Հեղինակ՝ Նունե Այլանջյան

Չեքինվող մարդիկ բաժանվում են երկու խմբի. առաջին խումբը դա անում է չմտածված, կամ ուղղակի քանի որ գիտի ձևը, կամ արդեն սովորություն է դարձել։ Երկրորդ խումբը՝  մտածված, դիտավորյալ, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր տանը նստած ձանձրույթից մեռնում են: «Չեքինի» վարպետները կգերադասեն մեռնել, քան թե բաց թողնել քաղաքի luxury ռեստորանում կամ outsider-ների հավաքատեղի համարվող փաբում չեքինվելու հնարավորությունը: Ընդ որում, չեքինվողներին կարելի է հեռվից հեռու նկատել. նրանք ժամանցային վայրում հայտնվելուց հետո միանգամից խնդրում են Wi-Fi-ի գաղտնաբառն ու անցնում գործի: Եթե Դուք սկսնակ չեքինվող եք, ապա տասը կետից բաղկացած այս ուղեցույցը հենց Ձեզ համար է:


1.Check-in-ն ու Ձեր անվտանգությունը:
Չեքինվելով Դուք  Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկացնում եք ոչ միայն Ձեր «ուզողներին», այլև «չուզողներին»: Ինչո՞ւ չարակամ մարդիկ իմանան Ձեր տեղը, իսկ բամբասկոտ օնլայն հարևանը տեսնի, որ  ուշ ժամին տանը չեք: Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում մի գողություն գրանցվեց, երբ գողը տեսնելով, որ տանտերը չեքին է եղել տնից հեռու, օգտվեց առիթից ու ներխուժեց նրա բնակարան:

2. Check-in-ը հրավեր է:
Դուք գեղեցիկ աղջիկ եք և Ձեզ հանգիստ չեն տալիս կպչուն տղամարդի՞կ, մինչդեռ Դուք շարունակում եք չեքինվե՞լ: Փաստորեն, Դուք ակամայից գրավում եք դեպի Ձեզ բոլոր այն օնլայն տղամարդկանց, ովքեր, գուցե լուռ ու անհույս, սոցցանցերում հետևում են Ձեզ ու ամեն ինչ կտային գոնե մեկ անգամ իրականում Ձեզ տեսնելու համար: Իսկ հետո կսկսվի հաղորդագրությունների տարափ` «ես քեզ այսինչ վայրում տեսել եմ, դու իրականում ավելի գեղեցիկ ես» բովանդակությամբ:

 

3. Check-in-ը գովազդ է:
Ամեն անգամ, երբ սոցցանցերում նշում եք Ձեր գտնվելու վայրը, դա տեսնում են Ձեր ընկերները, ընկերների ընկերները կամ առհասարակ բոլորը` ըստ պրոֆիլի հասանելիության աստիճանի: Եթե Դուք ինտերաստղ եք և ունեք հազարավոր ընկերներ, ապա տվյալ վայրի մասին կտեղեկանան բազմաթիվ մարդիկ, այսինքն, Դուք կդառնաք անվճար գովազդային գործակալ, սակայն, հավատացեք, վերջում Ձեզ ոչ թե շնորհակալություն կհայտնեն, այլ կներկայացնեն հաշիվը:

 

4. Check-in-ն իմիջ է:
Մի օր լսում եք, որ Դուք հայտնի փաբիստ եք. ինչո՞ւ, որովհետև Ձեր բոլոր չեքինները փաբերում են: Երբ Ձեզ սրճարանում տեսնում են, զարմանում են ու սկսում խեթ նայել, ինչո՞ւ, որովհետև Ձեր տեղը փաբերում է, դա արդեն Ձեր իմիջի մի մասն է: Այս դեպքում կամ առժամանակ դադարեցրեք փաբերում չեքինվելը կամ սկսեք չեքինվել այլ վայրերում ևս:

 

5. Check-in-ը ապացույցներ է պահանջում:
Եթե Ձեզ երեկ տեսել են գինետներից մեկում գինի ըմպելիս, իսկ վաղը Դուք չեքինվել եք Էգեյան ծովի ափին, Ձեզ ոչ մեկ չի հավատա, հարկավոր է ապացույց, որը կարող է լինել լողափին արված սելֆին: Եթե ապացույց չկա, ապա Ձեր չեքինները բանի պետք չեն:

 

6. Check-in-ը tag-եր է պահանջում:

Ընկերների կամ սիրելիի հետ հարաբերությունները փչացնելու ձևերից մեկը չեքինի ժամանակ Ձեր ընկերներին tag անելն է։ Ասեմ ավելին՝ հարաբերությւոնները հաստատ կարող են փչանալ նաև tag չանելու արդյունքում: Հիշե՜ք՝ երբ դիմացինդ պնդում է իրեն tag անել, իսկ դու դա չես անում, սկսվում է դրաման: Մի խոսքով, նախքան ընկերական միջավայրում չեքինվելը՝ լավ մտածեք:

 

7. Check-in-ն ինչ-որ չափով մարդու աձնական կյանքի իրավունքի խախտում է:
Սա վեցերորդ կետի շարունակությունն է: Դուք ժամադրության եք եկել Ֆեյսբուքի ամենազիլ տղայի հետ և ուզում եք չեքինվելիս նշել նրան, իսկ նա դեմ է: Մի վիճեք, դա նրա իրավունքն է: Չեքինվեք միայնակ:

 

 

8. Check-in-ն ու պապարացիները:
Եթե Դուք հայտնի մարդ եք և հոգնել եք ավելորդ ուշադրությունից, ապա խուսափեք չեքիններից, որովհետև առանց դիմահարդարման լուսանկաների սիրահար կայքերն անպայման կուղարկեն իրենց թղթակցին Ձեր չեքինի վայր։ Ու ևս մեկ անգամ առանց դիմահարդարման Ձեր լուսանկարը հայտնվի կայքերում:

 

 

9. Check-in-ն ու անդորրի խախտումը:
Երբ չեքին եք լինում, չի բացառվում, որ միևնույն վայրում կլինեն նաև Ձեր օնլայն ընկերներից, ովքեր առիթը բաց չեն թողնի Ձեզ կողքից հետևելու։ Նման դեպքերում  մարդիկ սկսում են ավելի անբնական պահվածք դրսևորել, կարծես տեսախցիկի առաջ  լինեն։ Դա ավելորդ գլխացավանք է, որը կխանգարի Ձեզ ինչպես հարկն է վայելել երեկոն:

 

 

10. Check-in-ը սադրանք է:
Հին չեքինվողները, իհարկե, լավ գիտեն այս կանոնները, ուստի երբեմն կարող են չեքինվել իրենց ընկերներին սադրելու համար: Այս երևույթը հիմնականում հանդիպում է աղջիկների շրջանում, ովքեր չեքինվում են դիտավորյալ՝ իրենց երկրպագուներին գրավելու և դեպքի վայր «ներմուծելու» համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել