-Հիմա կքննարկենք D կարգի վտանգի պոտենցիալ ունեցող վամպիրի մասնակցությամբ իրավիճակ,-ասաց պրոֆեսորն ու ծափ տվեց: Ես փորձել եմ ֆիքսել նրա մեծ ափերի բախման պահը` հասկանալու համար այն ահռելի ուժը, որ կրում են իրենց մեջ պրոֆեսորի ձեռքերը, բայց ապարդյուն: Մինչ ես ֆիքսել էի ձեռքերի մինիմալ հեռավորությունն իրարից, աչքերիս առջև բացվեց բոլորովին այլ տեսարան: Ամենայն հավանականությամբ դա մեքենաների կայանատեղի էր, ինչ-որ մեծ շենքի հետնամասում: Ես կարծես նայում էի անվտանգության համակարգի թաքնված տեսախցիկներից, սակայն ասֆալտի հոտը, թեթև քամին, հստակ լսվող ձայները ստեղծում էին լիարժեք ներկայության զգացում: Կայանատեղին գրեթե լիքն էր: Հիմնականում փոքր ծավալի թեթև բեռնատարներ էին, կային մի քանի պիկապներ ու ևս մի քանի մարդատար սեդաններ: Վերջիններիս պայծառ գույները կտրուկ առանձնանում էին մյուսների միապաղաղ սպիտակից: Բեռնատարներից մեկի հետևից լսվում էին ձայներ: Ես ականջ դրեցի: Կարծես զգալով հետաքրքրությունս` պրոֆեսորն իմ դիտարկման անկյունը շուռ տվեց այնպես, որպեսզի ես տեսնեմ զրույցի մասնակիցներին:
-Էս փլեյերն արժի հենց տասը հազար դրամ, ամբողջովին նորը, իսկ ձեր տվածն օգտագործված է,-ասում էր ակնոցներով ու սպիտակ խալաթով մեկը: Ես ենթադրեցի, որ հավանաբար մեծ շենքը հիվանդանոց է:
-Ի՞նչն ա օգտագործված, ի՞նչը, չէ դու հլը սրան նայի է, ասում ա` օգտագործված ա.... Քսան հազար դրամ տու՜ր, ես գնամ, ապեր, մի կեր ներվերս:
Խոսացողին ես կճանաչեի նույնիսկ ամենահոծ ամբոխի մեջ, վամպիրների հայացքը երբեք ոչ մի բանի հետ չես խառնի: Նա հագած էր սև կաշվե բաճկոն: Գլուխն ամբողջովին սափրած էր:
-Ինչո՞ւ պետք է ես առնեմ ձեզանից այդ փլեյերը, ինչո՞ւ,-ասում էր բժիշկը:
-Քեզ ով ա ասում «ա՜ռ», ես քեզ առաջարկում եմ, իսկ դու վիրավորում ես ինձ, ես էլ ասում եմ` առ, եթե ուզում ես, որ էս պատմությունը քո համար լավ վերջանա,-ասում էր վամպիրը:
-Բայց ինձ պետք չէ փլեյեր...
-Տո դու ի՞նչ գիտես` քեզ ինչ ա պետք,-շարունակում էր վամպիրը,-դու կարևորն ինձ մի ներվայնացրու, տուր քսան հազար դրամ ու վերցրու փլեյերը...
-Ախր..
-Դու աչքիս չես ուզում, որ էս պատմությունը քո համար լավ վերջանա,-ասաց վամպիրն ու քշտեց բաճկոնի թևքերը: Բժիշկի նյարդերը չդիմացան: Հիստերիկա: Պատահում է գրեթե բոլոր մարդկանց հետ` նմանատիպ արարածի հետ հանդիպելիս: Բժիշկի մոտ, սակայն, հիստերիան սկսվեց շատ անսպասելի և բուռն: Այդպիսի դեպքերում շատերը լցվում են ագրեսիայով և հարձակվում են վամպիրի վրա, բայց այս մեկը երևում էր շատ փորձառու, քանի որ հենց սկզբից չէր դադարում ճնշել զոհին, ինչի հետևանքով բժիշկն ընկավ գետնին ու սկսեց լացել.
-Ախր ո՞նց ես քո հետ կապվեցի, ախր էշ խելքս ասա...
-Բա, ապերիկ, բա,-ասաց վամպիրը,-ավելի լավ չի՞ տաս ինձ էդ փողն ու ես գնամ, քանի շուտ ա, դու էլ փլեյեր կունենաս:
Բժիշկի արցունքները չէին դադարում: Հավանաբար վամպիրը սկսել էր իր ճնշումը մի քանի ժամ առաջ կամ գուցե շարունակում էր մի քանի օր տևած աստիճանավոր հարձակումը: Բժիշկն այևս չուներ ուժեր, ճիշտ կլիներ ասել, որ նա կոտրվել էր: Նա հանեց դրամապանակն ու պարզեց վամպիրին երկու տասհազարանոցները: Ես նկատեցի, որ դրամապանակը դատարկվեց ամբողջությամբ:
-Այ ապրես,-ծիծաղեց վամպիրն ու գրպանը դրեց փողերը,-էս էլ քո փլեյերը:
Նվագարկիչը նա նետեց բժշկի վրա:
-Մինչ հանդիպում,-ասաց նա հեռանալով, և ես տեսա զոհի աչքերում առաջացած տագնապը:
Հնչեց պրոֆեսորի ծափը: Բոլորս հետ եկանք լսարան:
-Եվ ուրեմն,-ասաց նա` դիմելով լսարանին,-որո՞նք կլինեն ձեր քայլերը, եթե ձեր մոգական ազդեցության տարածքում կատարվի նմանատիպ միջադեպ:
Լսարանը լուռ էր: Բոլորը ուշքի էին գալիս մենտալ տելեպորտացիայից հետո: Մի քանի վայրկյան ոչ ոք չխոսեց, իսկ հետո բոլորը միանգամից սկսեցին հայտնել իրենց կարծիքները:
-Առաջին օգնություն տրամադրել զոհին,-ասաց Կառլենը:
-Զրկել վամպիրին զբոսանքների իրավունքից,-ասաց Իրինան:
-Ստիպել չեղյալ համարել գործարքը,-ասաց Տիգրանը:
-Հնարավո՞ր է, որ փլեյերի մեջ լինի թուղթ ու գիր,-հարցրեց կողքս նստած վհուկ Սոնան:
Ես ուզում էի ասել, որ պետք կլինի ստիպել վամպիրին վերադարձնել խլած էներգիան, բայց այդպես էլ չորոշեցի հայտնել կարծիքս, քանի որ գլուխս ցավում էր երեկվա շշից, որը խմել էինք ես և Քաջիկը: Ու ես լավ գիտեի, թե ինչ է նշանակում հետ վերցնել վամպիրից նրա «հալալ քրտինքով խլած» էներգիան:
Լսարանի դուռը ծեծեցին: Ներս մտավ Ամիրա Շանթյանը` հերթապահ բաժանմունքի պետն ու դիմեց ինձ:
-Հարգարժան ընկեր մոգ պարոն Կասյան, հետևե՜ք ինձ հետևից:
Ես մի կերպ զսպեցի ծիծաղս: Ինչ-ինչ, բայց հերթապահների պաշտոնն ինչքան բարձր է լինում, այնքան անհեթեթ են լինում նրանց խոսքերը: Ես հետևեցի Ամիրայի հետևից: Նրա սև սքեմը ծածկում էր նրան ոտից մինչև գլուխ` թաքցնելով նույնիսկ դեմքը: Նա ասես սահում էր, այլ ոչ թե քայլում: Մենք միասին անցանք նեղ ու երկար միջանցքով, որը տանում էր լսարանից դեպի վերելակ: Սկսվեցին վերելակի սպասման այն անհարմար րոպեները, երբ դեռ շուտ է սկսել զրույցը, բայց ծայրահեղ անհարմար է շարունակել լռությունը: Ես սկեցի հազալ, որպեսզի մասամբ կոմպենսացնեմ ստեղծված անհարմարությունը: Վերջապես եկավ վերելակն, ու ես զիջեցի Ամիրային առաջինը մտնելու պատիվը: Նա զգացվեց ու գլխով շնորհակալություն հայտնեց: Սև սքեմի տակ նկատվեց նրա ձեռքը, որ փորձեց քորել մեջքը: Տեսնելով, որ ես հետևում եմ նրա շարժումներին, Ամիրան իջացրեց ձեռքն ու ասաց մի քիչ շփոթված ձայնով.
-Շատ լավն են այս հայտնագործություն վերելակների հայտնագործությունները, շատ պետքական են:
-Իրոք, թեթևացնում են մարդկանց կյանքը:
-Սակայն ես իմանալով գիտեմ, որ դուք երեկ քաղաքացի Նադեժդա Յերանոսովայի տուն գնալիս ճանապարհին օգտագործել եք որպես օգուտ մոգական լեվիտացիա` տասներեքերորդ հարկ բարձրանալու համար: Ես դա իմանալով գիտեմ:
-Օ...,-ես չկողմնորոշվեցի, թե ինչ պատասխանեմ: Ինչու՞ էր ինձ հետևում Ամիրա Շանթյանը: Որոշեցի հարցնել: Հարցրի.
-Հարգարժան Ամիրա Շանթյան, դուք ինձ հետևե՞լ եք:
Վերելակի դռները բացվեցին: Մենք դուրս եկանք սովորական նեղ ու երկար միջանցք, որը գտնվում էր եսիմորերորդ հարկում: Հերթապահության հարկը մնում էր անհայտ, քանի որ հերթապահները չէին սեղմում հարկի կոճակներն, այլ վերելակն ինքն էր տանում նրանց անհրաժեշտ հարկը:
-Հերթապահները սովորաբար ընդհանրապես հաճախ հետևում են բոլորին ու միշտ, բայց մենք ձեզ չէ, որ հետևում էինք փնտրելով:
-Փնտրելո՞վ:
-Փնտրելով,-ասաց նա քթի տակ ու բացեց իմ առջև իր աշխատասենյակի դուռը:
Սենյակն այնպիսինն էր, ինչպիսին ես պատկերացնում էի հերթապահների սենյակները: Այն գրեթե ամբողջովին դատարկ էր: Պատերը, հատակն ու առաստաղը սպիտակ էին: Մեջտեղում դրված էր սև սեղանը, երկու աթոռներով, բայց ոչ մի սարք, որով նրանց մոտ «երևում էին» քաղաքում գրանցվող մոգական ակտիվությունները, չկային: Թերևս հերթապահության ղեկավարը չէր զբաղվում քաղաքը նայելով: Դրանով զբաղվում էին միայն շարքային հերթապահները: Ամիրա Շանթյանը նշան արեց ինձ նստելու: Ես նստեցի սև սեղանի դիմաց, նա ոտքով իրեն հարմարեցրեց աթոռն ու նստեց իմ առջև:
-Երեկ, անցած օրը դու ձեռք ես բերել քարտեր, որոնք վերցրել ես քաղաքացու մոտից:
-Այո,-ասացի ես:
-Այդ քարտերը ներկայացնում են իրենցից վտանգավոր վտանգ, որը պետք է հեռու պահվի քաղաքացիներից,-ասաց նա:
-Այդ պատճառով էլ ես վերցրել եմ դրանք ինձ մոտ:
-Լավ ես արել, ես դա գովում եմ,-ասաց նա սև սքեմի տակից,-դրանք մեզ պետք են:
-Ո՞ւմ ձեզ:
Նա լռեց: Լռությունն ինձ թվաց թուլության նշան և ես հարցրի:
-Ես չեմ ունեցել առիթ զրուցելու հերթապահների հետ դեմ առ դեմ, ու քանի կա այդպիսի առիթ, ես կուզենայի հարցնել, թե ո՞վ եք դուք...ի՞նչ արարածներ եք: Մոգե՞ր, վամպիրնե՞ր, միգուցե վերվուլֆնե՞ր կամ չարքե՞ր:
-Մենք հերթապահներ ենք, ու մենք հերթապահում ենք,-ասաց նա` առանց ձայնի տոնը փոխելու:
-Ուրեմն դուք մարդի՞կ եք:
-Մենք օգնում ենք Ինստիտուտին հերթապահելով մեր հերթապահությունները,-ասաց նա, ու ես որսացի թեթև նյարդայնության պես մի բան:
-Պարզ է,-ասացի ես, չնայած, ոչ մի բան էլ պարզ չէր: Ես արդեն մի քանի տարի սովորում էի Ինստիտուտում, շփվել էի ամենաբազմազան էակների հետ, բայց հերթապահները միշտ գաղտնիք էին մնում ինձ համար` իրենց մանկամիտ հիմարությամբ և գրեթե կատարյալ ամենատեսությամբ:
-Վաղը բեր քարտերն այստեղ,-ասաց նա:
-Լավ,-պատասխանեցի ես: Ամիրան դրական շարժեց գլուխը սև սքեմի տակ: Ես վեր կացա և քայլեցի դեպի դուռը: Բայց մի բան անցավ մտքովս, շատ հանդուգն մի բան:
-Ու քանի մենք դեռ երկուսով ենք, կարո՞ղ եմ ես տեսնել ձեր դեմքը,-հարցրի ես շրջվելով ու ապշեցի: Սենյակում ոչ ոք չկար:
Օրվա երկրորդ կեսն անցավ խելահեղ պարապմունքների մեջ: Մենք սովորում էինք տելեկինեզի ավելի ու ավելի բազմազան ձևեր, շարժում էինք տարբեր մասշտաբի առարկաներ, իսկ այդ գործում ավելի առաջադիմած Իրինան նույնիսկ կարողացավ շարժել ուղիղ եթերով լուրերի թողարկում վարող լրագրողի սեղանին դրված բաժակը: Ես նրա օրինակով միացրեցի լսարանում գտնվող հեռուստացույցը ուղիղ եթերով ընթացող թոք շոուներից մեկի վրա ու հաջողացրի խափանել հաղորդավարի բարձրախոսի աշխատանքը: Մի քանի անգամ անընդմեջ: Պրոֆեսորը, թեև այդպսի արարքը քննադատեց, բայց գովեց մեր համառությունը: Միայն դասերի ավարտից հետո ես հասկացա, որ այդպիսի «օյիններից» նորից սկսվել է գլխացավս: Այն դեռ չէր անցել այն սահմանը, երբ ես սկսում եմ կորցնել ինքնատիրապետումս, բայց սեղմում էր գանգս անդադար` սպառնալով կոտրել ընկույզի նման: Տուն գալուց հետո անմիջապես ընդունեցի մի քանի հաբեր, ինչպես միշտ ապարդյուն: Բուժիչ շշուկներս էլ զգալի արդյունք չտվեցին: Ցավից շեղվելու համար որոշեցի վերցնել քարտերն ու մի լավ զննել դրանք` մինչև հերթապահներին հանձնելը: Երեկ երեկոյան ես դրել էի դրանք իմ սենյակում` գրապահարանի մեջ: Ես նայեցի այնտեղ: Չկային: Աչքի ծայրով նկատեցի պատերին տեղ-տեղ մնացած բորբոսին: Պետք կլինի դրանք մի օր ամբողջությամբ մաքրել: Նայեցի խոհանոցում: Նայեցի հյուրասենյակում: Քարտերը չկային: Գլխացավս մի քանի րոպեների ընթացքում անտանելի դարձավ: Ես թողեցի որոնումներն ու բարձրացա հարևան Քաջիկ Ոսկեվազի մոտ` գլուխս անտանելի ցավից փրկելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել