Վաղը 1400 դպրոցում 25 հազար 12-րդ դասարանցի հրաժեշտ կտա դպրոցին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:


«Ուղիղ հիսուն օր առաջ «Վերջին զանգի» տոնը վտանգված էր, սակայն մեր հերոսների կյանքի գնով վաղը կկարողանանք նշել այն»,- ասաց նա:


Պաշտոնյան նշեց, որ բոլոր դպրոցներում «Վերջին զանգի» միջոցառումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:


Անդրադառնալով դրամահավաքության խնդրին, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ  հուրախություն բոլորին այս տարի դրանց ահազանգերի թիվը քիչ է: «Տասնհինգ ահազանգ ենք ունեցել, և դրանք հիմնականում անանուն են եղել և  դժվար է եղել հասկանալ իրականությունը»,- ասաց նա:


Դիտարկմանը, թե  «Թրանսփարենսի ինթերնեշնլը» նամակ էր հղել նախարարին՝ ներկայացնելով դրամահավաքության դեպքեր, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք  այդ դպրոցների  տնօրենների հետ զրույց են ունեցել, և պարզվել է, որ «Վերջին զանգի» համար հավաքագրված գումարները  ծնողների կազմակերպածն է եղել:


«Պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել, քանի որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծնողներն են կազմակերպել»,- ասաց նա:


Նարինե Հովհաննիսյանը նկատեց, որ «Վերջին զանգն» այժմ ավելի ճոխ է նշվում, և երեխաները չեն համաձայնվում այն տանը նշել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել