Արվեստանոց եմ ուզում։ Ընդարձակ, լուսավոր ու միայն իմը։ Որ երբ ուզեմ, ինչ ուզեմ ու ինչքան ուզեմ, փռեմ, թափեմ, շարեմ, լցնեմ ու էդպես թողնեմ, ու ոչ ոքի չխանգարի էդ ամենը. ոչ ոք չասի՝ հավաքի, էս ի՞նչ վիճակ ա, կամ՝ ամբողջ սեղանը զբաղեցրել ես, մի քիչ տեղ ազատի, ու նման բաներ։ Որ ստիպված չլինեմ ամեն անգամ մուսայիս գլխին տալով՝ լռեցնել, որովհետև ճաշի ժամն է, կամ՝ տղաս հիմա ձեռքը կգցի, կքաշի, կթափի, կպատռի, կփչացնի... Արվեստանոց եմ ուզում, որտեղ մուսաս ոչ թե անպատեհ ժամանակ այցելած անկոչ հյուր կլինի, այլ ազատ ու անկաշկանդ տանտեր։

Փոքր ժամանակվանից միշտ երազել եմ իմ սենյակն ունենալ, էդպես էլ երբեք չեմ ունեցել։ Վաղուց արդեն չեմ երազում դրա մասին։ Վերջերս հասկացա, որ ինձ հիմա ոչ թե առանձնասենյակ է պետք, այլ հենց արվեստանոց։ Իբր, պահանջներս փոքրացել են, էլի. ուզածս ընդամենը մի հատ պուճուրիկ ընդարձակ արվեստանոց է։ Մի հատ մեծ սեղան լինի, մի հատ էլ աթոռ, հերիք է։ Մնացածը՝ ձեռի հետ։ 

Ափսոս, էնպիսի բան էլ չի, որ մարդիկ իմանան, ասենք, հաջորդ ծնունդիս կամ Նոր տարուն նվիրեն։ :D

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել