Ռիլի անունով ոսկեծամիկ շնիկը արդեն հինգ տարի է, ինչ «Երջանիկ շնիկ» սրճարան-խնամքի կենտրոն է հաճախում։ Այնտեղ շատ են սիրում այս  զվարճալի շնիկին։ Ռիլին ինքն էլ է սիրում հաճախել այս կենտրոն, որտեղ ուրախ ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ՝ շների ամենասիրած բաներն անելով՝ իրար հետևից վազվզելով,  տարբեր բաներ ուտելով, կրծոտելով, հոտոտելով և այլն։

 

Անցած շաբաթ Ռիլին իր տիրոջ՝ Թոնիա Մոսթելերի հետ մեքենայով անցնում էր կենտրոնի մոտով և հանկարծ տեսավ իր շնիկ-ընկերներին կենտրոնի աշխատակիցների հետ զբոսնելիս։

Մոսթելերը պատմում է, որ շնիկն սկսեց վնգստալ, երբ իրենք հեռացան կենտրոնից, քանի որ այդ օրը Ռիլիին այդտեղ չէին տանելու։ Հետո Թոնիան շանը թողեց բակում և գնաց իր գործերով։ Ու նա չէր էլ պատկերացնում, թե ինչ կլինի հետո...

Դրանից մոտ մի ժամ անց կենտրոնի աշխատակիցներից մեկը դուրս նայեց և տեսավ, որ Ռիլին նստած է դռան մոտ։ Ու այնպիսի տեսք ուներ, ասես, մեկ ամբողջ կիլոմետր կտրել-անցնելով, խնամքի կենտրոն հասնելը մի մեծ բան չէր։

 «Դուրս եկա, տեսնեմ, Թոնիան հե՞տն է, բայց նա այնտեղ չէր»,- պատմում է սրճարան-խնամքի կենտրոնի սեփականատիրուհի Թերեզա Մաքկարտերը։ Այսպիսով, նա բացեց դուռը, և Ռիլին վազելով ներս մտավ։ «Ճանապարհը շատ լավ գիտի, քանի որ հաճախ են ոտքով նրան այստեղ բերում։ Եվ այդ օրն էլ, փաստորեն, որոշել էր, թե, ինչ էլ, որ լինի, անպայման պիտի կենտրոն գա»։

 Աշխատակիցները միանգամից զանգահարեցին շան տերերին։ Վերջիններս հայտնաբերեցին, որ Ռիլին ինքնուրույն բացել էր բակի ցանկապատի դուռը, որն այդ օրվանից ի վեր արդեն կողպում են, և ասացին, որ հենց հիմա կգան շնիկին վերցնելու։

 Սակայն տեսնելով, թե շնիկն ինչ մեծ ջանքեր է թափել կենտրոն հասնելու համար, Մաքկարտերն առաջարկեց, որ թույլ տան օրն անցկացնի կենտրոնում։

 «Նա խնամքի կենտրոնում անցկացնելու մեկ անվճար օր ստացավ և այդ օրը մի լավ զվարճացավ», - պատմում է Մաքկարտերը։

Իսկ Թոնիան ասաց, որ շատ ուրախ է տեսնել, թե իր շնիկն ինչքան է սիրում խնամքի կենտրոնը, որն արդեն, ասես, նրա երկրորդ տունը դարձած լինի, և գուցե սրանից հետո նրան ավելի հաճախ տանեն այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել