ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական կայքէջում շարունակվում է հայ-թուրքական սահմանը սիրիահայերի համար բացելու կոչով ստորագրահավաքը: Նախաձեռնության հեղինակը Դանիել Իոաննիսյանն է: Նա «Ժառանգություն» կուսակցության անդամ է, բայց սա իր անհատական նախաձեռնությունն է: Արդեն հավաքվել է 534 ստորագրություն:

«Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ անկախ ազգության և քաղաքացիության: Վերջնաժամկետը փետրվարի 4-ն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Դանիել Իոաննիսյանը: Նա կարևորել է իր նախաձեռնությունը, քանի որ հայ-թուրքական բաց սահմանով սիրիահայերը կարող են արագ ու հեշտությամբ Հայաստան տեղափոխվել:
Օդային ճանապարհով Հայաստան գալը դժվար է, քանի որ թռիչքներ իրականացնում են միայն սիրիական ավիաուղիները` սահմանափակ քանակությամբ տոմսերով, իսկ ցամաքային ճանապարհը երկար է ու դժվար, քանի որ ստիպված են անցնել Թուրքիայի, Վրաստանի տարածքով:
«Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի բացման դեպքում Հալեպից Երևան հնարավոր կլինի հասնել 8-10 ժամում»,- ասում է սահմանի բացման կոչով ստորագրահավաքի հեղինակ Դանիել Իոաննիսյանը:

Եթե 30 օրվա ընթացքում հավաքվում է 25 հազար ստորագրություն, նախաձեռնությանը պարտադիր ընթացք է տրվում: Բայց կան նախադեպեր, երբ նախաձեռնություններն արձագանք են գտել նույնիսկ մի քանի հարյուր ստորագրության դեպքում:

Ստորագրահավաքին կարող են միանալ ոչ միայն սիրիահայերը, այլև ցանկացած ազգության ու երկրի քաղաքացի: Նախաձեռնության հեղինակը ոչ այնքան ակտիվ մասնակցությունը բացատրում է ստորագրահավաքի տեխնիկական բարդություններով, իսկ սիրիահայերի պասիվությունը Սիրիայում ինտերնետի բացակայությամբ է պայմանավորում:

«Նախաձեռնությունը բավականին լայն արձագանք է գտել Թուրքիայում»,- ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ինքն անձամբ բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստացել, որոնց միջոցով փորձ է արվել ճշտել` որքան մարդ է Հայաստան գալու ցանկություն հայտնել:
Թեման առանց մեկնաբանությունների, տեղեկատվության տեսքով տեղ է գտել թուրքական մամուլում, առաջիններից արձագանքել են «Միլիեթն» ու «Հաբերթյուրքը»:
Արտակ Շաքարյանը կարծում է, որ խորքային արձագանք կլինի ավելի ուշ: Ինքը` թուրքագետը, նախաձեռնությունը հետաքրքիր, միաժամանակ վտանգավոր է համարում:
Հետաքրքիրն այն է, որ մենք ոչ թե արձագանքողի, այլ նախաձեռնողի դիրքերից ենք հանդես գալիս: Այն հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ միջազգային ասպարեզում խոսել հայ-թուրքական խնդիրների մասին, որոնք միայն Ցեղասպանության ճանաչումով չեն սահմանափակվում: Բայց նախաձեռնությունը թուրքագետի մոտ նաև մի շարք հարցեր է առաջացնում` արդյո՞ք Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը նույնիսկ այս սահմանափակ ենթատեքստով, արդյո՞ք մեր միգրացիոն ծառայությունները պատրաստ են ընդունել փախստականների, որոնց թվում սիրիահայերից բացի կարող են լինել արաբներ:
Նախաձեռնության հեղինակը իշխանությունների հետ հարցը չի քննարկել, ասում է, որ նշված ռիսկերին ուղղակի պետք է դիմագրավել:
Ինչ վերաբերում է արաբ փախստականներին, ապա, նրա կարծիքով, Հայաստանը նրանց համար այնքան էլ գրավիչ երկիրը չէ, թեկուզ հենց լեզվական խնդիրների պատճառով: Նա համոզված է, որ իր նախաձեռնությունը օգուտ կբերի երկրին, եթե այն մեր դիվանագիտությունը ճիշտ օգտագործի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել