Հակագազ

Հսկիչ-անցագրային կետի մոտ

Զորամասի հսկիչ-անցագրային կետի շենքի երկու պատուհաններին կապարե ծանր թերթեր էին ամրացրել: Պատուհանների բարակ շրջանակների մեջ խնամքով տեղավորած կապարե թերթերին նայելիս թվում էր, թե շենքին կույրի անթափանց ապակիներով ակնոց են հագցրել՝ սարսափազդու, դատարկ ակնախոռոչների կուչ եկած միսը քողարկելու համար: Կապարե թերթերը հսկիչ անցագրային կետում հերթապահող անձնակազմին պիտի պաշտպանեին ներթափանցող ճառագայթումից: Հետախույզները նախօրեի խորհրդակցության ժամանակ պնդել էին, որ հակառակորդը հաջորդ օրը երեկոյան դեմ միջուկային ռումբ է կիրառելու: Եթե միջուկային հարվածը զորամասին մոտ հասցվեր, զորամասի բոլոր շինությունները, նաև հսկիչ անցագրային կետի շենքը, շենքին հագցված կապարե ակնոցներն ու շենքում հերթապահող մարդիկ գոլորշիանալու էին՝ դառնալով մինչ երկինք բարձրացած ատոմային սնկի հսկայական ամպի մի փոքրիկ, պատառ-պատառ եղած ծվենը:
Սակայն ռումբը կարող էին նետել նաև զորամասից հեռու, տասնյակ կիլոմետրեր հեռու: Այդ դեպքում պատուհանների կապարե թերթերն ասպետների վահաններ էին դառնալու՝ մարտերում խունացած, փայլն անվերադարձ կորցրած, սակայն հուսալի և ամուր վահաններ: Այդ դեպքում կապարե թերթերը պաշտպանելու էին անաղմուկ ու անտեսանելի մարդասպանից՝ ներթափանցող ճառագայթումից:
Առավոտյան, երբ միջուկային հարվածի մասին լուրը հաղորդել էին, զորամասի ողջ անձնակազմին պահեստից հանել ու մարդկանց հակագազեր էին բաժանել: Զորամասի հրամանատարը՝ հսկայական ուսերի արանքում փոքրիկ լապտերի պես փայլող ճաղատով գնդապետը հրամայել էր, որ հակագազների ապակիները հղկեն ու փայլեցնեն, հետո ամեն մեկն իր հակագազի ապակիները սև էր ներկել: Երբ միջուկային ռումբը պայթեր, ցասումից շիկացած, անհամար կրակներով պսակված արևն ընկնելու էր գետնին: Անասելիորեն զայրացած՝ կուրացնելու էր իրեն նայող մարդուկներին՝ անհամար փայլող կրակներով, ասես բիբերի մեջ մխրճած անհամար սրերով, խլելով նրանց տեսողությունը: Հետո, երբ երկրի վրա ընկած արևը միջուկային սնկի կատարին նստած նորից վեր բարձրանար, կենդանի մնացածները մաքրելու էին հակագազների ապակիների սև ներկը ու չէին ճանաչելու երկիրը, որի վրայով գլորվել էր ցասումից շիկացած արևը:
Հսկիչ անցագրային կետի հերթապահը՝ տարեց, փոքրամարմին սպան զայրացած էր: Անզոր զայրույթից ողջ օրը կծոտել էր շուրթերը: Հերթապահությունն ընդունելիս հանդիպել էր հսկիչ –անցագրային կետի մոտ կանգնած ամենագնացում մի կողքի վրա թեք նստած, ինչ-որ մեկի հետ շփոթված տեսքով հեռախոսազրույցի բռնված հրամանատարին: Մոտեցել ու ներկայացել էր: Հրամանատարը մի կողմ էր դրել հեռախոսը, ուշադիր նայել էր սպային՝ ասես փորձելով հիշել, թե վերջին անգամ որտեղ է տեսել նրան ու անսպասելիորեն հայհոյանքների տարափ էր տեղացել:
-Արա, ինչու՞ սափրված չես: Ես քո փնթի…. Չգիտե՞ս, որ սպան պիտի միշտ սափրված լինի, հատկապես՝ միջուկային հարվածի սպասելիս, սափրված այտերն անկոտրում ոգու նշանն են: Թե՞ միայն խոսել գիտեք: Հը՞, արա: Դրա համար էլ ամեն ինչով ե՞ս պիտի զբաղվեմ:
Հայհոյանքների տարափ տեղացող գնդապետի ճաղատը մեքենայի միջից փայլել էր ասես փայտյա լաքապատ գունդ: Հերթապահը՝ դողացող շուրթերով, ուսերը կռացրած տարեց սպան, նայել էր հրամանատարի փթանոց մարզաքարեր հիշեցնող կլոր ուսերի վրա ցնցվող փոքր գնդին ու պատկերացրել, թե ինչպես է ճաղատի ողորկ մակերեսին հսկայական պողպատե սեպեր խփում: Վստահ էր, որ ճեղքելուց հետո գնդի երկու կեսերն իրարից զզված ամուսինների պես միանգամից բաժանվելու են, ու ինքը հայտնաբերելու էր ընկույզի սմքած միջուկի չափ փոքր, կուչ եկած ուղեղը:
-Արագ կարգի բե՛ր քեզ, – հայհոյանքների տարափից հոգնած, գրեթե փաղաքուշ ձայնով ասել էր հրամանատարը: Քիչ անց զորամասի շարասյան առջևում հրամանատարը մեկնել էր լեռներում կառուցված, մինչ այդ միայն զորավարժությունների ժամանակ կիրառված Ապաստարանը:
Շուրթերը զայրույթից կծոտելով կուլ էր տվել հրամանատարի ծանր բառերը: Շուրթերը զայրույթից կծոտելով սափրվել էր: Սափրվել էր, որովհետև միջուկային ռումբը կարող էր ընկնել զորամասից հեռու, տասնյակ կիլոմետրներ հեռու, ու ինքը կենդանի էր մնալու: Հսկիչ-անցագրային կետում միջուկային հարվածին սպասելիս զգացած անափ ազատությունը իր հոգնած մարմնի հետ չէր գոլորշիանալու միջուկային սնկի գալարվող քուլաներում: Երբ մահաբեր ամպը նստեր գետնին, ներթափանցող ճառագայթումից կապարե թերթերով պաշտպանված ավտոմեքենաներով նորից հայտնվելու էին իր ազատության խստապահանջ տերերը:
Սափրվելիս կատաղորեն քերել էր երեսը՝ վրեժխնդիր լինելով իրեն հրամանատարի առջև խայտառակելու համար ու մի քանի անգամ խոր կտրել էր մաշկը: Զուգարանի թղթի փոքրիկ կտորներ էր կատաղորեն պոկոտել, լեզվի ծայրով թրջել դրանք ու կպցրել կտրվածքներին: Հերթապահությունն ընդունել էր թղթի կտորներով պատած ծնոտով և այտերով: Օգնականնները չէին փռթկացել, հերթապահին նայել էին տխուր, ամեն ինչ հասկացող աչքերով: Բարևել էր օգնականներին: Ձեռքով:
-Դեհ, գնանք, տղանե՛ր,-ասել էր այնպես, կարծես իր որդիների հետ էր խոսում:
Մտել էին հսկիչ-անցագրային կետից ներս ու դանդաղ փակել դուռը, աչքերը հառած դռան փակվելու հետ փոքրացող ու շրջանակին հասնելուն պես՝ դռան և շրջանակի միջև մնացած նեղ ճեղքում ճզմված լույսին:

Հարվածին սպասելիս

Հսկիչ–անցագրային կետի կապարե թերթերով փակված պատուհաններից լույսը ներս չէր թափանցում: Տեղադրելիս թերթերի եզրերը զոդել էին պատուհանների մետաղյա շրջանակներին: Շենքում տիրող մթության դեմ հուսահատորեն պայքարում էր տագնապային լամպի կապտավուն, առկայծող լույսը: Առկայծող լույսի կապտավուն ցոլքերի ներքո հերթապահի ու նրա երեք օգնակաների դեմքերը անկենդան ու տարօրինակորեն ձգված էին թվում: Այտերը՝ փոս ընկած, աչքերը՝ զարկերակի պես տրոփող, անհանգիստ: Խունացած համազգեստները կապտավուն ցոլքերի մեջ փայլփլում էին մետաղաթելե կարերից անդրադարձող կայծերով: Թվում էր, թե հսկիչ-անցագրային կետում կապույտ կրակից շապիկներ հագած ուրվականներ են հայտնվել: Կենդանի դիակներ: Բորբոսնած շիրիմներից դուրս եկած վաղեմի հանգուցյալներ, մի անծայրածիր գերեզմանատան շրջմոլիկ բնակիչները: Սենյակի կենտրոնում առկայծող լույսին միահյուսված ու նրա հետ թրթռացող մթությունը խտանում էր անկյուններում՝ ասես թշնամական զորք, սպասելով սենյակի կենտրոնում առկայծող մենավոր լամպի վրա հարձակվելու ժամին: Մթության խորքից, որտեղ զուգարանի կիսաբաց դուռն էր, լսվում էր ծորակից ընկնող ջրի ծանր կաթիլների ձայնը, սենյակի կենտրոնում՝ թրթռացող լույսի պես անհանգիստ՝ չորս գունատ մարդու ընդհատ շնչառությունը:
Հերթապահն իր սրտի տեղում դատարկություն էր զգում: Սրտի մեծ մասը թողել էր քաղաքում՝ կնոջ ու երեխաների մոտ: Ցանկանում էր զրահահար հրթիռի նման ծակել պատուհաններին ամրացրած կապերե թերթերն ու լինել ընտանիքի մոտ՝ ապագան՝ մահը կամ փրկությունը նրանց հետ կիսելու համար: Սրտի՝ քաղաքում թողած կտորի փոխարեն կրծքի տակ նվվացող ցավ էր զգում՝ ասես ինչ-որ մոլագարի հմուտ ձեռք իր մաշկից երկարավուն զոլեր էր պոկել՝ թողնելով արնածոր վերքեր: Վախ չկար, որովհետև ինքը ոչինչ անել չէր կարող: Վախ չկար, որովհետև ապագան անխուսափելի էր կյանքի վերջնագծի մոտ կանգնած ու բարեհոգաբար ժպտացող մահվան պես: Վախ չկար, որովհետև անխուսափելի ապագան կույր էր՝ ասես մոլեգնած տարերք:
Խաղաղությունը լուսադեմին քաղաքի վրա իջնող լռության չափ խորն էր թվում, իրար հաջորդող օրերի ու տարիների չափ՝ անվերջանալի: Լռության չափ խոր ու իրար հաջորդող տարիների պես անշտապ խաղաղությամբ պարուրված քաղաքում ռմբապաստարաններ չէին կառուցել: Եթե միջուկային ռումբը նետեին քաղաքի վրա, հերթապահի կինն ու երեխաները ատոմային ամպի սև, կեղտոտ քուլաներում առկայծող փոքրիկ աստղեր էին դառնալու: Ծխի հաստ, անվերջանալիորեն վեր խոյացող սյան գագաթին բարձրանալու էին երկինք, ու հերթապահն ամեն գիշեր տիեզերքի աստղալից մթության մեջ անհուսորեն փնտրելու էր նրանց՝ իր սրտի ամենից մեծ կտորն անվերադարձ տարած կնոջն ու երեխաներին:
Ժամանակը կանգնել էր: Հերթապահին թվում էր, թե իր մտքերն հավաքվում են գլխի կատարին, մազերի պտույտքի տակ, խտանում, ծանրանում, հետո կաթիլների պես հատ-հատ ընկնում ներքև, իսկ ինքը, ասես դրսից, զարմանքով նայում է մտքերի՝ ընկնելուն պես չորս կողմը տարածվող ցայտերին՝ անզոր լինելով կառավարել դրանք:
Մթության մեջ անտեսանելի պատին ամրացված բարձրախոսում հնչած ձայնը սենյակում արձագանքեց, ասես հնչում էր մի հազարամյա դամբարանի խորքից:
-Առաջինը՝ դարպասներին, Առաջինը՝ դարպասներին- պատասխան պահանջեց ձայնը:
-Դարպասներն՝ Առաջինին, ընդունում եմ,- սեղանին ամրացված խոսափողի վրա կռանալով՝ պատասխանեց հերթապահը:
-Մեկ ժամից սպասեք հարվածի, մեկ ժամից սպասեք հարվածի,- գուժեց ձայնը:
-Դարպասներն՝ Առաջինին, ընդունել եմ,- ցածրաձայն պատասխանեց հերթապահը:
-Կապի վերջ:
Հերթապահին թվաց, թե ջրի հսկայական կաթիլի պես հիմա ներքև է ընկնելու ու բյուրավոր ցայտերի է բաժանվելու նաև իր գլուխը: Կամքի ուժով կարողացավ մի կերպ գլուխը պահել ուսերի վրա: Նայեց մոմե տիկնիկների պես լուռ, անշարժ իր օգնականներին:
-Տղաներ, ինքներդ լսեցիք հաղորդագրությունը, ռումբը մեկ ժամից նետելու են: Այստեղ չորս հոգով մնալը լիակատար հիմարություն է: Հիմա դուք կհագնեք հակագազերը, վազքով կհասնեք դեպոյին, այնտեղից կվերցնեք առաջին իսկ պատահած դրեզինան ու դրանով կսլանաք դեպի Ապաստարան:
Մոմե տիկնիկների աչքերում թերահավատության ու հույսի կրակներ հայտնվեցին: Կրծքերն ուռեցին՝ մատնելով թոքերի ուժեղացած աշխատանքը:
-Հրամանատա՛ր, քեզ մենակ չենք թողնելու, չգիտեմ՝ ով ինչպես, ես մնում եմ,- առարկեց օգնականներից մեկը:
-Հրամանատարը մի բան գիտի, եթե ասում է գնացեք՝ ես գնում եմ,-արագ-արագ, ասես վախենում էր ուշանալ՝ վրա բերեց երկրորդը:
– Միգուցե հրամանատարին էլ մեր հետ վերցնե՞նք,- հարցրեց երրորդը:
-Բայց հրամանատարը որոշել է մնալ,- հիշեցրեց երկրորդը:
-Ես նրա հետ եմ,-պնդեց առաջինը:
-Ձայնե՛րդ,- հերթապահը բռունցքը զայրույթով խփեց սեղանին,- ժամանակը սպառվում է, ավարտը մոտ է, ոչ մեկդ էլ այստեղ չի մնալու:
-Բայց ես,-փորձեց հակաճառել առաջինը:
-Ոչ մի բայց, վազքով դեպի դեպոն,-զարհուրելի ձայնով հրամայեց հերթապահը:
Հրամանը ասես գործարկեց օգնականների մարմնում թաքնված մեխանիզմն աշխատացնող կոճակը: Նրանք վեր ցատկեցին, իրար հրմշտելով ու խանգարելով՝ բացեցին հսկիչ-անցագրային կետի ծանր դուռն ու վազքով անհետացան դռան բաց խորշից թափով ներխուժած կուրացուցիչ լույսի մեջ: Հերթապահը դանդաղ վեր կացավ աթոռից, աչքերը կկոցած՝ մոտեցավ կուրացուցիչ լույսի մեջ թաղված դռանն ու, ծանր շնչելով, փակեց այն: Հետո նստեց աթոռին, գլուխն իջեցրեց սեղանին դրված ձեռքերի վրա ու թույլ տվեց, որ տագնապային լամպի կապտավուն լույսով իր դեմքն ագահորեն լիզող մթությունը, հազարամյա ամայության, ավերված Բաբելոնի փոշու ու հարյուրավոր հրդեհների մոխրի հոտով ներծծված մթությունը ներխուժի իր մեջ:

Շարունակությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել