Հունվարի 21-ին մեկնարկեց 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավը: Սակայն թեկնածուներից ոչ բոլորն են (հիմնականում ասելիք չունեցողները) օգտվում իրենց իրավունքներից:
Եվ այսպես`
1. Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավի մեկնարկին զուգընթաց անժամկետ սկսեց իր «հացադուլը»:
2. Պարույր Հայրիկյանը, չգիտես ինչու, սպառնում է Ղուկասյանի հացադուլը չդադարացնելու դեպքում միանալ նրան:
3. Արամ Հարությունյանը, որը պատկանում է իր վրա վստահների շարքին, համաձայն իր հայտարարության՝ փետրվարի 8-ին կհանի իր թեկնածությունը, իսկ փետրվարի 7-ից հացադուլ կհայտարարի՝ պահանջելով, որ բոլորը հանեն իրենց թեկնածությունները:
4. Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ինքը անվճար եթերաժամանակի կարիք չունի և դրա փոխարեն նախընտրում է «20 բլոկ Մալբոռո», սակայն ժողովրդի հետ հանդիպումների գնում է` այցելում մարզեր:
5. Արման Մելիքյանը ևս հրաժարվել է քարոզարշավից` համարելով դա անիմաստ ստեղծված իրավիճակում:
6. Վարդան Սեդրակյանը հայտարարել է, որ չի գնալու ժողովրդի հետ հանդիպման, փոխարենը շարունակում է իր «ակտիվ» գործունեությունը սոց. ցանցերում և եթերում:
7. Րաֆֆի Հովհաննիսյանը օգտագործում է ավելի շատ արևմտյան տեխնոլոգիաներ և այս շրջանում նրան կարելի է տեսնել ամենուր` փողոցում քայլելիս, վարսավիրանոցում, վերելակում, երթուղայինի մեջ և այլ հասարակական վայրերում:
8. Գործող նախագահ Սերժ Սարգսյանը ևս ակտիվ մասնակցում է քարոզարշավին՝ այցելելով մարզեր և Երևանի վարչական շրջաններ:
Հ.Գ. Փաստորեն 8 թեկնածուներից միայն երեքն են ակտիվ հանդիպումներ ունենում ժողովրդի հետ` Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Սերժ Սարգսյան: Եթե շարժվենք որոշ հանրապետականների տրամաբանությամբ, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կպայքարեն երկրորդ պատվավոր տեղի համար, և հավանական է, որ ընտրություններից հետո նշանակվեն պետական բարձրաստիճան պաշտոնների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել