Համազգային միախմբվածության այս օրերին հայի ոգու ու կամքի հզորության մասին վերստին փաստող շատ պատմություններ ենք լսում: Մեկը մեկից հուզիչ, գոտեպնդող ու հպարտության աներևակայելի ապրումներով վարակող այս պատմությունների հերոսները մեր զինվորներն են, մեր հերոսացած տղաները, կամավորականները... Տղամարդկանց համար հեշտ է... նրանք մարտադաշտում են, գիտեն իրենց անելիքն ու որ ամենակարևորն է՝ իրավիճակի տերն են: Իսկ ահա նրանց սպասողների համար ամեն մի ժամը դար է թվում... Անկախ գործունեության ոլորտից՝ այս օրերին Արցախում բոլոր հիմնարկները, գերատեսչություններն ու հաստատությունները զբաղված են միայն մեկ գործով՝ հնարավորինս սատար ու օգնական լինել դիրքերը պահող տղաներին: Ու քանի որ դասական երաժշտության համերգի, ցուցահանդեսի կամ թատերական ներկայացման ժամանակը մեր տղաներն այս պահին չունեն՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակցուհիները որոշել են հենց նախարարության շենքի ճաշարանում դիրքապահների համար խմորեղեն պատրաստել: Հրաշալի այս գաղափարի իրագործման արդյունքում արդեն երկրորդ օրն է՝ դիրքերում կանգնած մեր տղաները վայելում են անուշաբույր ու թարմ խմորեղեն /2 օրվա ընթացքում մոտ 2000 կտոր արդեն պատրաստել են/: Աշխատանքի պրոցեսում իրենց որդիների, եղբայրների ու ամուսինների համար կանացի անհանգստությունն է փարատվում: Խմորի պարտադիր բաղադրիչների հետ մեկտեղ նաև սեր, հավատ ու օրհնանք է դրվում ամեն մի կտորի մեջ: Կանայք աշխատում են ՝ամեն մեկն իր խաղաղության աղոթքը մտքի մեջ սերտելով…: ….Շուշիի բյուրեղամաքուր օդը արդեն երկու օր է վանիլաբույր է, բույր, որը խմորեղենի ամեն մի կտորի հետ դիրքապահ հայորդուն համայն ազգի աղոթքն է փոխանցում, բույր, որն այնքա՜ն անուշ է մանավանդ վառոդի հոտից հետո…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել