Շատերի մտքով անգամ չի անցնում, թե ինչ ծագում ունի այն մսամթերքը, որն օգտագործում ենք ամեն օր: Որտեղի՞ց ենք գնում, որքանո՞վ է անվտանգ շուկայում և սուպերմարկետում վաճառվող միսը:
Թոշակառու Անժելա տատիկը պատմում է՝ մի քանի օր առաջ մոտակա մսի կրպակից գնել է 1 կգ միս, ճաշ է պատրաստել: Համտեսելիս ոչ մի տարօրինակություն չի զգացել, բայց ժամեր անց արդեն հիվանդանոցում էր. << Գնված մսի, ավելի ճիշտ, դրա ժամկետն անց լինելու պատճառով ստացել եմ սննդային թունավորում, ցավոք, այդպես էլ չկարողացա ապացուցել թունավորմանս գլխավոր պատճառը>>:Նմանատիպ պատմությունները շատ են, իսկ բոլորի սցենարները գրեթե համընկնում են:
Մսամթերքի որակի վերահսկողության նպատակով սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները տարվա ընթացքում մի քանի անգամ անցկացնում են ստուգումներ: Հազարավոր կետեր տուգանվում են, սակայն ամիսներ անց իրավիճակը նույն է: Ծառայության մասնագետները մսավաճառներին զգուշացնում են, որ խախտումների դեպքում նրանք կզրկվեն վաճառքի իրավունքից, սակայն այս խոսքերը, չգիտես ինչու, մնում են օդում կախված: Այս դեպքում, կարելի է ասել, մեր առողջությունը հանձնվում է վաճառողների խղճին: Դիետոլոգ Մերի Դավդյանը մեր իսկ անվտանգության համար խորհուրդ է տալիս ուշադիր լինել մսամթերք գնելիս: –<<Հարկավոր է զգուշանալ կասկածելի ծագմամբ մսեղենից, անպայման նայել ժամկետը, եթե այն փաթեթավորված է : Մեր հասարակությունը մտածում է, որ մսամթերքից հավի միսն առավել հեշտ է մարսվում և առողջության համար քիչ է վնասակար: Այդ պատճառով էլ ընտրություն կատարելիս, մանավանդ՝ հիվանդի համար ուտելիք պատրաստելիս, վստահաբար խորհուրդ ենք տալիս հավի միս գնել: Սակայն հավի միսն ամենադժվարամարսն է. եթե տավարի միսը մարսվում է 6 ժամվա ընթացքում, անյուղ խոզի միսը՝ 5, ոչխարի միսը՝ 7 և ձուկը՝ 2 ժամվա ընթացքում, ապա հավի միսը պահանջում է առնվազն 8 ժամ և, մասնագետների բնութագրմամբ, բավականին թանկ է նստում մարդու օրգանիզմի վրա՝ հեշտ ու անհետևանք չի մարսվում>>:
Քաղաքում շատ են միս վաճառող կետերը, որտեղ միսը մատակարարում են ավտոմեքենաներով՝ չպահպանելով հիգիենայի տարրական կանոնները: Այդուամենայնիվ, մեր առօրյայում միսը բավականին լայն սպառում ունի: Դժվար է պատկերացնել մարդկանց սննդակարգն առանց մսեղենի (խոսքը բուսակերներին չի վերաբերում): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս սենսացիոն հայտարարություն տարածեց, ըստ որի, կարմիր միսը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ: Իրավիճակը սակայն ողբերգական չէ, ուղղակի պետք է հետևել հետազոտողների կողմից արվող որոշակի ցուցումներին: Մասնագետների պնդմամբ՝ բավականին վտանգավոր են մշակված մսատեսակները՝ լինի ապխտած միս, բեկոն, թե երշիկ:
Արտադրության ընթացքում նրանց մեջ ավելացվում են տարբեր տեսակի կոնցետրատներ, որոնք բավականին վտանգավոր են մարդկանց առողջության համար: Յուրաքանչյուր օր թույլատրվածից 50 գրամ ավել միս օգտագործելը 18 %-ով մեծացնում է աղիների՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Ըստ բժիշկների՝ մեզ համար բավական է ուտել օրական 70 գրամ միս: Իսկ դրանից ավել օգտագործումը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ: Յուրաքանչյուր տարի 50 հազար մարդ է մահանում չափից ավելի շատ և կոնցետրատներով հարուստ միս օգտագործելու պատճառով:Առողջությունը թանկ է, ավելի թանկ, քան այն մսամթերքը, որը կգնեք այն սննդի կետերից, որոնք կերաշխավորեն դրա անվտանգությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել