Լրացել է Բաղրամյանի ցույցերի մեկ տարին: Պատմության մեջ միակ դեպքն էր , որ ժողովուրդը մեկ օրում համախմբվեց, միակ դեպքն էր , որ ոստիկանությունը այդքան երկար ուժ չկիրառեց, սկզբում երևի վստահ չէին , որ կարող են ցրել: Չկար պաշտոնյա , որ վախեցնեին , չկար բիզնեսմեն , որ ունեցվածքը վտանգի տակ դնեին: Փողոցում ժողովուրդն էր հավաքված: Գալիս էին աշխատանքից, որոշները նույնիսկ աշխատանք չունեին, որոշներին աշխատանքից ազատեցին: Մարդիկ , մեկը մյուսի համար, հաց ու ջուր էին բերում , հյուրասիրում, գետնին քնած անծանոթին ծածկում էին: Սկզբում լավ էր, նույնիսկ հաճելի էր: Հերթափոխով պահում էինք «դիրքերը»՝ առավոտյան աշխատողները գնում էին աշխատանքի, երեկոյան՝ աշխատանքից հետո գալիս փոխարինում էին չաշխատողներին, գիշերն էլ բոլորով հավաքվում էին:

Ամեն ինչ լավ էր մինչև շրջանառության մեջ մտավ՝ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ բառը: Պայքարը սկսեց գնալ չգիտես , որ կողմ: Պայքար էր գնում Բիբինի անձի դեմ, բայց Բիբինի ի՞նչ, աշխատող է համակարգում: Պայքար էր գնում վարչապետի անձի դեմ, բայց վարչապետը ի՞նչ, աշխատող է համակարգում: Բոլորը մեղավոր էին , բոլորի դեմ պայքար էր գնում , բայց առանձին - առանձին, ոչ համախմբված համակարգի դեմ , այլ անուն առ անուն, ամեն մեկը յուրովի էր մեղավոր, բայց երբ խոսք էր գնում ամբողջ համակարգի մասին , ապա հեռվից լսվում էր ձայնը՝ Չ՛քաղաքականացնել: Գլխավոր մեղավորից պահանջ չկար, անունը անգամ արգելված էր թեկուզ շշուկով ասել: Ներկաների մեջ կաին մարդիկ, ովքեր կոնկրետ հրաժարական էին պահանջում , քանի որ սա հասարակ ապրանքի թանկացում չէր, սա մի երկրի բնակչության հանդեպ կատարվող թալան էր, բայց նման պահանջներ առաջարկողներին մոտենում էին ու խնդրում , որ չտան այդ անունը, խնդրանքից հետո անցնում էին պահանջելուն ու առաջարկներին, առաջարկում էին գնալ տարածքից և ուրիշ տեղ շարունակել քաղաքական պայքարը, Բաղրամյանը՝ Չքաղաքականացնել: Ֆեյսբուքում անգամ ամենաակտիվները, որոնք ամեն առիթ բաց չէին թողնում ստատուսներով հրաժարական պահանջելու, այդ օրերին դարձել էին տարօրինակ: Դե հասկանալի է ստատուսով պահանջներ ներկայացնելը ավելի հեշտ է:

Հետագա սցենարը արդեն պարզ էր: Ես ջրվեցի , իսկ դու ոչ: Ես քաղմաս ընկա , իսկ դու ոչ: Ես քարին եմ քնել , դու ՝ խոտերին: Ես ՝ այսպես, դու՝ այնպես: Կենդանի պատ կազմած աստղիկները , ոստիկանների ամեն շարժից, վազում էին տուն՝ ճանապարհին զանգում տնեցիներին ու հորդորում , որ իրենց բարեկամններին շուտ տուն կանչեն, քանի որ հեսա ջարդելու են: Արդեն պարզ էր , որ պայքարը քանդվել է: Հետագայում ձախողումը փաթաթվեց մեկ հոգու վզին: Մեկ տարի անց ես այդ մեկ հոգում չեմ համարում պայքար քանդող: Կամ ավելի ճիշտ կհնչի այսպես ՝ ես չեմ համարում , որ Վաղինակ Շուշանյանը քանդեց Բաղրամյանի պայքարը: Միամտություն կլինի կարծել , թե այդքան մարդ հավաքվել էր Բաղրամյանում Վաղինակի համար: Ուղղակի Վաղինակը հայտնվեց սխալ պահին , սխալ վայրում: Վաղինակին մեղադրողները, թող ժամանակին չթողնեին այդ հայտարարությունը աներ, մարդը հո զենքը ձեռը չէր բարձրացել խոսալու: Ես ու էլի լիքը մարդիկ Բաղրամյանից գնացել ենք ավելի շուտ՝ Վաղինակի ելույթից էլ շուտ: Քանի որ արդեն սկսվել էր շատ ու քիչ անող որոշվել, քանի որ մարդիկ փողոցում կանգնած չէին իմանում ու՞մ դեմ են կանգնած՝ Բիբինի՞, վարչապետի՞, Մոսկվայի՞, թե ինչ որ ուրիշ մեկի: Բաղրամյանի պայքարը քանդեց «Չքաղաքականացնել» բառը: Բայց դե ժամանակին պետք էր քաղաքականացնել:

Հիմա Բիբինը չկա, ՀԷՑ-ը դեռ մի բան էլ ավելի վատ է աշխատում: Մի շարք մարդիկ ազատվել են աշխատանքից՝ համակարգը ավտոմատացվել է: Լույսերը մեկ-մեկ ոնց որ լուսացույցի կարմիր լույսից միացրած լինի ՝ գնում - գալս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել