«Հայաստանում նորոձևությունը կաղում է». այս արտահայտությունը հաճախ ենք լսում: Ոլորտի զարգացման նպատակով Երևանում մեկնարկում է «ArmMod Fashion» խորագրով նախագիծը: Այն ուղղված է հայկական արտադրանքի տարածմանը և երիտասարդ ստեղծագործողների մասնագիտական զարգացմանը: BlogNews-ը ներկա է եղել նախագծի շնորհանդեսին:

Կազմակերպիչները նախատեսում են մարտից կազմակերպել նորաձևության ցուցադրություններ, ինչը կկրի պարբերական բնույթ:

Հայկական տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ստելլա Ակլյանը նշեց, որ  ցուցադրությունների ընթացքում իրենց աշխատանքները կներկայացնեն Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երևանի մշակույթի պետական քոլեջի, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներն ու շրջանավարտները:

Նախագիծն ունի «Հայկականը նորաձև է» նշանաբանն ու պրոպագանդելու է հայկական արտադրության հագուստ ու կոշիկներ: Նախագծի հեղինակ և ղեկավար Ռուբինա Գրիգորյանը շեշտեց, որ հատկապես ուսանողները հնարավորություն չունեն ցուցադրություններ կազմակերպելու, իրենք որոշել են ստեղծել այդ հնարավորությունը. «Կօգնենք նաև գովազդի հարցում: Ընտրել ենք ուսանողներին, որպեսզի հայկական բրենդ ձևավորվի»:

Ուսանողների սահմանափակ հնարավորություններից խոսեց նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը. «Ոչ բոլորին է հաջողվում ցուցադրություններ կազմակերպել, չնայած հայտնի մոդելավորողներից շատերը Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ են»:

Նախագծի շնորհանդեսին ներկա էին մի շարք հայտնի մարդիկ:

             

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել