Սահմանադրությունը տակնուվրա արեց Հայաստանում քչից-շատից կայացած ՏԻՄ ոլորտը, իսկ նոր ընտրական օրենսգիրքը դնում է ոլորտի լիարժեք քաղաքականացման եւ վախճանի դրոշմակնիքը: 1996 թվականին ընդունված ՏԻՄ օրենքը խոցելի տեղեր էլ ուներ, բայց այն որ համայնքի բնակիչը ուղիղ ընտրությամբ ընտրում էր իր համայնքի ղեկավարին եւ ավագանուն՝ ժողովրդավարության հիմքն էր, բնակիչը՝ քաղաքացին պահանջատեր էր համայնքի ղեկավարից, իսկ վերջինս հաշվետու /իհարկե, ոչ միշտ/: Ավագանին ապաքաղաքական մարմին էր, համայնքի հոգսերով մտահոգ յուրաքանչյուր կարող ու ունակ մեկը կարող էր առաջադրվել ու ընտրվելու պարագայում աշխատեր հանուն համայնքի ու համայնքի բնակչի շահի: Նոր օրենսգրքով, ենթադրվում է, որ ավագանեւ անդամը պետք է առաջադրվի ՏԻՄ ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած որեւէ քաղաքական ուժի կողմից, իսկ ընտրված ավագանու կազմից կընտրվի համայնքի ղեկավար: Բայց դե վանաձորցին փորձառու է ընտրությունների հարցում, դրա վառ ապացույցը վերջին 4 համապետական ընտրությունների արդյունքներն են: Կարիք չկար քաղաքականացնել ՏԻՄ ոլորտը, դա շատ վտանգավոր կլինի նաեւ համայնքի հետագա զարգացման համար, յուրային ավագանին երբեք չի ընդդիմանա իր կողմից նշանակաված քաղաքապետին: Վանաձորի քաղաքապետի կարգման հարցում «դաբռոն» կայացվել է: Ասեմ, որ այն ստացած, քաղաքապետի բնորոշմամբ մեծահամբավ գործարարին տարների իմ ակտիվ լրագրողական գործունեության ընթացքում երբեք չեմ հանդիպել, երբեք չեմ լսել, որ նա բացի իր սեփական բիզնեսից համայնքի որեւէ խնդրով մտահոգվի, բարեգործություն անի կամ նման մի բան: Իսկ հիմա նա թափով կպել է Վանաձորում ՀՀԿ-ական հերթական լրատվամիջոցի վերազինման «հայրենանվեր» գործին, որը դաբռոյի բաղկացուցիչ մասերից մեկն է, պիտի հիմիկվանից շնորհակալ լինի, չէ՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել