Բաթումի դիլեման

1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։

Մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը։ Հարկ է նշել, որ չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։

Բաթումում 1918թ. հունիսի 4-ին թուրքերի հետ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեցին ՀՅԴ-ականն ներկայացուցիչներ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը և ժողովրդական Միքայել Պապաջանյանը, իսկ թուրքերից` Խալիլ բեյն ու Վեհիբ փաշան: Պայմանագրի վերնագիրն էր՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև», այսօր կարող է որպես ծաղրանք ու հեգնանք հնչել այս «ուռա-պատրիոտիզմի» անպատասխանատու ժամանակներում, սակայն այն դժնդակ օրերին չկար այլընտրանք: Այլընտրանքը կնշանակեր հրաժարում պետականությունից: Պայմանագրով Թուրքիային էր անցնում Արևմտեան Հայաստանը ամբողջապես և Արևելեան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և 5 գավառ։ Արդյունքում՝ Հայկական Հանրապետությունը հաստատվեց 12 հազ. քառ. կմ տարածքի վրա: Ընդհանուր հաշվով հայ ժողովուրդը կորցրեց ողջ Արևմտյան Հայաստանն ու Արլ. աստանից 28 հազ. քառ. կմ տարածք:

Այն ժամանակ հայ ժողովրդին առաջնորդում էին Քաջազնունու նման խոհեմ ու պատմական պատասխանատվություն կրող գործիչներ: Շատերը, այդ թվում ՀՅԴ շրջանակներից, հրապարակավ կամ իրենց մտքում, նրան համարում էին դավաճան, այդ թվում նաև Անդրանիկը, ով Հանրապետության ծնունդը համարեց ապօրինի՝ թուրքերի ստեղծածը: Մինչդեռ Քաջազնունին ոչ միայն պետական մտածելակերպով գործիչ էր, այլև իսկական հայր, ով իր որդիներին չէր թաքցնում հեռուներում. նրա որդիներից մեկը զոհվեց 1918թ. հայ-թուրքական պատերազմում, մյուսը՝ 1920թ. հայ-թաթարական բախումների ժամանակ:

Չնայած համատարած մեղադրանքներին ու հակադիր տեսակետներին` վարչապետ Քաջազնունին համոզված էր, որ Հայաստանը պետք է կատարի այդ պայմանագրի դրույթները և միջպետական հարաբերություններ պահպանի Օսմանյան կառավարության հետ:

Ժամանակը շատ արագ եկավ փաստելու, որ առանց ռազմական հաղթանակի ձեռք բերված քաղաքական հաջողություններն ընդհանրապես չեն դիմանում կյանքի քննությանը: Այդպիսին եղավ նաև Բաթումիի Դաշնագրի ճակատագիրը: Սարդարապատի մեջ ռազմականորեն պարտված Թուրքիան չէր կարող և չկարողացավ մնայուն բնույթ տալ Բաթումի Դաշնագրով իր ձեռք բերած քաղաքական հաջողությանը: Երբ 1918թ.ի հոկտեմբերին Մուդրոսի մեջ Դաշնակիցները խաղաղության դաշնագիր կնքեցին թուրքերի հետ, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը արդեն վերածվել էր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածությամբ պետականության:

Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն է, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել