Oրեր առաջ BlogNews.am-ն այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հանդիպել և զրուցել է վիրավոր զինվորներից մեկի՝ Նորայր Զախարյանի հետ: Նա ծառայել է Մարտակերտի դիվիզիայում, վիրավորվել Թալիշում:

Երբ պատրաստվում էի հարցերս տալ, պատմեց որ շատ ուրախ հիվանդասենյակ է, միշտ ակտիվություն կա սենյակում, տղերքն էլ շատ լավն են. « Բոլորի հետ այստեղ եմ ծանոթացել, Դավիթն էլ իմ պես Թալիշում է ծառայել, նույն տեղն ենք վիրավորվել, բայց տարբեր զորամասներում ենք եղել»:

Զինծառայողը վիրավորվել է ապրիլի 20-ին, երբ գնացել էին ականապատում իրականացնելու. «Կրակոցներ լսեցինք, դաշտի միջով արագ գնացի և չնկատեցի ականը: Կանգնեցի ականի վրա և կորցի ոտքիս մի մասը, բայց դա կապ չունի. ես ֆիզիկապես և հոգեպես տղերքի հետ եմ: Եթե սենց պետք է լիներ, թող մի քիչ ուշ լիներ, որ տղերքի հետ լինեի միչև վերջ»:

 Նորայրը պատմում է, որ ամեն օր էլ խոսում է ծառայակից ընկերների հետ, բոլորից էլ լուր ունի և տեղյակ է: Ասում է՝ հենց ոտքի կանգնեց գնալու է ծառայության և պարտադիր տեսնելու է տղերքին. «Մենք այնպիսի օրեր ենք տեսել, որ ոչ մեկին չեմ ցանկանա տեսնել: Երբ խոսում եմ նրանց հետ, պատերազմից բան չեմ հարցնում, կարող է պատահի լսեն: Միայն հարցնում եմ, թե ոնց են և մի բան էլ կասեմ՝ իմ ընկերները «շանը» լավ դաս են տվել»:

19-ամյա զինծառայողն ասում է, որ թշնամուց պետք չէ վախենալ. «Ասում են՝ քառօրյա պատերազմ է, բայց ես կասեի որ ապրիլյան պատերազմ է, որը միանշանակ հաղթեցինք: Մոնթեն, Վազգենը, Կոմանդոսը ինձ համար հերոսներ են, ես հպարտանում եմ նրանց մարտական ուղղով: Կոմանդոսի կյանքն այնպես է ոգևորում, որ ուզում եմ այս վիճակում էլ գնամ սահման: Նա իր աղջկա հարսանիքը թողած գնացել է Շուշին ազատագրելու և եթե մայիսի իննին կռիվ լինի, իմացեք հաղթելու ենք: Թուրքն այնքան ուղեղ չունի, որ կարողանա հային հաղթի»:

Քառօրյա պատերազմը Նորայրի կյանքում շատ բան փոխեց: «Կան մարդիկ, ովքեր ասում են, թե բանակը պետք չէ, բայց պետք է գնանք և պաշտպանենք մեր երկիրը: Երբ կողքիդ տեսնում ես նահատակված, կամ վիրավոր զինվորին քո մեջ ուժ է արթնանում, ուզում ես լուծել քո ընկած ընկերոջ վրեժը: Էլ չեմ ասում ռազմահայրենասիրական երգերը, թե ոնց են ուժ տալիս:  Ամեն օր, երբ  գնում էինք աշխատանքների մեքենայի մեջ երգում էինք «Արծիվ սլացիր» երգը, մեր տղերքից մեկն էլ Կոմանդոսի մասին երգը գիտեր, երգում էր»:

Հրադադարի հետ Նորայրը համաձայն չէ, կարծում է՝ պետք է մինչև վերջ գնալ. «Այս ամենին պետք է արդեն վերջ դրվի. Արդեն շատ զոհեր ունենք: Մեր մի զոհը, իրանց տասը զոհն է, մեր մի տղեն մի հայ է, մի ազգ է:  Մարդ ա եղել, որ քսան-քսանհինգի դեմ է կռվել և երբ տեսել է  պատրոններն էլ են վերջանում, գրանատը քաշել իրան վերացրել է այն մտքից, որ գերի չընկնի: Ճիշտ է դաժան է, բայց լավ է մահանա քան թուրքին գերի ընկնի, ես էլ լինեի այդպես կանեի»:  

Նորայրն արդեն մեկ շաբաթ է ինչ հոսպիտալում է, նրան արդեն վիրահատել են, բժիշկներն էլ ասում են՝ վիճակն լավ է, բայց պահանջվում է ևս մեկ վիրահատություն, պրոտեզավորման համար:

Երբ արդեն սենյակից դուրս էինք գալիս, Նորայրը միայն մի բան խնդրեց. «Եթե նյութի տակ լացող սմայլիկ կդնեն, կջնջեք»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել