Ստալինյան բռնաճնշումների շրջանում միլիոնավոր մարդիկ ենթարկվել էին հալածանքների: Մարդիկ հալածվում էին ընտանիքներով: 1935թ. ապրիլի 20-ին Խորհրդային իշխանությունը սարսափելի օրենք հաստատեց, համաձայն որի՝ բռնադատվածների երեխաների նկատմամբ թույլատրվում էր պատժի բարձրագույն տեսակը` գնդակահարությունը: Երեխաների նկատմամբ մեղադրանքները նույն էին, ինչ իրենց ծնողներինը կամ հարազատներինը՝ «Հակասովետականություն» և «Հակահեղափոխականություն»: Բնականաբար, այդ մեղադրանքները որևէ հիմք չէին ունենում: 1938թ. հունվարի 30-ին «Զինվորական կոլեգիայի» հրամանով գնդակահարվեց 16-ամյա Յուրի Կամենևը: Գնդակահարության հիմնավորումն այն էր, որ տղայի հայրը ԽՍՀՄ գաղափարական հակառակորդ էր, և տղան ենթադրաբար իր հոր ազդեցության տակ էր գտնվում: Այդ շրջանում կային գնդակահարությունների համար նախատեսված հատուկ շրջաններ: Բուտովյան շրջանը վերոգրյալների թվին էր պատկանում: Այդ տարիներին Բուտովայում 20 հազարից ավել մարդ էր գնդակահարվել: Գնդակահարության ենթարկվածների թվում էր նաև 13-ամյա Միշա Շամունինը, որի միակ «մեղքն» այն էր, որ համատարած սովի ժամանակ համարձակվել էր 2 կտոր հաց գողանալ: Նա գնդակահարվեց 1937թ. դեկտեմբերի 9-ին՝ դառնալով ճամբարում մահապատժի ենթարկված ամենակրտսեր մարդը: Խորհրդային իշխանությունն այդ տարիներին չէր խնայում նաև հաշմանդամներին: Հատկանշական էր այն, որ Բուտովայում տասնյակ հազարավոր գնդակահարվածների շրջանում զգալի թիվ էին կազմում հենց հաշմանդամները, քանի որ ԽՍՀՄ իշխանությունները 1938թ. սկսել էին համակենտրոնացման ճամբարներից և բանտերից հաշմանդամների կամ հիվանդների դուրս բերումը, որպեսզի տեղ ազատվեր նոր բանտարկյալների էշելոնների համար: Այն մարդիկ, որոնք հաշմանդամ էին և ճամբարներում աշխատանքների համար անպիտանի, տեղական համայնքներում գործող ՆԿՎԴ-ի «Եռյակների» կողմից գնդակահարության էին ենթարկվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել