Վերջերս Ռուանդայի ցեղասպանության մասին ֆիլմն էի վերանայում: 100 օր տևած ցեղասպանությունը նկարագրված է հարյուրավոր կյանքեր փրկած տեղաբնակ հյուրանոցի կառավարչի օրինակով, ով իր միջազգային-ընկերական կապերն օգտագործելով կարողացավ մարդկանց դուրս բերել կոտորածից...
Ցեղասպանությունների սցենարը նույնն է եղել ու նույնն է մինչ օրս՝ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԽԱՆԳԱՐՈՂԻՆ: Գրեթե բոլոր դեպքերում ոճիրն իրականացնողի դեմ կանգնում է մտավորականը, կիրթը: Հարյուրավոր ռուանդացիների կյանքը փրկած սևամորթ ինտելիգենտ մարդն, օրինակ , երբեք չհանեց ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ թելադրած կոստյումն ու փողկապը. գուցե անտարբեր օտարերկրացիներին ցույց տալու համար, որ կոտորվողներն իրենցից մեկն են ու ոչնչով չեն զիջում որևէ ստանդարտի…
Ցեղասպանություններին սովորաբար հաջորդում է գենետիկ վախը, երբ վերապրածներն ստիպված ապրում են ոճրագործի հետ, նրա կողքին: Այդպիսին են մեր հարյուրավոր ծպտյալ հայերը, ովքեր թուրքահպատակության դեմ մինչև երեկ պայքարում էին թաքցրած խաչով ու լուռ աղոթքներով: Այսօր ինչ-որ բան է փոխվել կամ փոփոխության սկիզբն է ավետվում: Այսօր հայ պատգամավորը թուրքական մեջլիսի աթոռներին է շարում 100 տարի առաջ եղեռնի զոհ դարձած հայ մտավորականների, պատգամավորների դիմանկարները և աղմկող ու խուճապի մատնված թուրք պատգամավորներից չվախենալով բարձրաձայնում դատապարտող խոսքեր… Նրան հետևողներ շատ կլինեն վստահաբար:
Ցեղասպանության ճանաչումը և դատապարտմանը հասնելը մնում է մարդկության մտածող հատվածի հիմնական առաքելություններից մեկը։ ՃԱՆԱՉԵԼ և ԴԱՏԱՊԱՐՏԼ բանաձևը շատերին է իր շուրջ հավաքում, իսկ անհատների հոգու ընդվզումները սթափեցնող սխրանքներ են, ինչպես Ռուանդայի ցեղասպանության հարյուրավոր կյանքեր փրկած սիգար ծխող հյուրանոցի կառավարչինը, ինչպես միայնակ Թուրքիայի դեսպանատան մոտ դատապարտման կոչ անող հայինը, ինչպես միջազգային մրցանակի կարգավիճակ ստացած Ավրորան….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել