Ժամանակն եկավ, որ առաջին կարծիքս հայտնեմ առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Սա անում եմ ոչ թե «մոդայից» հետ չմնալու ու ինչ-որ բան գրած լինելու համար, այլ քանի որ արդեն հասցրել եմ քչից-շատից ուսումնասիրել բոլոր թեկնածուներին, նրանց աշխատելաոճն ու հնարավորությունները:

Կասկած, թե ով է հաղթելու ընտրություններում, բացարձակ չունեմ: Սարգսյանը նորից կընտրվի նախագահ՝ օգտագործելով բոլորին քաջ հայտնի լծակները՝ զինծառայողներին, հանրային ծառայողներին, պետական ու կառավարական լծակները: Սարգսյանը հիմա մրցակցությունից դուրս է, ինչը շատ վաղուց հասկացել էր Ծառուկյանը, ով իր փողերի հաշիվն էլ գիտեր, գլխի գալիքն էլ ու 8 մլն զուր վատնելու ցանկություն չուներ: Սերժը կդառնա նախագահ անկախ նրանից, ուզում ենք դա ես, դու կամ մյուսը:

Իսկ ահա երկրորդ տեղի համար իսկական պայքար կծավալվի: Ու այդ պայքարը, հավատացեք, պակաս կարևոր ու հետաքրքիր չէ: Այս ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցնող թեկնածուն կարող է որոշ հույսեր փայփայել, որ մյուս ընտրություններում գոնե 10% շանս կունենա, քանի որ այս պահի դրությամբ չեմ տեսնում այն հզոր ուժին ու այսպես ասած «ավտարիտետ»-ին, ում Սերժը կժառանգի իր գահը, ճիշտ է, եթե հանկարծ Քոչարյանը չորոշի իր 4 մլրդ կարողությունը դարձնել 8: Ներկա թեկնածուներից ես լուրջ եմ վերաբերվում միայն 3-ին, քանի որ միայն այդքանն են գոնե չնչին չափով պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում նախագահի պաշտոնը:

Կներեք ինձ, բայց ռադիոընկերություն ղեկավարելն ու պետություն ղեկավարելը նույն բանը չի: Հացադուլով բանի չես հասնի: Հիմա ինչ, եթե վաղը մյուս օր դառնա նախագահ, պետքա ՆԱՏՈ-ի շենքի դիմաց հացադո՞ւլ անի, որ հարց լուծի: 
Կներես, Անդրիաս ջան, բայց սա 21-րդ դարն է, մտքի դարը, ոչ թե զոռբի:

Հայաստանն էլ Քուռկիկ Ջալալին չի, որ հեծնես, գնաս Բաղդադի խալիֆին սպանես, Սեդրակյա՛ն: Քո մասին հրապարակված նյութերը կարդալով՝տպավորություն ա ստեղծվում, որ տնային տնտեսուհի ես: Դիվան քշելով դիվանագետ չեն դառնում, էդ դարն էլ ա անցել:

Արամ Հարությունյանն էլ երևի էս 10 տարում չհասկացավ, որ Կոլայի շիշը բացելուց ու խցանի տակ «Կրկին փորձիր»-ը տեսնելուց հետո խցանը փակել բացելը օգուտ չի տա: Ի՞նչ ա ուզում էս մարդը: Հասկացանք, գիտակ, ավարտած մարդ է, լավ պաշտոններ է զբաղեցրել, բայց նախագա՞հ: Նյեա: Ինքն էլ երևի չգիտի, ինչ ա իրենից ուզում:

Արման Մելիքյա՞ն: Էս մարդը ԼՂՀ արտգործնախարար եղած ժամանակ ի՞նչ արեց, որ հիմա գա ինչ անի: Գիտի, թե որ Ղարաբաղի հաց ու ջուր ա կերել, կարա նախագահ դառնա: 

Հրանտ Բագրատյան: էն 3 թեկնածուներից մեկն է, որոնց մասին խոսում էի: Էս մարդը իրոք ազդեցիկ է, վերջին տարիներին էլ երկրի ղեկավարման համակարգերում աշխատած մարդ է: ԲԱՅՑ: Կա մի ԲԱՅՑ: Բագրատյանը էս ընտրություններում զուտ ձայն փախցնող է, ոնց որ նախորդ ընտրություններում Արթուր Բաղդասարյանը: Բագրատյանը առաջադրվեց սեփական կամքով: Մարդը գնում ա գյուղեր, խեղճ գյուղացիներին երջանկացնելու խոստում ա տալիս, ձմռան դեմ լիներ, մի երկու տարա էլ մուրաբա կտար:

Պարույր Հայրիկյան: Հարգում եմ այս մարդուն թե՛ իր քաղաքական էթիկայի, թե՛ գիտելիքների, թե՛ պահելաձևի համար: Մարդը հստակ ծրագիր ունի, որ ներկայացրել է հասարակությանը: Ուղղակի նրա արևմտահայերեն-յան սերը չեմ հասկանում: Մարդ ես, մեկ էլ տեսար բա որ ընտրվեց ու երկրորդ օրը օրենք առաջարկեց, որ պետական լեզու դառնա արևմտահայերենը: Նա նման նախաձեռնությամբ արդեն հանդես է եկել: Էս մարդը, երկրի դարդն ու ցավը թողած, ընկել է լեզուն փոխելու հետևից: 

Րաֆֆի Հովհաննիսյան: Րաֆֆին բավականին լուրջ քայլեր ա ձեռնարկում, ու կարծում եմ, երկրորդ տեղի համար պայքարում հենց ինքն է ֆավորիտ: Առաջին տեղի համար չի կարող պայքարել, քանի որ չափից դուրս ամերիկյան մտածելակերպ ունի: Ինչքան էլ ուզում ես մազ կտրիր, ժողովրդի հետ հանդիպիր, արդար ճանապարհով էս երկրում բանի չես հասնի: Ինձ շատ դուր եկավ իրա քայլը՝ մտնել ժողովրդի մեջ ուղիղ կոնտակտի: Մարդը առանց վախի մտնում էր առաջին պատահած վայրը՝ ի տարբերություն ոմանց, ում գալուց ժամեր առաջ տարածքում հազարավոր ոստիկաններ են հավաքվում:

Ես դեռ չեմ որոշել, թե ում կտամ ձայնս: Այս գրածներս ամենևին էլ հիմք չեն, որ մեկը ենթադրություն անի դրա վերաբերյալ: Սրանք զուտ տպավորություններ են:

Հ.Գ. Արմեն Աշոտյանին էլ խորհուրդ կտամ ավելի քիչ մեկնաբանել նախընտրական անցուդարձը ու զբաղվել իր գործով՝ ԿԳՆ-ի հարցերով, թե չէ մեր կրթության հետ կապված խնդիրները ավելի են ծառանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել