Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին՝ հայկական լրագրողական և սոցցանցային հանրության մտահոգությունները երկար ժամանակ որակվում էին արևմտամետ հոսանքների կողմից հայ հանրությանը պարտադրվող քարոզչական հարայհրոցներ։ Երկար ժամանակ մեզ համոզում էին, որ մեր՝ թշնամուն վաճառված ծանր զինատեսակները չեն թիրախավորելու մեր զինովորներին ու խաղաղ բնակիչներին։ Հետաքրքիր է՝ ըստ՝ հանրությանն այն ժամանակ հանգստացնող մի շարք պաշտոնյաների՝ ո՞ւմ դեմ էր կիրառելու Ռուսաստանից ձեռք բերված ծանր սպառազինությունը՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով Ղարաբաղն «ազատագրելու» մասին հայտարարություններ անող Ադրբեջանի ռազամաքաղաքական վերնախավը։ Քառօրյա պատերազմում հակառակորդի արձակած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքից արձակված արկն  արդեն հավանաբար գլխի գցեց՝ ժամանակին Ռուսաստանին հստակ ուղերձներ հղելու փոխարեն, հայ-ռուսական անքակտելի բարեկամության մասին հանրությանը պատրանքներով կերակրող շատ պաշտոնյաների։

«ԵՏՄ մտնում ենք անվտանգության համար»։ Նախ առնվազն անտրամաբանական էր անվտանգության համար տնտեսական միություն մտնելու այս հիմնավորումը, հատկապես որ այդ անվտանգության համար Հայաստանն արդեն ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ էր։ Ինչևիէ, խոսենք ԵՏՄ-ի «անվտանգության բաղադրիչի» միֆի մասին։ Ռուսաստանը եվրասիական տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար հետխորհրդային շրջանում հիմնեց տարբեր ձևաչափի ռազմաքաղաքական, տնտեսական տարածաշրջանային նախագծեր, որոնք սկզբից ևեթ դատապարտված էին ձախողման ոչ միայն այստեղ տարածաշրջանային բոլորովին հակադիր շահեր ունեցող երկրների ներգրավածությամբ, այլ նաև այն պատճառով, որ Ռուսաստանը սրանք ընկալում է ոչ թե որպես գործընկերային առողջ փոխհարաբերություններ ձևավորելու միջավայր, այլ անդամ երկրներին իր ձեռք տակ պահելու լրացուցիչ լծակ։ Ուստի, քաղաքական այսօրինակ մշակույթ կրող հերթական այս կառույցի հետ սկզբից ևեթ էր անիմաստ հույսեր կապելը։ Եվ այս մասին լավ գիտեր Ադրբեջանը՝ Արցախի նկատմամբ իր հերթական ռազմական ագրեսիան սանձազերծելիս։

Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բիզնեսը՝ բիզնես։ Սա էր այն հիմնական ուղերձը, որը հնչեց ռուսական կողմից։ Սակայն,  ռուսական կողմի համար զենքի վաճառքը Ադրբեջանին ավելին է, քան լոկ բիզնես համագործակցություն։ Միջազգային օրենքի լուրջ խախտումներով ուղեկցվող ծանր սպառազինության մատակարարումը կոնֆլիկտային գոտի, ավելի շատ ոչ թե հակամարտության մեջ վերահսկողություն է մեծացնելու, այլ Ադրբեջանին սիրաշահելու փորձ է։ Մեկ անգամ չէ,՝ որ ռուս փորձագետներն ու պաշտոնյաները հայտնել են իրենց բաղձանքն Ադրբեջանի ԵՏՄ անդամակցության մասին։ Ռուսաստանի նախաձեռնած այս ինտեգրացիոն գործընթացի նկատմամբ քաղաքական անտարբերություն դրսևորած Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, գործընթացին ներգրավելու իր գինը սահամանել է։ Հաշվի առնելով  վերջին օրերին ՌԴ-ից հնչող հայտարարությունները՝ որտեղ հույժ կարևորվում է Ադրբեջանը՝ որպես գործընկեր, պարզ է դառնում, որ այս երկիրը պատրաստ է ոտնահարել իր դաշնակից Հայաստանի շահերը։ Ստացվում է, որ ՌԴ-ի հետ  մեր գործընկերային հարաբերությունները ամենաբարձր ձևաչափում՝ առանց որևէ սակարկության ամրագրելիս, ակնկալել ենք վերջինիս հավատարմությունը իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի նկատմամբ, սակայն այդ պայմանավորվածությունների պարբերական խախտումների նկատմամբ մեր մեղմ և արդարացնող դիրքորոշումը հանգեցրեց քառօրյա պատերազմին։ Ռուսաստանն ինքը ապրիլյան պատերազմի մի քանի օրերի ընթացքում վերջանականպես ջախջախեց տարիների ընթացքում հայ-ռուսական բարեկամության մասին ձևավորված քաղցր պատրանքները, որոնցից այդքան չէին ցանկանում զրկվել մեր պաշտոնյաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել