Ձմռան ամիսներին` առատ տեղումների հետևանքով, հանրապետության գետավազաններում կուտակվել է մեծ քանակությամբ ձյան պաշար: Եթե մարտ-մայիս ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում գրանցվի ու հորդառատ անձրևների պարագայում՝ գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ չիրականացվեն, ապա սելավներն ու հեղեղումները կարող են հսկայական նյութական վնասներ պատճառել:
Հաշվի առնելով գարնանային հնարավոր հեղեղումների վտանգը՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է գետերի և հեղեղատարների տեղամասերն ու ներկայացրել առաջարկություն՝ առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Ֆինանսական միջոցների սղության պատճառով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցներն ու Արաքս գետի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ընտրել և ՀՀ վարչապետի հետ համաձայնեցրել են հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումների ցանկը: Նշենք, որ ջրօգտագործողների ընկերություններում ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մարելու և ջրօգտագործողների ֆինանսական կայունությունն ապահովելու հարցը քննարկվել է կառավարության այսօրվա նիստում:
Նախատեսվող կանխարգելիչ միջոցառումների իրականացման դեպքում խոցելի հատվածներում կկանխվի գետերի ու հեղեղատարների ափերի փլուզումը, գյուղատնտեսական հողերը, բնակելի տները, զորամասերը, շենք-շինությունները զերծ կմնան ողողումներից:

Տվյալ նախագծի նպատակը գետերի և հեղեղատարների 2016 թվականի գարնանային կանխատեսվող հեղեղումների անվտանգ անցկացումն ապահովելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել