Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին համարվում է Երևանի ամենահին կանգուն մնացած եկեղեցին և թվագրվում է 13-րդ դարով։ Գտնվում է Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում, և փաստորեն միակ եկեղեցին է, որը կանգուն է մնացել Երևանում` 1679 թվականի ահարկու երկրաշարժից հետո:

Եկեղեցին ուշագրավ պատմություն ունի. մինչ այդ երկրաշարժը իրար կողքի կանգնած են եղել երկու առանձին եկեղեցիներ` Կաթողիկեն և Սբ. Աստվածածինը, որը կարելի է տեսնել նաև 17-րդ դարում տարբեր ճանապարհորդների կողմից արված Երևանի պատկերներում: Երկրաշարժից հետո կանգուն է մնացել Սբ. Աստվածածինը, իսկ երբ եկեղեցական համալիրը կրկին վերաշինվում է 1693-1695 թթ.՝ ապա Սբ. Աստվածածին եկեղեցին թողնում են կենտրոնում (նկարում):

Այդ ժամանակ հեռացվում է Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի կենտրոնական հատվածը, և հին եկեղեցին վեր է ածվում արդեն կցակառուցված նոր եկեղեցու` Կաթողիկեի ավագ սեղանի: Կաթողիկե եկեղեցին քանդվեց խորհրդային տարիներին` 1936-ին, և որքան էլ որ անհավանական կարող է հիմա դա թվալ, բայց Սբ. Աստվածածնի` որպես առանձին շինության և ավելի հին եկեղեցու գայությունը բացահայտվեց հենց Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ (նկարում):

Սա մի կարևոր հայտնագործություն էր, որի շնորհիվ, կարելի է ասել` փրկվեց ավելի հին Սբ. Աստվածածինը: Աշխարհբեկ Քալանթարի և այլ գործիչների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ այն ժամանակ հասնել նրան, որ ի հայտ եկած 13-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցին ոչ թե քանդվի Կաթողիկեի հետ միասին, այլ պահպանվի՝ ընդամենը «ազատվելով» Կաթողիկե եկեղեցու մնացորդներից: 1938-ին եկեղեցու մոտ կառուցվեց Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախկին շենքը (նկար 2), և Սբ. Աստվածածինը մնաց շենքի բակում: Իսկ 2009-ին քանդվեց նաև այդ շենքը, և ներկայումս Սբ. Աստվածածինը ներառված է Սուրբ Աննա նորակառույց եկեղեցական համալիրի մեջ (նկարում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել