Այսօր Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կկայանա Կոնվերս Բանկի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համատեղ նախագծի շնորհանդեսը:

Նախագծի նպատակն է բացահայտել և ֆինանսապես աջակցել երաժշտությամբ զբաղվող շնորհալի երեխաներին: Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան արտերկրում կրթություն ստանալ, ինչպես նաև մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների և միջոցառումների:

«Տաղանդավոր երեխաները ցանկացած պետության մտավոր և ստեղծագործական  հիմնական ռեսուրսներն են: Նախագծի օգնությամբ մենք կկարողանանք բացահայտել և աջակցել տաղանդավոր երեխաներին, զարգացնել նրանց ստեղծագործական պոտենցիալը», - իր խոսքում նշեց Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

«Կոնվերս Բանկը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը տարիներ շարունակ համագործակցել են տարբեր նախաձեռնությունների շուրջ: «Տաղանդավոր երեխաներ» նախագիծը  մեզ երկարատև համագործակցության հնարավորություն կտա՝ հետագայում ընդգրկելով արվեստի տարբեր բնագավառներ», - ավելացրեց պարոն Դավթյանը:

Հիշեցնենք, որ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է  2010 թ.-ին Արամ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից: Հիմնադրամը իրականցնում է կրթական և բարեգործական ծրագրեր՝ դասական երաժշտության ոլորտում: Եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնակահարուհի, Կարեն Շահգալդյան-ջութակահար և Կարեն Քոչարյան-թավջութակահար:

Նախագծի համար Կոնվերս Բանկում բացվել է հատուկ հաշվեհամար՝ AMD 1930046434020200, որին բոլոր ցանկացողները կարող են փոխանցել գումարներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել