Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ անցել են ժամանակները, երբ անհատական նախաձեռնություններով ու հայրենասիրությամբ հնարավոր է պահել սահման: Կամավորականների ծառայությունները Արցախում անքննելի են, բայց մեզ անհրաժեշտ է նոր տեսլական: Մենք, թիկունքում, չպետք է սպասենք թե երբ է լինելու պատերազմ, որ գնանք ու կռվենք, որքան էլ ազնիվ լինի այդ մղումը: Մեր բանակը այսօր ունի հզոր թիկունքի կարիք, այդ համակարգի գործունակությունը պետք է ապահովի ու համակարգի պետությունը: Իսկ պետությանը անհրաժեշտ են պարկեշտ ու բանիմաց կառավարիչներ, պարտաճանաչ հարկատուներ, ստեղծագործ գիտնականներ ու առաջադեմ ձեռներեցներ: Երկիրը հայրենիք կոչում են այն ժամանակ, երբ չկա պետականություն, երբ բացակայում է ինքնակառավարման ու ինքնազարգացման հնարավորությունը: Հայրենիքը պահանջում է օտար լծի թոթափում, պատմական արդարության վերականգնում և ազգայնականություն: Մենք դրա կարիքը չունենք, մենք ունենք պետություն, նույնիսկ պետություններ: Մեր պետությունը որևէ օտար լծի տակ չէ, մենք ազատ ու անկախ երկիր ենք, որին անհրաժեշտ է խաղաղություն և զարգացում: Մեր թիվ մեկ թշնամին այդ պետությունը թուլացնողներն են, թե դրսից և թե ներսից: Եթե սահմանում կանգնած զինվորները ու դիվանագետները պայքարում են դրսի թշնամու դեմ, մենք՝ երկրի ներսում պետք է ինքնամաքրվենք ու վերջապես հասկանանք, որ մեր ազգի միակ փրկությունը հզոր պետություն ունենալն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել