Քիմ Քարդաշյանը նորից ցնցեց իր երկրպագուներին՝ GQ ամսագրի համար իր հերթական «շռայլ» ու «անկաշկանդ» ֆոտոշարքով: Առհասարակ՝ երբ Քիմի մասին խոսում են նրա հայուհու կերպարը «փչացնողի» մեղադրանքով՝ մի տեսակ ծիծաղելի է: Այնպիսի տպավորություն է, ասես Քիմն իր աշխարհահռչակ ճանաչումն ու փառքը ձեռք է բերել Ներսես Շնորհալու շարականները երգելով ու հիմա տեսեք՝ նա ապականում է հայուհու խոհեմ ու հեզ կերպարն իր մերկությամբ ու գռեհկությամբ: «Նա հայուհի է, երկու երեխաների մայր է, ինչպե՞ս կարող է» ու նմանատիպ այլ անտեղի ու իսկապես անտրամաբանական արտահայտություններ անողներն, անկեղծ ասած, տարօրինակ տպավորություն են թողնում գոնե այն բանի համար, որ տեղը չեն բերում՝ ո՞վ է Քիմը, ինչի՞ հաշվին է նա դարձել մեգաաստղ, և վերջապես՝ ԱՄՆ քաղաքացի կինը /չշփոթե՛լ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների հետ, որոնք ապրում են հայ ընտանիքի ավանդական սկզբունքները հնարավորինս պահպանելով/, որը ծնվել ու ապրում է բոլորովին այլ քաղաքակրթության մեջ ու որպես անհատ՝ հայերիս համար միանգամայն խորթ ու օտար  սոցկուլտուրայի կրող  է՝  չի կարող «հայուհու կերպար» ունենալ, որ դեռ միհատ էլ փչացնի այն: Ունենալ հայ արմատներ և լինել հայ՝ սա բոլորովին տարբեր հասկացություններ են հարգելիներս՝ վերջապես գիտակցեք դա ու դադարեք մարդուց պահանջել ավելին, քան իրավունք ունեք:  Հանգիստ թողնելով առանց այն էլ տեղին-անտեղին հոլովվող Քիմի անունը,  այս իրավիճակում ինձ բոլորովին այլ խնդիր է մտահոգում: Բանը նրանումն է, որ Քիմի մեր երկիր  այցից հետո նրա սոցէջերում  մի քանի հարյուր անգամ ավելացել է հայաստանցի Ֆոլովերների թիվը, որոնց մեջ մեծամասնություն են կազմում դեռահասները: 12,13,14 տարեկան մեր դեռահաս աղջիկները հետևում են Քիմի «ինստագրամին», որ ի՞նչ սովորեն ՝ կասե՞ք... Գուցե ուզում են պարզել ՝ ինչպե՞ս է 35-ամյա կինը ամեն կերպ փորձում պահպանել իր երիտասարդությունը, կամ ինչպե՞ս կարելի է նիհարել երկու ծննդաբերություններից հետո, թե՞ նրանց հետաքրքրում են Քիմի հանդերձները, որոնք միանշանակ ո՛չ 12-14 տարեկան աղջնակի ճաշակովն են, ու ո՛չ էլ համապատասխան: «Քիմը այլասերում է մեր երեխաներին» ՝ կներեք, իսկ դուք տեղյա՞կ եք, որ Քիմը ամենևին էլ դրա նպատակը չունի, որ նրա լսարանը բոլորովին այլ տարքային խմբի մարդիկ են, որ Քիմին մեղադրելուց առաջ պետք է ձեզ մեղադրեք այն բանի համար, թե ինչու ձեր երեխան տարված է ոչ թե իր դասերով ու զանազան խմբակներ հաճախելով, այլ «Քիմաբանությամբ», Քիմին սրտաճմլիկ քոմենթներ գրելով, Քիմի մերկ ու 22+ լուսանկարները լայքելով, Քիմի դիմահարդարումը կրկօրինակելով: Ախր դուք, հենց դուք՝  ծնողներդ եք մեղավոր այն հարցում, որ ձեր երեխայի կուռքը ոչ թե «բարոյական» մեկ ուրիշն է, այլ հենց  Քիմը, մեղավորը դուք եք, և ոչ թե Քիմը,  որ ձեր երեխան իր հայրիկի նման ֆեյսբուքում հետևում է Քիմին, մեղավորը դուք եք, որ Քիմի հասցեին գրված ձեր քոմենթ-կոմպլիմենտը  առաջինը ձեր երեխան է լայքում՝ ու դա սարսափելի է:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել