Panorama.am-ը գրում է.

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պատրաստվում է զբաղվել քաղաքացիների բջջային հեռախոսահամարներին գովազդային նպատակներով ուղարկվող  sms-հաղորդագրություններով, որոնք գրեթե բոլորի համար գլխացավանք են դարձել:

Գովազդային նպատակներով տարբեր ընկերություններից գրեթե ամեն օր բջջային sms-հաղորդագրություններ ենք ստանում, որոնցով դրանք տեղեկացնում են իրենց ծառայությունների կամ նորամուծությունների մասին: Բջջային sms-հաղորդագրություններ են ուղարկում նաև մայր Աթոռ սբ Էջմիածինը, տարբեր նախարարություններ: Պարզվում է` դա իրավախախտում է, եթե բջջային հեռախոսահամարի տերը այդ մասին համաձայնություն չի տվել:

«Գովազդային նպատակներով մեր հեռախոսահամարի օգտագործումն առանց մեր իմացության մեր անձնական տվյալների անօրինական օգտագործում է, և օրենքը այդ կապակցությամբ կարգավորում չի առաջարկում», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք սկսել են զբաղվել խնդրով և հեռախոսային օպերատորների իրավաբանական բաժինների ղեկավարների հետ փետրվարի 15-ին հանդիպում է կայացել գործակալությունում, ներկայացվել է մտահոգող հարցը ու ստացել են պարզաբանումներ:

Դոյդոյանի խոսքով, իրենք հեռախոսային ծառայություն մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին մի քանի տարբերակ են առաջարկել. օրինակ`եթե քաղաքացին չի ցանկանում ստանալ sms-հաղորդագրություն, պետք է հնարավորություն ունենա իր բջջային հեռախոսով հատուկ կարգավորումների ու զանգերի օգնությամբ դուրս գա այդ ցանկից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել