Արտեմ Վալտերը նորից, կրկին ու վերստին պայթեցրեց հայկական համացանցը՝ այս անգամ իր 2016թ. ամառվա մեգահիթի հավակնորդ «Տաշի-Տուշի» երգով: Անկեղծ ասած, երբ համացանցում դեռ միայն երգի անունն էր պտտվում՝ ակամայից Կեսարի «Եվ դու՞, Բրուտո՛ս» հռետորական հարցն էի հիշել, թեև լավ գիտեի, որ Արտեմը սկզբունքային երաժիշտ է և ուրույն ոճ և ձեռագիր ունի: Բայց դե աչքիս դեմն ունենալով բազում օրինակներ, երբ որակյալ ու պրոֆեսիոնալ երաժիշտը կոմերցիայի զոհ դառնալով՝ կարճ ժամանակում հայտնի կլկլացնողի կամ 6/8-ի արքայի վերածվեց, կարող էի թույլ տալ նման միտք: Այնինչ երգի պրեմիերայից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Արտեմը ոչ միայն չհիասթափեցրեց, այլ ավելին՝ զարմացրեց: Երգի առաջին հնչյուններից ու կադրերից պոզիտիվը միանգամից համակում է ուշադրությունդ: Գունեղ, ժամանակակից ու բավականին կրեատիվ լուծումներով հոլովակի կադրերին լրացնելու է գալիս տեքստը՝ նույնքան պարզ, առօրեական, բայց ոչ գռեհիկ ու ժարգոնային: Միջազգային ֆորմատի «հոտը» այս հոլովակից ցայտում է մինչև ամենավերջին կադրը: Ամենամեծ նվաճումը, որով այս հոլովակը ռեժիսորական առումով առանձնանում է վերջերս մեր տեսած հայկական բոլոր մյուս հոլովակներից, այն է, որ գրավիչ ու թեթև սեքսուալությամբ աղջիկների կերպարները այդպես էլ մինչև վերջ չեն ապականվում հայկական հոլովակներում արդեն օրինաչափ ու ավանդական դարձած վուլգարությամբ ու գռեհկությամբ: Երգի մեջ խոսվում է առաջիկա ակումբային փարթիի մասին, բայց արի ու տես, որ կադրերում բացակայում են ակումբային ստանդարտ տեսարանները, որտեղ բոլորը հարբած են, աղջիկները կիսամերկ են ու վավաշոտ, իսկ տղաները՝ հավակնոտ, ծխող ու միայն մի թեմայի վրա շեղված: Այո հարգելիներս, Երևանի ակումբներում ոչ միայն թմրամոլները, համասեռամոլներն ու անբարոյականներն են սիրում ժամանակ անցկացնել, այլ նաև առողջ ու ակտիվ երիտասրադությունը, որը ակումբ է գնում պարելու, լիցքաթափվելու, ծանոթանալու և շփվելու, այլ ոչ թե այլասերվելու ու սեփական ճակատագրի վրա քար գցելու համար: Արաբա-թուրքական կլկլոցներ, մուղամի ելևէջներ, մերկ ու հաստ ազդրեր, լպիրշության չափ շատ դիմահարդարված կանացի դեմքեր՝ այս ամենից ոչինչ չկա այս հոլովակում, հետևաբար «Տաշի-Տուշին» ի սկզբանե չունի միլիոնավոր դիտումներ հավաքելու մեր շոուբիզնեսում ընդունված ոչ մի նախապայման: Բայց միթե՞ միլիոնավոր դիտումներն են կարևորը, որոնց մեծ մասն ի դեպ, ոչ թե հիացմունքով, այլ նողկանքի խորը զգացումով են ուղեկցվել: Հիմա շատերը կասեն. «Գովում-գովում ես, իսկ դու գիտե՞ս, որ էս երգը պլագիատա, Իվան Դորնի ու Եգոր Կրիդի ոճերի միքսնա և այլն և այլն...»: Պլագիատ՝ ոչ, բայց որ կա նմանություն՝ անժխտելի է: Արտեմի այս տեսահոլովակի ու երգի մեջ, ի տարբերություն նրա բոլոր մյուս գործերի, ակնհայտ է «դրսի» ազդեցությունը, ու հենց դա էլ հրաշալի է, գովելի ու ողջունելի է, որովհետև մարդուն ներշնչել է մի բան, որը ճաշակով է, որը ճիշտ է ու որակյալ : «Տաշի-Տուշին» միանգամից սիրվեց, այնպես, ինչպես Արտեմի բոլոր մյուս հոլովակները, սինգլներն ու քավրները, որովհետև Արտեմի մոտ կա ոճ, ճաշակ ու գրագիտություն, ինչն իսպառ բացակայում է մեր երգիչ-երգչուհիներից շատերի մոտ: Սա փայլուն օրինակ է այն ճշմարտության, որ այո՛, կարելի է ժամանակակից ու միջազգային ստանդարտներով, բայց միևնույն ժամանակ հայեցի գործ ստեղծել, որն այնքան լավն է ու այնքան մերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել