«Չաստնի դետեկտիվներ» դարձած վիդեոռոլիկներ «ռասկռուտկա» մի՛ արեք …
բավական է մեկ-երկու օր վառոդի օդը քթներիցս հեռու լինի, մեկ-երկու օր հարաբերական անդորր տիրի մեր սահմաններին, մեկ-երկու օր հայ զինվորի մահվան բոթ չլսենք, ու իսկույն մեր մեջ գլուխ կբարձրացնի մանիպուլյացիան ու ի հայտ կգա պրովոկատորը:
Տարածք ենք կորցրել, այո՛, մարտական դիրք կամ հենակետ, ցավալի է իհարկե, բայց …
Պատերազմ է եղել, բա ի՞նչ էիք ուզում: Կորցրել էլ ենք, հետ էլ ենք բերել:
Էդ մարտական դիրքը կամ հենակետը հենց էնպես չենք հանձնել:
Էդ մարտական դիրքը կամ հենակետը մինչև կյանքի վերջին վայրկյանը պաշտպանել է հայ զինվորը:
Էդ մարտական դիրքի կամ հենակետի համար հայ զինվորի արյուն է թափվել:
Ու հիմա աշխարհացունց երևույթ բացահայտածի նման «ԷՎՐԻԿԱ» եք գոռում ու «չաստնի դետեկտիվներ» դարձած վիդեոռոլիկներ եք «ռասկռուտկա» անում, որ ի՞նչ…
Ձեզ ո՞վ է թույլ տվել հայ զինվորի հեղված արյունը շահարկել կիլոմետրերով կամ միլիմետրերով:
Մի՛ արեք դա, տղե՛րք, պատիվ չի՛ բերում, թուրքի ջրաղացին ջուր մի՛ լցրեք:
Թուրքն իր հազարավոր զոհերը մեծագույն վարպետությամբ քողարկում ու թաքցնում է, իսկ դուք մատի փաթաթան եք սարքել քիչ չէ, դեռ մի բան էլ լուն ուղտ եք սարքում ու սկուտեղի վրա հրամցնում թուրքին:
Հայրենասիրությունից դրդված եք դա անու՞մ, այսի՞նքն…
Վրեժխնդրությունից դրդված` ումի՞ց…
Մարտական ուղի անցած ու հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցած ցանկացած հայորդու առջև գլուխ եմ խոնարհում, բայց սրբագույն այդ վաստակը պահել է պետք կրկնապատկելով ու բազմապատկելով հայրենանվիրությունը միայն, և ոչ վնասաբեր պրովոկացիաներով:
Ապրիլյան պատերազմն իրավիճակ է փոխել, տղե՛րք, հիմա նոր մարտահրավերների առջև ենք կանգնած, առավել զգոն է պետք լինել:
Առաջնագիծն ամուր է, տղե՛րք, մի՛ խարխլեք թիկունքը:
Սերունդը ձեզ չի՛ հասկանա, տղե՛րք, սերունդը ձեզ չի՛ ների:
Ձեր ավանդը ջուրը մի՛ գցեք, տղե՛րք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել