Պատմվածքի՝ իմ լավ ընկերներից մեկի բնորոշմամբ՝ երեկվա մղձավանջի շարունակությունը

Ովքե՞ր էին բարձրահասակները

Լուսնի վախվորած հայացքի ներքո կատարված սպանությունը, գերեզմանի խոնավ փոսը շրջապատած սև ծառերը, այդ ծառերի ստվերներից անջատված խորհրդավոր բարձրահասակները, ողջ ճանապարհին չարագուշակ թափորն ուղեկցող գայլերի ոռնոցն ու վառվող աչքերը, դեպի իր մահը հոժարակամ գնացող մարդու կորացած կերպարանքը, լույսի սպիտակ շողերը ճեղքելիս մի պահ փայլած, հետո արյունով ներկված լինգերն ու քլունգները թյուրիմացության մեջ են գցում գլխավոր հերոսին: Հասնելով վերջին տողերին, տհաճությամբ մտածելով թարմ հողաթմբի վրա թքող բարձրահասակի մասին՝ գլխավոր հերոսը նորից է կարդում գյուղական տան հսկայական բակի մի անկյունում կառուցված արտաքնոցում ձեռքն ընկած թուղթը: Վրդովմունքով դեն է նետում այն.
,,Էժանագին, էժանագին հնարքներ,,- անանուն հեղինակի մասին մտածում է արհամարհանքով: Թուղթը պոկված է ինչ-որ գրքից, պատմությունն ակներևաբար կիսատ է: Գլխավոր հերոսը փորձում է լուսանցքներում գտնել հուշումներ. գրքի կամ հեղինակի անունը չկա: Գլխավոր հերոսն անհանգիստ է: Յուրաքանչյուր գործողություն պիտի ունենա իմաստ, թղթի վրայի պատմությունն իմաստ չունի: Սպանողի ձեռքը պիտի ուղղորդի ատելությունը, դանակի սայրից կաթկթող արյունը հասնելով գետնին պետք է դառնա ոսկեդրամ, ածելիով աղջկան կտրատելիս՝ մոլագարը պետք է բառաչի հաճույքից, դիակիզարանի վառարանը գործարկող սպան իր ցեղի համար պետք է կեենսական տարածք ազատի: Այդ սպանությունները սոսկալի չեն: Արյունոտ դեկորացիաներ, դաժանություն, երբեմն մասշտաբ, ուրիշ ոչինչ:
Գլխավոր հերոսնն ընթերցասեր է, գլխավոր հերոսը գիտի, որ Ադամ ֆիշը նամակ էր գրում իր առևանգած, սպանած ու խժռած աղջկա ծնողներին, երկար նկարագրում նրա այտերի համը: Գլխավոր հերոսը գիտի, որ մարդասպան ու արվամոլ Ջեֆրի Դամերն իր ամեն զոհի մեջ երկար ժամեր Ֆրանկենշտեյն էր որոնում՝ նրան ճանաչել տալով տառապանքի անսահմանությունը: Գլխավոր հերոսը տեղյակ է, որ Անդրեյ Չիկատիլոն՝ ,,Ռոստովներուդ՚,, ընկերություն համեստ մատակարարը, անտառաշերտում զոհի վրա հարձակվում էր վայրի գազանի կատաղությամբ:
Դեպքի վայրում՝ արյան հետքեր ու թափված փորոտիքի սահմռկելի հոտ, անտառաշերտում՝ անդամահատ վերջույթներ ու բզկտված իրան, դիակիզարանի ծխնելույզներից՝ թանձր, յուղոտ ծուխ ու ծառերի տերևներին սուգի պես ծանր նստող մոխիր: Գլխավոր հերոսն այդ սարսափներում տեսնում է նպատակ: Եթե կա նպատակ, այդ սարսափները կարելի է ճանաչել, իսկ ճանաչողությունը սարսափը վերածում է գիտության:
Գլխավոր հերոսն արտաքնոցի հատակից վերցնում է դեն նետած թուղթն ու կատաղած ճղրտում այն: Բարձրահասակներն իռացիոնալ են: Բարձրահասակներին հանդուրժել չի կարելի: Անանուն հեղինակն ատելի է: Գլխավոր հերոսի աշխարհը փլուզվում է: Ձյունահոսի մահաբեր շաչյուն: Ջրապտույտի սոսկալի ձագար: Շիկացած լավայի տակ թաղված քաղաքներ: Սոդոմ և Գոմոր: Եգիպտոսի յոթ պատուհասները:
Դռան առջև կանգնած բարձրահասակները քանդում են նրա հարմարավետությունը: Վազքով տուն: Դեպի բաց պատշգամբը: Դաշտի պես մութ ու անծայրածիր: Ճանապարհին հայհոյում է հեղինակին: Մթության մեջ գտնում է անկողինը, վերմակը քաշում գլխին: Վերմակը բուրում է մայրական ձեռքերով:
Երբ բակի հորերը լցրած ցորենի պես սորուն մթության մեջ հնչում է չարագույժ բախոցը, գլխավոր հերոսը դեն է նետում խայտաբղետ, անպետք լաթակտորը: Մարմինը սարսռում է բաց պատշգամբի բոլոր անկյուններից ծիկրակող ցրտից: Բակ իջնելիս հիշում է իր կյանքը: Հորիզոնին ուրվագծվող սև լեռներին նայելիս գլխավոր հերոսը տխրություն է զգում: Իր կյանքը, իր սիրելիները գագաթների հետևում են, կարծես թե մոտ, բայց անհասանելի: Դարպասների մոտ կանգնած բարձրահասակները լռակյաց են ու համբերատար: Գլխավոր հերոսն արտաքնոցում կարդացել է գրքից պոկված թուղթը: Գլխավոր հերոսը հիմա գիտի ապագան: Լողացնելուց հետո տանելու էին խրախճանքի, ու մահը լեռնագագաթների վրա մերկապար էր ցուցադրելու:
,, Լինգերն ու քլունգները երևի բացատում են թողել: Ճիշտ են արել, ինչ իմաստ ուներ հետները քաշ տալ էստեղ: Էհ, հո՞ հիմա չեն սպանելու: Մինչ լուսադեմը դեռ շատ կա,,-դարպասը փակելիս մտածում է գլխավոր հերոսն ու ժպտում իրեն գլխահակ սպասող բարձրահասակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել