Որքան էլ ամսական երկու հազար այցելությունը չգերացանցող պրո-քոչարյանական մանր ու միջին լրատվամիջոցները փորձեն Վարդան Օսկանյանին մեսսիայի փայլ հաղորդել ու պնդել, որ հենց Օսկանյանն է այն ֆիգուրը, որի շուրջ հասարակական ու քաղաքական լայն կոնսոլիդացիա է լինելու, այնուամենյանիվ պետք է փաստել, որ մի ամբողջ թիմի վերածնունդը վստահել մրոտ անցյալով ու անորոշ ապագայով Օսկանյանին, բավական վիճելի քայլ էր քոչարյանականների կողմից:

Նման ընտրությունն, իհարկե, վկայում է նաև կադրերի ու դեմքերի սուր դեֆիցիտի մասին, երբ փաստացի փորձում են ընտրել, ոչ թե լավերից լավին, այլ՝ վատերից լավին: Քոչարյանականները նաև փորձում են պատրանք ստեղծել, որ Օսկանյանի դեմ իշխանություններն արշավ են անում, որովհետև նա սպիտակ ֆիգուր է, և իշխանությունները վտանգ են տեսնում նրա մեջ ու ուզում են օր առաջ խոչընդոտել, որպեսզի նա կարողանա իր շուրջ հավաքել ժողովրդին... բայց սա ի սկզբանե կաղացող տարբերակ է նախ այն պատճառով, որ Օսկանյանը հավասարապես կիսում է քոչարյանական ժամանակաշրջանում կատարված բոլոր ապօրինությունների մեղավորությունը, մարդ է, ով այդ ամենը լուռ հանդուրժել ու պարբերաբար նաև արդարացրել է:

Բացի այդ, Օսկանյանը երբեք ժողովրդականություն չի վայելել, երբեք սպիտակ խաղացող չի համարվել ու նաև պարբերաբար հասցրել է հայտնվել հասարակության պարսավանքի թիրախում, երբ, օրինակ, ազատագրված տարածքներին գրավյալ որակումն է տվել կամ մարտի 1-ի դեպքերի փաստաբանությունն է իր վրա վերցրել:

Այս արշավի շրջանակներում քոչարյանական ռեսուրսներն սկսել են ասպարեզ նետել տարատեսակ քառակուսի հոդվածներ, որոնց հիմնական մեխը Մարտի 1-ի գործում Սերժ Սարգսյանի մեղավորությունն ու Քոչարյանի «չմեղավորությունն» են: Դրանցով փաստացի փորձ է արվում մաքրել Օսկանյանի ու Քոչարյանի քաղաքական անցյալի մութ կետերը, որպեսզի հնարավոր լինի Օսկանյանին ասպարեզ մտցնել որպես ընդդիմադիր լիդեր ու ժողովրդական առաջնորդ։ Այսօր կարդալով այդպիսի հոդվածներից մեկը՝ ցանկացա պատասխանել բերված թեզիսներին ու կիրառված հռետորաբանությանը։

- Ատելության լեզու

Նախ տհաճ ձևով փորձ է արվում կրկնել 2007-2008 թվականների տերպետրոսյանական ծայրահեղական հռետորաբանությունը, երբ կիրառվում են, ըստ իս, անթույլատրելի «հիտլեր», «գեբելս» «երիտթուրքեր» եզրույթներ։ Սա ի սկզբանե անմտություն է, որովհետև «երիտթուրքական» տրամաբանությամբ իշխանական համակարգի անքակտելի մաս էլ հանդիսացել է հենց Օսկանյանը։ Եթե այդ ատելության լեզվով ենք խոսում ու համակարգի գլխում պայմանական «Թալեաթ» է, ապա Օսկանյանն էլ նույն այդ համակարգի ինչ-որ պայմանական «Դոկտոր Նազըմն» է։

- Սարգսյանը՝ Մարտի 1-ի գլխավոր շահառու

Հոդվածագիրը փորձում է համոզել, որ մարտի 1-ի գլխավոր շահառուն Սերժ Սարգսյանն էր, որովհետև նրա երազանքն էր դառնալ նախագահ: Սակայն հոդվածագիրը մոռանում է այն փաստը, որ եթե Սարգսյանի համար իր նախագահ դառնալը երազանք էր, ապա Քոչարյանի համար դա կենսական նշանակություն էր ու, եթե Սերժ Սարգսյանը չհաջորդեր նրան, ապա Քոչարյանին կսպառնար ԼՏՊ-ի առաջարկած բավական ցավոտ հեռանկարը: Ուստի Քոչարյանն ամեն գնով՝ անգամ արյան, պետք է այնպես աներ, որ իշխանությունը հանկարծ ընդդիմության ձեռքը չանցներ, ու իրեն հաջորդողը նրան անվտանգության հստակ երաշխիքներ տար, ինչն, ի դեպ, Սարգսյանն արեց:

- Պուտին-Մեդվեդև-Պուտին

Արյունահեղությունն, առհասարակ, միայն Քոչարյանի շահերից էր բխում՝ հաշվի առնելով իր իսկ քարոզիչների առաջ քաշած Պուտին-Մեդվեդև-Պուտին սցենարի հիշատակումը։ Եթե Սերժ Սարգսյանին չէին սիրում, ապա Քոչարյանից սարսափում էին ու ատում էին նրան։ Որպեսզի ատելի Քոչարյանը դառնար ավելի հանդուրժելի «Պուտին», այս սցենարում պետք էր այդքան էլ «չսիրված», բայց հաստատ ոչ այդքան ատելի Սարգսյանին դարձնել «Մեդվեդև», որպեսզի նրա վերադարձն ավելի դյուրամարս լինի։

Պուտին-Մեդվեդև սցենարում «Պուտինն» ավելի մեծ շահ ունի, քանի որ այդ պարտիան ի վերջո նրան պետք է իշխանության բերի։

- Սարգսյանը հակված է բռնության

Հոդվածագիրը փորձում է Սերժ Սարգսյանին բռնությունների հակված հրեշ ներկայացնել, իսկ Քոչարյանին՝ հանգամանքների զոհ և անմեղ:

Թե ինչպես էին քոչարյանական ժամանակաշրջանում լուծվում խնդիրները, հիշում եք: Եթե չեք հիշում, հարցրեք Պողոս Պողոսյանի հարազատներից: Իսկ ինչպիսին է Սերժ Սարգսյանի ձեռագիրը ամենալարված պահերին, տեսել ենք: Րաֆֆու հանրահավաքներ, 100 դրամի ակցիաներ, «էլեկտրիկ երևաններ»... այս ընթացքում գոնե մեկ վիրավորված քաղաքացու մասին հաղորդում հիշո՞ւմ եք: Առավելագույնը, ինչ կհիշեք, ջրցանն է եղել, ուստի այս թեզը նույնպես տապալվում է:

Արդեն բավական ժամանակ է անցել, ու մի բան արդեն հստակ կարող ենք ասել․ ինչ-ինչ, բայց ընդդիմադիր բողոքի ակցիաներն անարյուն պարպելու հարցում այս համակարգն իրեն հավասարը չունի։

- Իշխանական հիերարխիա և ուժ կիրառելու մոնոպոլիա

Մարտի 1-ի թեման կարելի է եզրափակել նրանով, որ անիմաստ է վիճելն անգամ այն հարցի շուրջ, թե ո՞վ ուժ կիրառելու լիազորություններ ու մեխանիզմներ ուներ՝ ՀՀԿ շտա՞բը, վարչապե՞տը, նախարա՞րը, գեներա՞լը, թե՞ երկրի գերագույն- գլխավոր հրամանատարը։ Քոչարյանն ակնհայտ ավտորիտար հակումներ ուներ ու երբեք թույլ չէր տա, որ ինչ-որ մեկն առանց իր իմացության ու «դաբրոյի» զենք կիրառելու հրաման տար։ Այսպիսով, լուսադեմին Ազատության հրապարակում հավաքվածներին ցրելու հրաման տվողն էլ է Քոչարյանը եղել, արտակարգ դրություն մտցնելու հրաման տվողն էլ է նա եղել, թափված ամեն կաթիլ արյան գլխավոր ու անմիջական պատասխանատուն էլ է նա։

Եվ ընդհանրապես, մի բուռ ընթերցող ունեցող նազիր-վեզիրներին նորմալ «քշել» է պետք, այլապես սեփական անպիտան պիտանելիությունը ապացուցելու համար հազար ու մի հիմարություն են դուրս տալիս հրապարակավ` անիմաստ տեղը մարդկանց նորից հիշեցնելով այն, ինչը պիտի որ ձեռք չտա նազիրվեզիրատերերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել