Այսօր «168 ժամը» հոդված է հրապարակել «Ովքե՞ր են այդ անգրագիտության հեղինակ «դետոչկինները»» վերնագրով: Հոդվածի հեղինակուհին մեղադրում էր «Ես ու դու» ամսագրին դրամաշորթութան մեջ: Հոդվածում մասնավորապես ասված էր, որ ամսագրի ղեկավարությունը ժողովրդին խաբելով, թե իբր ամսագրի յուրաքանչյուր օրինակից ինչ-որ գումար գնում է մանկատան երեխաներին, կարողացել է վաճառք ապահովել իրենց «անգրագետ» ամսագրի համար: 
Նախ «անգրագիտության» հետ կապված. ես բավականին երկար ժամանակ աշխատել եմ «Ես ու դու»-ում` որպես խմբագիր, ու վստահ կարող եմ ասել, որ ամսագրի խմբագրության հավաքարարն անգամ ավելի գրագետ է, քան էս հոդվածի հեղինակը կամ հեղինակները: Սա ուղղակի:
Հոդվածագիրը լուրջ մեղադրանք է ներկայացրել ամսագրին, մեջբերում եմ. «Մարդկանց մի խումբ, որոնք, մանկատներին բարեգործություն կատարելու հանգամանքը շահարկելով, փորձում են դրամներ կորզել»:
«168 ժամի» բոլոր անհիմն փաստարկների դեմ ես ունեմ իմ հիմնավոր հակափաստարկները: Ամսագրի յուրաքանչյուր օրինակից մանկատներին է հատկացվել գույք, խաղալիք, հագուստ: Այդ ամենի համար խմբագրությունն ունի համապատասխան փաստաթղթեր եւ վիդեոձայնագրություններ: 
«Ես ու դու» ամսագիրը կոմերցիոն նախագիծ է, ոչ թե բարեգործական կազմակերպություն, իսկ մանկատներին տրված գումարը միայն ղեկավարության կամքն է:
Հոդվածի մեջ չկար գոնե մեկ տող, որի հետ կարելի էր համաձայնել: Հոդվածում ասված է. «Պարզվում է` ամսագիրը պատրաստվում է ինչ-որ բնակարանում, որի հասցեն է Ավան, Թումանյան թաղամաս 7/1 շ. 30բն.»: Չգիտեմ, թե լրագրողուհու դատարկ երեւակայությունն ինչի համար է նրան հուշել, որ ամսագիրը պատրաստվում է այդ հասցեում: Եթե լրագրողուհին տիրապետեր լրագրության համար ամենատարրական նորմերին, ավելի ուշադիր կկարդար եւ կիմանար, որ դա խմբագրության Ա.Ձ.-ի իրավաբանական հասցեն է:
«Ուշադրություն. Ամեն վաճառված ամսագրի հասույթի մի մասը տրամադրվում է ՀՀ մանկատներից մեկին»,- զետեղված է ամսագրի վերջին էջում, որտեղ հեռախոսահամար գոյություն չունի: Միայն գրված է՝ «Գովազդների, բողոքների համար հեռախոսահամար 010203013»
Բա էդ գովազդների ու բողոքների համար հեռախոսահամարը, հեռախոսահամար չի՞: Եթե տեղյակ լինեինք, որ «168 ժամը» կնեղվի մեր` հատուկ իր լրագրողի համար առանձին հեռախոս չունենալուց, գուցե լուծում տայինք էդ հարցին, բայց դե հիմա ո՞վ է անսխալական:
Կրկնում եմ, խմբագրությունում կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ապացուցում են անձնակազմի բաց եւ մաքուր գործունեությունը: Ուղղակի ցավալի է, որ կամաց-կամաց համաձայնում ես էն հուսահատ մարդկանց հետ, որ մեր երկրում ոչ մի լավ բան անել չի կարելի, որովհետեւ միշտ գտնվում են «168 ժամի» լրագրողուհու նման մարդիկ, միշտ գտնվում են պատվերով լրատվամիջոցներ: Չի կարող հենց այնպես անցնել այն, երբ մի ամբողջ կազմակերպության մեղադրում են նման ստորություններում, խաղում են տարիներ շարունակ իրենց ազնիվ ու նվիրված աշխատանքով աչքի ընկած մարդկանց անվան հետ:

Հ.Գ. Խորհուրդ լրագրողուհուն. մեզ վարկաբեկելու համար ստացած հոնորարի մի մասով էլ դուք ինչ-որ բարի գործ արեք, որ ձեր կատարած «զակազը» քավեք:

Շարունակելի

Էդգար Կոստանդյան
«Ես ու դու» ամսագրի նախկին խմբագիր

«168 ժամի» հրապարակումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել