Tert.am-ը գրում է.

Զուգահեռներ տանելով մերօրյա և 90-ականների Ադրբեջանի ռազմական գործողությունների միջև կարող ենք հստակ ասել, որ վերջինս ցանկանում է համարյա նույնությամբ կրկնել իր ռազմատենչ գործողությունները:
 

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

«Վաղն՝ ապրիլի 30-ին, լրանում է Ադրբեջանի իշխանությունների և խորհրդային ղեկավարության գորբաչովյան թևի կողմից Արցախը հայաթափելու «Օղակ» ռազմական գործողության 25-րդ տարելիցը: Այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմն իրականացնելով՝ Ադրբեջանն ամենայն հավանականությամբ ցանկացավ մեզ հիշեցնել ապրիլ ամսվա խորհուրդը, այն է՝ ցավ, մարդկային կորուստներ, պատերազմ: 25 տարի է անցել, սակայն  նույն  ձեռագրով ադրբեջանցիները մտնում են ղարաբաղյան գյուղեր՝ մարդկանց ահաբեկում և սպանում են »,- ասաց Գրիգորյանը:
 

Վերջինս իր խոսքերը հիմնավորելու համար ներկայացրեց ևս մեկ փաստ. «Դեռևս թարմ են մեր հիշողությունները, որ այս տարվա  ապրիլի 10-ին դպրոցի ճանապարհին սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, իսկ 1991 թվականին՝ կրկին ապրիլին, Գետաշենում սպանվեց 12-ամյա Արամայիս Սահակյանի»: 

Բանախոսը նշեց, որ պատմական զուգահեռներն այնքան ակնհայտ են, որ թվում է, թե ինչ-որ «ռիտուալ բան կա այստեղ, ինչը, հնարավոր է, մեր համար հիշեցում է»: Այդուհանդերձ, Մարինա Գրիգորյանը հայտնեց, որ ժամանակները փոխվել են, Հայաստանն այլև անկախ պետություն է և պետք է այս դեպքերի վերաբերյալ դիմի  ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել