ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 4-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահություն է հայտնել, որ Կնեսետի խորհրդարանականների այցն արդյունավետ կլինի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար: Տիկին Նաղդալյանն առանձնապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ համատեքստում նշանակալի դերակատարություն վերապահել բարեկամական խմբերին: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր բնագավառներում, որոնցից են մասնավորապես, առեւտրատնտեսական, մշակութային, գյուղատնտեսական ոլորտները, քաղավիացիան եւ զբոսաշրջությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել ցեղասպանությունների ճանաչման եւ կրկնության կանխարգելման գործում Իսրայելի ներդրումը եւ կարեւորել Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ կապված զարգացումները: Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ Կնեսետի արձագանքն այդ կապակցությամբ ծանրակշիռ կլինի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար եւ հույս հայտնել, որ առաջիկա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին Իսրայելի պատվիրակությունը մասնակցություն կունենա:

Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ է եղել հայ ժողովրդի համար ներկա ծանր իրավիճակին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ահաբեկչական եւ ագրեսիվ քաղաքականության մասին, որն առավել սրվել է վերջին օրերին: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորել է միջազգային հանրության միջամտությունը եւ հույս հայտնել, որ Իսրայելը՝ որպես ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունեցող պետություն, իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին:

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում գործուն համագործակցության անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց արդյունքում արդեն ուրվագծվել են կոնկրետ ծրագրեր՝ ուղղված գործարար կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Տիկին Պլոսկովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը եւ միասնաբար պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններին՝ Թալի Պլոսկովն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին եւ խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները: Կնեսետի փոխխոսնակը, կիսելով հայ ժողովրդի մտահոգությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ստեղծված անընդունելի իրավիճակի մասին համատեղ բարձրաձայնելու եւ կոչ արել Ադրբեջանին՝ դադարեցնել այդ՝ ոչ մի տեղ չտանող քաղաքականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել