Արցախը և Հայաստանը հաղթելով Ադրբեջանին մարտի դաշտում, դիվանագիտական դաշտում ընդունել են պաշտպանվողի կեցվածք, որը շատ դեպքերում պարտությունների է բերում և բերելու։ Մենք առաջնորդվում էինք՝ «Ում որ պետք է, նա էլ գիտի Արցախի հիմնախնդրի մասին» կարգախոսով՝ զլանալով միջազգային հանրություն կոչվածին թեթև պատմական էքսկուրս կազմակերպել և բացատրել Արցախյան հարցի հիմնադրույթները, իսկ Ադրբեջանն այդ ժամանակ աջուձախ մեղադրում էր հայերին ադրբեջանական հողերը օկուպացնելու մեջ։ Մենք սարսափելի վիրավորվում ենք, երբ ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում բարձրացվում է Արցախյան հիմախնդիրը, քանի որ գիտենք՝ մեր դիվանագետների բացթողումների պատճառով տանուլ ենք տալիս այդ հարթակներում։ Պատճառը՝ գործ չենք արել։ Մերոնց միայն հետաքրքիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի տեղեկացված լինելը։ Այդպիսի քաղաքականության պատճառով շատերի համար մենք օկուպանտ ենք`«զավթել ենք ամբողջ Արցախը և հարակից շրջանները»։ Զավեշտալին այն է, որ ՀՀ քաղաքացիներից շատերից կարելի է լսել ադրբեջանական քարոզչության տեսակետը Ադրբեջանի «գրավված» տարածքների և փախստականների թվի մասին։ Շատերը կրկնում են այդ տխրահռչակ 20%-ի և մեկ միլիոն փախստականի մասին ապատեղեկատվությունը։ Կրկնում են, քանի որ դա հերքողները այն չեն էլ հերքում։ Իսկ այդ ապատեղեկատվությունը հերքելը շատ հեշտ է.մի քանի փաստ և սպիտակ թելով շուլուլված այդ սուտը շատ արագ կքանդվի։
Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն ՀՀ-ի և Արցախի դեմ պայքարում սկսել է օգտագործել 1993 թ-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս՝ 822, 853, 874 և 884 բանաձևերը։ Այդ բանաձևերի մեջ անտեսելով իրեն ոչ ձեռնտու և առանձնացնելով Բաքվի համար ընդունելի կետերը, Ադրբեջանի ԱԳՆ-ն պայքարում է Հայաստանի և Արցախի դեմ՝ միջազգաին հանրությունից պահանջելով ճնշումներ և պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի դեմ այդ բանաձևերը ձախողելու համար։ Ադրբեջանական կողմը ապրիլյան կարճատև պատերազմից հետո էլ ավելի է ակտիվացրել իր հակահայ քաղաքականության մեջ այս բանաձևերի կիռառումը։ Այս բանաձերից են խոսում և նրանց հղում տալիս ալիևյան գրպանային քաղաքագետներից սկսած մինչև երկրի նախագահը։ Իսկ մերոնք կրկին ԼՌՈՒՄ են։ Բացարձակ ոչ մի արձագանք չեն լսել նաև մեր ԱԳՆ-ից։ Այնպիսի տպավորություն է, որ Բաքվից հնչող զառանցանքները իրականություն են։ Ու չեմ զարմանա, եթե մի ժամանակ անց մեր հասարակությունը ևս հավատա, որ այդ բանաձևերը հակահայկական են։ Այնինչ, դրանք ճիշտ մեկնաբանելու դեպքում Հայաստանը կարող է Ադրբեջանին բավական ծանր վիճակի մեջ գցել։ Նախ, այդ չորս բանաձևերից ոչ մեկում չկա որևէ մեկ ակնարկ, որ Հայաստանն է գրավել Ադրբեջանի տարածքները։ Այսինքն, Ադրբեջանի պահանջները ՀՀ-ից դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից անհիմն են։ Ընդհակատակը, չորս բանաձերերից երեքում՝ 822-ում, 853-ում և 884-ում կան կետեր, որտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջական բանակցություններ վարել «տեղի հայկական ուժերի» կամ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի» հետ։ Այսինքն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում էր Բաքվից բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ, որն անտեսվել է Ադրբեջանի կողմից։ Այդ բանաձևերում կան ևս բազմաթիվ կետեր, որոնք ձախողվել են Ադրբեջանի կողմից։ Օրինակ՝ 853 և 874 բանաձևերում կային կետեր, ըստ որի հակամարտող կողմերից պահանջվում էր վերականգնել տրանսպորտային, էներգետիկ և տնտեսական կապերը, որոնք մնացին թղթի վրա ադրբեջանական կողմի մեղքով։
Հ.Գ.ՀՀ ԱԳՆ-ն պետք է լակոնիկ, բայց կոշտ տեղը դնի Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1993 թ-ի ընդունված չորս բանաձևերի ձախողման միակ մեղավորին բացահայտելու գործում։ Եթե հապաղենք, ապա այս «դիվանագիտական» մարտում էլ տանուլ կտանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել