«Բարի լույս, սրճենք». արթնանում ենք՝ սո՜ւրճ, հանդիպում ենք մարդկանց` սո՜ւրճ, առերեսվում նյարդերի հետ` կրկի՛ն սո՜ւրճ։ Մուտքը ինտերնետ՝ սուրճով, համալսարան՝ պարտադիր սուրճով, աշխատասեղանի անբաժանելի մա՜սը նույնպես սու՜րճն է. սու՜րճ, սու՜րճ ամենուր, համատարած։ Մեր կյանքը պարզապես ողողված է այս ըմպելիքով: Նույնիսկ եթե սուրճի սիրահար չեք, միևնույն է՝ պիտի սրճեք, քանի որ շուրջբոլորը սրճարբած ու սրճաքաղց զոմբիներ են:


 

Սուրճն արդեն դարձել է անբաժան մի բան, որը լավագույն ընկերոջ պես «հասնում է» յուրաքանչյուր պահի: Սրճելը դարձել է պաշտպանական ակտ, ու այնքա՜ն հաճելի:
Եվ, ինչպես մեր կենցաղ ներխուժած ու այնտեղ ամուր արմատներ գցած ամեն երևույթ, սուրճն էլ ունի որոշակի «լեգենդներ» իր շուրջ:


Սուրճ և ծխախոտ՝ վտանգավոր համադրություն

Սրճելիս հաճելի է ծխել, ու շատերը չեն էլ կասկածում՝ որքան  վատ համադրություն է դա: Իրականում նիկոտինն ունի կոֆեինը օրգանիզմից շատ արագ հանելու բացառիկ հատկություն: Հետևաբար, ծխելը պարզապես ցանկություն է առաջացնում ավելացնել սուրճի չափաբաժինը:

Սրճեմ՝ խումհարից ուշքի գամ

Իրականում սուրճը ոչ մի կերպ չի կարող ուշքի բերել խումհարից: Իհարկե, հավանական է թեթևություն զգալ, սակայն դա կապված է միայն ու միայն մեր գիտակցության հետ: Խումհարից դուրս գալ կօգնի միայն այն, ինչի արդյունքում հայտնվել եք այդտեղ։ Դե, իհարկե, ալկոհոլը, սակայն դա արդեն այլ պատմություն է։

Քաղցկեղը սրճամոլին չի վախեցնի

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը բնավ էլ քաղցկեղի բուն չէ մարդկանց համար: Իհարկե, որոշ կենդանիների օրգանիզմում կոֆեինի ընդունումից հետո հայտնաբերվել են քաղցկեղի հետքեր, սակայն մարդու հետ այդ տվյալները ոչ մի կապ չունեն: 

Խե՜ղճ սրտանոթային համակարգ

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի չափավոր օգտագործման դեպքում (օրվա մեջ՝ 2-4 բաժակ) սրտանոթային համակարգի համար կարելի է չանհանգստանալ։ Այն չի կարող դառնալ տարատեսակ հիվանդությունների պատճառ: Սուրճի օգտագործման և սրտի կաթվածների միջև մտացածին կապն էլ դեռևս ոչ մի փորձաքննությամբ չի հաստատվել:

Սրճեմ՝ արթնանամ

Սուրճի հատիկներում առկա կոֆեինը ոչ թե առույգություն է փոխանցում, այլ կանգնեցնում ուղեղի արգելակման պրոցեսները: Սակայն որոշ ժամանակ անց կոֆեինը զիջում է դիրքերը, և  արդյունքում սկսում ենք նորից քնկոտություն զգալ։ Փաստորեն, առաջին քառասուն րոպեն մենք սթափվում ենք, բայց հետո նորից ձգտում հորիզոնական դիրքի: Սակայն ուղեղում խրված է միայն հետևյալ միտքը. «Վե՜րջ, հիմա կարթնանամ, կսթափվեմ ու կանցնեմ գործի»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել