Սփյուռքը լուռ է...Սփյուռքը կրկի՛ն լուռ է...Սփյուռքը սկսում է կենդանության նշաններ ցուցաբերել միայն ա՛յն պահերին, երբ այլեւս ամեն ինչ ավարտվում, վերջանում է եւ մնում է վճարած ղուրուշների <<բարաթի>> հետեւից գալ: Ե՛ս էլ մի սփյուռք...Ե՞ս ինչ եմ անում՝ ոչինչ: Ոչինչ չեմ անում: Ո՛չ հայկական հիմնադրամին եմ որեւէ սանտիմ եվրո տալիս, որպեսզի Հայաստանն ու Արցախը կառուցվի ու բարգավաճի...Ո՛չ տեղական հայկական կազմակերպություններից որեւէ մեկին եմ նյութապես կամ բարոյապես օժանդակում, որպեսզի մեր գետտոյական գետնաքարշ ու գջլոտ համայնքը ավելի ճահճանա...Ո՛չ երեխաներիս եմ ուղարկում հայկական դպրոց, որպեսզի գոնե տանն ինձանից սովորեն ու իմանան հայոց լեզուն...Ո՛չ ընտանիքով մասնակցում եմ հայկական միջավայրի մեջ կազմակերպվող որեւէ ճաշկերույթ-պարահանդեսի, որպեսզի «Երբ որ կործանվեց մեր չքնաղ Անին» «զվարթ» երաժշտության տակ թռվռանք...Մի խոսքով, ես էլ մյուսների նման ու մյուսների չափ ոչինչ չեմ անում, թեեւ Հայաստանի մեջ չեմ: Ու ինձ նմաններին միայն մի բան եմ առաջարկում: Առաջարկում եմ ոչինչ չանելու որոշում առնելիս. նախընտրեն ի՛մ տարբերակը, որպեսզի չդառնան ոճրագործությունների մասնակից, որպեսզի զավակների ոգին իրական ազգային, հայկական մասնիկով շունչ առնի, որպեսզի չվախենան նույնիսկ հեռվից, բայց Հայաստանի ազատության համար պայքարել: Ամեն մեկն իր տեղում, ամեն մեկն իր չափով ու ամեն մեկն իր ուզածով, բայց ինքնավստահ լինեն, թե հանցակից չեն սեփական երկիրը, սեփական ձեռքով խեղդելու խնդրին:
Ի՞նչ կարող ենք անել մենք, վտարանդի ու հայրենազուրկ հայերս: Մենք կարող ենք առնվազն կայանալ այն քաղաքակիրթ երկրների մեջ ուր ապրում ենք: Կարող ենք տքնելով ոչ թե ձուլվել, այլ ներդաշնակորեն ապրել այն ազատ հասարակությունների մեջ ուր ակամա հաստատվել ենք: Կարող ենք ուղղակի բոյկոտի ենթարկել սփյուռքի իբրեւ հայկական բոլոր այն կառույցների նախաձեռնությունները, որ սովետական տարիներից մինչեւ այսօր, օգնել ու հարստացրել են ոչ թե երկիրն ու երկրի տիրոջը, այլ պաշտոնյաներին ու չինովնիկներին: Որովհետեւ այնքան, որքան համահայկական հիմնադրամն է 25 տարի շարունակ դրամաշորթություն արել, հնարավոր էր ոչ միայն մի ամբողջ քար ու քանդ եղած Հայաստան ոտքի կանգնեցնել, այլ եւ ամուր ու լավ զինված բանակ ունենալ: Կարող էր ոչ թե աջ ու ահյակ «գեներալներ» ու «հրամանատարներ» ուռճացնել, այլ իսկապես նորագույն զենքերով մարտունակ բանակ, որպեսզի 18-20 տարեկան նորակոչիկին չուղարկեր ճակատ ռուսական զենքի մատաղացու դառնալու:
Ասածս այն է, որ եթե սփյուռքի մեջ դեռեւս չենք կարողանում իրար գլխի հավաքվել մեր հայրերի երկրից մնացած մեկ թիզ Հայաստան երկիրը ազատագրելու համար, գոնե եւ առնվազն այդ երկրի մեջ ապրող մարդուն հարստահարողին չհարստացնենք մեր նվիրատվություններով: Որովհետեւ մի քանի եվրո ու դոլար նվիրելով գուցե կարծում ենք, թե կատարում ենք մեր ազգային պարտքը, բայց անհնար է 25 տարի շարունակ նույն տկարամտությամբ ինքնագոհ քնել, համարելով թե մասնակցում ենք ազգային տուն կառուցելու նվիրական գործին: Ազգային տունը սովորական տան նման է, մինչեւ չնորոգես, մինչեւ չմաքրես՝ կահավորել ու վերանորոգել չես կարող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել