1988թ. փետրվարի 13-ից ի վեր Ստեփանակերտի Լենինի հրապարակում ամեն օր հանրահավաքներ էին տեղի ունենում` 40-50 հազար մարդու մասնակցությամբ: Ժողովուրդը պահանջում էր դուրս բերել Արցախն Ադրբեջանի կազմից և վերամիավորել Հայաստանին: Փետրվարի 17-ին Մոսկվայից Ստեփանակերտ վերադարձավ արցախցի մտավորականների պատվիրակությունը, որը ԽՍՀՄ մայրաքաղաքում էր փետրվարի 8-ից: Մարզի բնակչությունը Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան էր պահանջում, որը լուծում կտար հարցին: 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրվեց, որում ընդունվեց որոշում դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Նստաշրջանն, ըստ էության, կանխորշեց Արցախի ազատագրական պայքարը: Սակայն փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն ընդունեց մի որոշում, որն, ըստ էության, հակասում էր ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքին: Խնդրի քաղաքական կարգավորումը Մոսկվան փորձում էր փոխարինել սոցիալ-տնտեսական միջոցառումների կիրառությամբ, ինչն առաջ բերեց մարզի բնակչության բուռն դժգոհությունը: Ժողովրդական պատգամավորների Մարզխորհրդի նստաշրջանը տեղի ունեցով պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների և կուսակցության մարզկոմիտեի առաջին քարտուղար Բորիս Գևորկովի սուր հակադրության պայմաններում:
Ադրբեջանական կողմը մարզի` Հայաստանի հետ վերամիավորման որոշմանը պատասխանեց ագրեսիայով: Հակասությունները շուտով վերաճեցին բաց առճակատման, այնուհետև` տևական այրունահեղ պատերազմի: Այս չոր տեքստը չի կարող փոխանցել այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի Կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին: Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր: Այդ ընթացքում հազարավոր մարդիկ փողոցում, ձյան տակ սպասում էին նրա որոշմանը: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Նրանք դուրս եկան սրահից` միանալով հանրահավաքի հազարավոր մասնակիցների, ովքեր ցնծությամբ ողջունում էին սեփական անկախության և ազատության առաջին րոպեներն ու ժամերը: Ավելի ուշ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանն ընթերցեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել