Ես տեղյակ էի, գիտեի եւ վաղուց գիտեմ որ աղքատ, թշվառ ու որեւէ հեռանկարից զուրկ հանրությունների մեջ անտանելի ակտիվ են <<հայրենասերները>>: Ես այս մասին տեղյակ էի այն ժամանակներից, երբ ազգային ընտրանին դեռեւս Հայաստանի մեջ լինելով, ապրելով, 80-ականների վերջին դուրս եկավ իր իրավունքն ու ազատությունը վերադարձնելու, որ կորցրել էր 1920-ից, իսկ <<հայրենասերները>> բողոքներ էին ճզմզում թե ցուցարարների աղմուկը խանգարում է իրենց հանգիստ վայելել այն առասպելները թե բաբաջանյաններն ու բաղրամյանները նախ հայ, եւ ապա պատերազմը հաղթած զորավարներ են: Եւ ինչպես հիմա, այսօր, առավել եւս սրանից գրեթե 30 տարի առաջ, այս խավը ոչ ինքն իրեն ու ոչ էլ գոնե դպրոցի իր ուսուցիչին չի հարցրել թե ով եւ ինչպես է հաղթել երկրորդ աշխարհամարտը: Որովհետեւ եթե ազգային գոռոզությունը չշփոթեին ազգային արժանապատվության հետ, ապա անպայման կիմանային որ ռուսական Չարիքի կայսրության մեջ որեւէ զորավար հայի հայրենիքը չի՛ պաշտպանել, այլ իրեն նվաճող կայսրության եւ այն էլ զինվորին որպես թնդանոթի միս զոհաբերելով: Ու թեեւ ես վաղուց գիտեմ որ մեզանում, ինչպես հավանաբար ամեն մի գաղութային երկրի հանրության մեջ առատ են ստրկամիտ տգետները, բայց քանի որ տեղյակ եմ նաեւ մի շատ ավելի հետաքրքիր հանգամանքի մասին, ապա որեւէ բառ չեմ գրելու նախորդ գրառումիս հաջորդող <<հայրենասերների>> այլանդակություններին պատասխանելու համար: Բանն այն է, որ այլեւս հաստատված է ու ապացուցված, թե անկյալների մի խումբ, այդ տարածքների մեջ իր օրվա հացը բառի բուն իմաստով վաստակում է հենց այնպիսի գրառումներով որ հանդիպեցի նախորդի տակ: Հասկանալի է, որ Ռուսաստանի մեջ այս <<գործով>> ապրողները մի գին ունեն, Հայաստանի մեջ <<աշխատողները>>՝ ուրիշ եւ բնականաբար բոլորովին տարբեր գին ունեն արեւմուտքի մեջ նստած <<հայրենիքի պարծանքներին>> փառաբանողները: Ի դեպ, հենց ա՛յն մարդիկ, որ ժամանակին ընդվզում էին ազատագրությանը: Սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ սրանք իրենց <<ռոճիլը>> ավելացնում են հատկապես ա՛յն ժամանակ, երբ քեզ քաշում են իրենց կանոններով խաղի մեջ եւ այդ դեպքում իրենց յուրաքանչյուր գրառումի համար գինը կրկնապատկվում է: Այսինքն, որքան շատ ես բանի տեղ դնում ու փորձում բացատրել տարրական ճշմարտությունները, այնքան օգնում ես որպեսզի տականքը հարստանա: Մի խոսքով եւ վերջին հաշվով վճարում ես դրանց, կամ ավելի ճիշտ թույլ ես տալիս որպեսզի քո հաշվին ընտանիք պահեն: Գիտե՞ք. ես դեմ չեմ եւ ինչպես մեզանից շատերը, ժամանակ առ ժամանակ մուրացիկներին մի քանի կոպեկ տալիս եմ, բայց միա՛յն նրանց, որ ազնվորեն, ձեռքները պարզած մուրում են առանց հայրենիքի ու նրա <<փառապանծ>> խայտառակությունների գովքն անելով: Անամոթաբա՛ր: Այսքանն էլ չէի ասի, եթե մարդկայնորեն չխղճայի այդ անտեսակ բազմությանը, որովհետեւ ինձ բոլորովին անծանոթ մարդիկ, ձե՛զ բոլորովին անծանոթ մարդիկ ստիպված չեն մեր հաշվին ապրել, բայց կարող են իմանալ թեմենք վաղուց տեղյակ ենք իրենք <<փափախ>> գործի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել