Ապրիլյան դեպքերի ընթացքում  համազգային համախմբման մեծ ալիքը ոչ միայն ևս մեկ անգամ ընդգծեց հայ հասարակության՝ ընդհանուր վտանգի պահին արագ ինքնակազմակերպվելու ունակությունը, այլ նաև մեծացրեց երկրում ներքաղաքական դրական տեղաշարժերի հանրային պահանջը։ Քառօրյա պատերազմը վերհանեց երկրում սոցիալ-տնտեսական՝ առանց այն էլ սուր խնդիրներն իրենց ողջ խորությամբ։ Այսօր այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը հասարակությանն անհրաժեշտ են առավել քան երբևէ, իշխանությանը ավելի քան բարոյական աջակցություն ցույց տալուց հետո, այսօր հասարակությունն անհամբեր սպասում է երկրում դրական տեղաշարժերի։

Տարիներ շարունակ հայ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողացել ժողովրդի միջոցով իրագործել իրենց քաղաքական նպատկները, որի հիմնական պատճառը եղել է հասարակությանը մոբիլիզացնելու հմտությունների և մարդկանց սեփական իրավունքներին տեր կանգնելու համար՝ տնից հրապարակ բերելու հզոր ազդակների բացակայությունը։

Այժմ, երբ հայ հասարկությունն առավել քան երբևէ համախմբված է և պատրաստ է գործուն դերակատարություն ունենալ երկրի զարգացման գործում, տեր կանգնել իր իրավունքներին, հատկապես այն կուսակցությունների կողմից, որոնք տարիներ շարունակ խոսել են հանրային ճնշման լծակների կիրառմամբ արդյունքների հասնելու մասին, ուղղակի իրավունք չունեն բաց թողնելու այս հնարավորությունը։ Սակայն համազգային միասնության այս ամբողջ ներուժը կուսակցությունները պետք է ոչ թե մսխեն  նախկինում այդքան չարչկրված և Հայաստանում ոչ հեռանկարային հեղափոխական կոչերով, այլ զբաղվեն իշխանությանը դրական փոփոխությունների նախաձեռնություններ պարտադրելով։

Այս օրերին հանրությանը զուգահեռ ներքաղաքական դաշտը նույնպես աննախադեպ միասնականություն դրսևորեց, և երկրի նախագահի և իր քաղաքական ամենամեծ հակառակորդ Լևոն Տեր-Պետրսայանի հանդիպումը սրա վառ վկայությունն էր։

Սակայն այսօր, երբ պայմանական հրադադար է, ընդդիմադիր կուսակցությունները, որոնց գործիչները ռազմական գործողությունների թեժ օրերին՝ իշխանությանը հասցեին տարաբնույթ քննադատություններից զերծ մնալու պատրաստակամություն հայտնեցին, երկար չպետք է լռեն և անգործ մնան, այլապես կդառնան Հայաստանի սոցիալ-տնտեսական անհապաղ լուծման կարիք ունեցող խնդիրների գլխավոր մեղավորների լուռ համախոհը, այլապես քաղաքական այդ կազմակերպությունները իշխանություններին հավասար խաբել են հասարակությանը՝ իրենց ազնիվ մղումների մասին հրապարակներում խոսելիս։

Ընդունված է ասել, որ պատերազմը սթափեցնում է ինչպես հասարակությանը, այնպես էլ իշխանություններին, սակայն եթե նախորդ 20 տարիների կիսապատերազմական վիճակը և Ադրբեջանի հարձակման մշտական վտանգը չի ստիպել սթափ մտածել մեր իշխանություններին, ապա վերջին դեպքերն էլ դժվար փոխեն դրա ներկայացուցիչներին։ Այո այս դեպքերից հետո իշխանության ներկայացուցիչներից սրբանալու ակնկալիքներն առնվազն միամիտ են, սակայն դրական փոփոխությունների պարտադրումն այսօր առավել քան իրատեսական է, որոնց հնարավոր կլինի միայն ընդդիմադիր դաշտի ինքնակազմակերպման և հետևողականության շնորհիվ։

Արդեն պատերազմի 21-րդ օրն է, սակայն Հայաստանը շարունակում է մնալ պաշտոնական տվյալներով աղքատության 35 տոկոս  և տնտեսալկան աճի զրոյական ցուցանիշ ունոցող, դեմոգրաֆիկական աղետի և բազմաբնույթ այլ խնդիրների մեջ թաթախված երկիր։ Սրանք զուգահեռ ասպարեզում չեն երևում նախկինում փոփոխությունների մասին շարունակ թմբկահարող քաղաքական կառույցների ոչ իրատեսական առաջարկները, ոչ էլ գործնական հստակ քայլերը։ Փոխարենը քաղաքական դաշտը քիչ-քիչ վերադառնում է իր նախկին տեսքին, որտեղ վերականգնվում է երկրի անհաջողությունների մեջ միմյանց մեղադրելու և այլոց սխալները սեփական հեղինակության բարձրացմանը ծառայեցնելու մթնոլորտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել