համապատասխանում են երկրորդ փուլին, որին հատկանշանական է ֆերմենտային համակարգերի էական վերափոխումներ էնդոգենային սնուցման ապահովման համար։ Էնդոգեն սնուցման կլինիկական բնութագրիչներն են մետաբոլիկ ացիդոզ, կետոնէմիա, կրատինուրիա և այլն, որոնք արտացոլում են ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի արտահայտված քայքայումը։

Այդ փոփոխությունների որոշակի անուղղակի փոփոխությունները արդեն կան Անդրիաս Ղուկասյանի արյան հետազոտման տվյալներում։
Երկարաժամկետ քաղցի երկրորդ փուլը պահանջում է օրգանիզմի վիճակի մշտադիտարկում, որպեսզի ժամանակին կանխել անցումը դեպի կարճատև (մոտ 3-5օր) եզրափակիչ փուլ, որի ժամանակ ի հայտ են գալիս անդարձելի փոփոխություններ։

Այսօր առավոտյան ժամը 10-ին շտապօգնության անձնակազմը, հերթական անգամ այցելելով Ա. Ղուկասյանին, ստուգել են զարկերակային ճնշման և սրտի բաբախումների հաճախականության չափումներով: Անդրիաս Ղուկասյանի ճնշումը իջել է 80/40: Նա հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: Անդրիաս Ղուկասյանին է նաև այցելել առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Այժմ Անդրիաս Ղուկասյանը գտնվում է հացադուլի վայրում և հաստատակամ է շարունակելու իր պայքարը:

Հարգանքով`
ՀՀ նախագահի թեկնածու
Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել